Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԶ ԵՐԿԱՐԱՏԵՎ «ԼՃԱՑՈՒՄ» Է ՍՊԱՍՈՒՄ

Օգոստոս 22,2003 00:00

ՄԵԶ ԵՐԿԱՐԱՏԵՎ «ԼՃԱՑՈՒՄ» Է ՍՊԱՍՈՒՄ Եվ դա ունի իր դրական եւ բացասական կողմերը Մեր բազմաթիվ մոլորությունների եւ ձեւամոլությունների շարքում ամենազավեշտականը «բարոյահոգեբանական մթնոլորտի» մասին պարբերաբար հնչող տրտունջներն են: «Բա առաջ էդպե՞ս էր: Մաքրություն կար, մարդկություն կար»: Իբր՝ երեկ լավ էր, քանց վուր էսօր: Այսինքն՝ կային ժամանակներ, երբ այդ մթնոլորտը ջինջ էր, ազնիվ էր, արդար եւ այլն: Իսկ հիմա՝ թուրքերի, դաշնակների, ԵԽ-ի, Լեւոնի կամ ղարաբաղցիների մեղքով (մեղավորներին կարելի է ընտրել ըստ ճաշակի) այդ մթնոլորտը պղտորվել ու այլասերվել է: Եվ ահա մթնոլորտի երբեմնի մաքրությունը մարմնավորող քաղաքական գործիչները եւ մտավորականները դուրս են եկել պայքարի՝ մթնոլորտը շտկելու, ժողովրդի հավատը վերականգնելու, ազգային նպատակների համար համախմբելու: Մի խոսքով, գիտեք, թե ինչ է նման դեպքերում սովորաբար ասվում: Բայց մի կողմ դնելով այսօրվա գործիչների դերասանությունները եւ երեսպաշտությունը, եկեք դառնանք խնդրի էությանը: Իսկ էությունը հետեւյալն է. սովորական, կայուն վիճակում բարոյահոգեբանական մթնոլորտը Հայաստանում միշտ էլ նույնն է եղել: Դա կհաստատի յուրաքանչյուր մարդ, որն ապրել է Հայաստանում եւ չի ուզում ինքն իրեն կեղծել: Իմ գիտակից կյանքը սկսվել է 1974-75 թվականներին: Ինչպիսի՞ մթնոլորտ էր այն ժամանակ: Մի կողմից՝ պաշտոնական երեսպաշտություն եւ դերասանություն՝ կոմունիզմի շինարարների բարոյական կոդեքսի եւ այլ հիմարությունների շուրջ, մյուս կողմից՝ իրական կյանք եւ իրական հասարակական կարծիք, որը մարդկանց բաժանում էր երկու մասի. ա) «շուստրի», «աչքաբաց», «գործ դզող» եւ «հարց լուծող», բ) «հարիֆ», «դոդիկ», «յոնջա ուտող» եւ «կորժիկով յոլա գնացող»: Եթե «ցեխավիկ» էիր, «կամիսիոնկի տեր» էիր, դատախազ, քննիչ, ոստիկան էիր, եթե նոմենկլատուրային մտավորական էիր, եթե մեջք ունեիր «ցեկայում», ուրեմն պատկանում էիր մարդկության առաջին՝ «լավագույն» կեսին: Եթե ինժեներ էիր, ուսուցիչ կամ կրտսեր գիտաշխատող, ուրեմն արհամարհված էիր հասարակության կողմից: Իսկ հիմա ասեք, թե ի՞նչն է փոխվել Հայաստանի բարոյահոգեբանական մթնոլորտում վերջին 30 տարվա ընթացքում: Իհարկե, կարելի է առարկել, որ բոլշեւիկյան տեռորի ժամանակ մթնոլորտն այդպիսին չէր: Բայց դա բացառիկ, էքստրեմալ ժամանակաշրջան էր, երբ պետությունը, հանուն ինչ-որ ուտոպիստական գաղափարների, անասելի դաժանությամբ ճնշում էր մարդկանց հարստանալու եւ բարեկեցիկ ապրելու՝ իր հիմքում առողջ, կառուցողական բնազդը: Ե՞րբ կուզենայիք ապրել՝ 1937-ի՞ն, երբ մարդիկ իրար վրա «դանոսներ» էին գրում եւ հազարներով գնդակահարվում ու աքսորվում, թե՞ 1974-ին՝ «գորշ» ու «ցինիկ» բարոյահոգեբանական մթնոլորտում, որում բնակչությունը, այնուամենայնիվ, ինչ-որ կերպ գլուխը պահում էր: Հաջորդ էքստրեմալ ժամանակաշրջանը, երբ մթնոլորտը Հայաստանում այլ էր՝ 1988-90 թվականներն են: Ինչ խոսք, ազգին ժամանակ առ ժամանակ պետք են նման ինքնամաքրման, ինքնահաստատման պահեր: Բայց նախ՝ նման պահերը երկար չեն կարող տեւել՝ թե չէ մենք կգանք Տրոցկու «պերմանենտ հեղափոխության» գաղափարին: Երկրորդ, հեղափոխությունն ու պատերազմը ծնում են թե՛ փառապանծ հերոսների եւ նվիրյալների, թե՛ ծայրահեղ տականքների: 88-ի ամռանը «Ղարաբաղ» կոմիտեի կոչով «Զվարթնոց» օդանավակայան գնացած Խաչիկ Զաքարյանը սպանվեց խորհրդային ոստիկանների կողմից, իսկ նրա եղբայր Արմեն Զաքարյանը հետագայում դարձավ դաշնակցական քիլլեր եւ դաժանորեն սպանեց ամուսնական զույգին: Երկուսն էլ անկեղծորեն համոզված էին, որ իրենք ազգի նվիրյալներ են եւ հերոսներ: Հավաբանար, Նաիրի Հունանյանն էլ է այդպես կարծում: Հերոսական, հեղափոխական ժամանակներում բոլորն իրար, կարծես թե, հավասար են: Դա եւ լավ է (համախմբվելու, իրար թիկունք կանգնելու առումով), եւ վատ՝ դեստրուկտիվ բնազդներ ունեցող ցանկացած հավակնոտ ոչնչություն լայն հնարավորություններ է ստանում դուրս գալու ջրի երես՝ արյունոտ փառք ձեռք բերելով, իրեն գերմարդ զգալով: Ինչեւէ, հերոսական ժամանակաշրջանը իր դրականով եւ բացասականով՝ ավարտվեց: Մոտակա տասնամյակներում 88 թվական այլեւս չի լինելու: Սկսվել է երկարատեւ «լճացման» ժամանակաշրջանը՝ նույնպես իր լավ ու վատ դրսեւորումներով: Մարդիկ ապրում են իրենց առօրյա հոգսերով եւ, ինչ էլ խոսեն, ունեն մեկ գլխավոր նպատակ՝ ապահովել իրենց եւ իրենց մերձավորների բարեկեցիկ կյանքը: Այդպիսին է բարոյահոգեբանական մթնոլորտը: Պարզապես այսօր, ի տարբերություն 1960-70-ական թվականների, մենք, հետապնդելով մեր անձնական շահերը, հնարավորություն ունենք մշակելու խաղի կանոններ, պայմանավորվելու, որ իրար չուտենք: Դա կոչվում է «շուկայական հարաբերություններ», կոպիտ ասած՝ կապիտալիզմ: Եթե կարողանանք պայմանավորվել, մեր շահերը համադրել, մեկ էլ տեսար՝ մթնոլորտն էլ փոխվեց: ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել