Մաթեմատիկայից լավ ենք, քիմիայից՝ վատ Պետպատվերի տեղերն ավելացել են Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալ Վիկտոր Մարտիրոսյանին խնդրեցինք պարզաբանել, թե ինչն էր անցյալ տարվա մաթեմատիկայի այդքան աղմկահարույց քննությունների պատճառը, եւ ինչպես պատահեց, որ այս տարի, անցյալ տարվա համեմատ, բարձր ցուցանիշներ ունեցանք միայն մաթեմատիկա առարկայից: «Անցյալ տարվա մաթեմատիկայի քննության շուրջ ծավալված աղմուկի հիմնական պատճառն այն էր, որ տարբերակները բավական անհամասեռ էին (կամ շատ բարդ, կամ շատ պարզ-Հ. Բ.): Դժգոհություններ եղել են նաեւ մոտեցումների առումով: Անցյալ տարվա փորձն ունենալով, տարբերակների հարցում դրել ենք հետեւյալ խնդիրը. դրանք չպետք է ունենան այնպիսի բարդություն, որ դժվարություն առաջացնեն: Ոչ ես, ոչ նախարարը ողջ քննությունների ընթացքում ինչ-որ բան ապացուցելու կամ ինչ-որ բան ավելի լավ անելու, քան արել են նախորդները, խնդիր չենք ունեցել: Մեր խնդիրն է եղել կազմակերպել նորմալ քննություններ եւ անել հնարավորինը, որ այդ քննություններն անցնեն օբյեկտիվ, թափանցիկ: Գնահատականներ տալը հասարակության եւ լրատվամիջոցների խնդիրն է: Չեմ ուզում ասել, որ նախկինները լավ չեն աշխատել: Իսկ ցածր ցուցանիշներ (բացի մաթեմատիկայից, մնացած բոլոր առարկաների դեպքում-Հ. Բ.) ունենալու փաստը բացատրվում է գնահատման օբյեկտիվությամբ: Հանձնաժողովները գիտեին, որ իրենք ոչ միայն գործող նորմերի սահմաններում են աշխատում, այլ կա նաեւ մասնագիտական աչք, որը հետեւում է, որ իրենք լինեն առավել աչալուրջ»: Պրն Մարտիրոսյանի այն բացատրությունից, թե ցածր ցուցանիշը օբյեկտիվ գնահատման արդյունք է, կարելի է եզրակացնել, որ կամ այս տարի օբյեկտիվ չեն գնահատվել մաթեմատիկայի քննությունները, կամ էլ մեր ազգը միայն մաթեմատիկայից է ուժեղ: Արդեն որպես Կրթական բարեփոխումների կենտրոնի տնօրեն պրն Մարտիրոսյանը, նկատի ունենալով Բժշկական համալսարանի հանդեպ այս տարի նկատվող հետաքրքրության պակասը եւ ցածր ցուցանիշները հատկապես քիմիայից, ինքնաքննադատաբար ասաց. «Երկու առարկաների պարագայում՝ ֆիզիկայի եւ քիմիայի, եւ հատկապես վերջինիս, հանրակրթական դպրոցը լուրջ անելիք ունի: Դա կապված է եւ՛ դասագրքերի որակից, եւ՛ ծրագրերի որակից, եւ՛ ուսուցիչների պատրաստվածությունից: Բացի այդ, ծանրաբեռնվածության առումով տարբեր դիմորդներ տարբեր ֆակուլտետներ դիմելիս այսօր տարբեր բեռ են տանում: Այն դեպքում, երբ բոլորն էլ միեւնույն խնդիրն են լուծում՝ ընդունելության: Այստեղ էլ պետք է շտկումներ մտցվեն՝ առարկաների ծանրաբեռնվածության առումով»: Եվ վերջում մեկ ուրախալի լուր դիմորդների համար: Կառավարությունն իր երեկվա նիստում որոշում է ընդունել ՀՀ ԿԳՆ-ին հատկացված 2003-2004 ուստարվա պետպատվերով ուսուցման տեղերի թիվը 149-ով ավելացնելու վերաբերյալ: Ավելացված տեղերի հաշվին բուհեր ընդունված ուսանողների 2003 թ. սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների անվճար ուսուցումն ապահովելու համար ՀՀ Կրթության եւ գիտության նախարարությանը հատկացվել է 7500 հազար դրամ՝ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ