Լրահոս
Օրվա լրահոսը

Փախստականներին՝ հանրակացարան,բնապահպաններին՝ ընդերք

Օգոստոս 22,2003 00:00

Փախստականներին՝ հանրակացարան,բնապահպաններին՝ ընդերք Պաշտոնյաները պարզաբանում են երեկվա կառավարության որոշումները Այն հստակորեն սահմանում է, որ ՀՀ-ում արգելվում է առանց պետական գրանցման՝ ընդերքի երկրաբանական ուսումնասիրություն կատարել։ ՀՀ բնապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը երեկ պարզաբանեց, որ «նախկին օրենսգրքում նույնպես այս դրույթը եղել է, որ պետք է պետական գրանցում կատարվի երկրաբանական ուսումնասիրման աշխատանքների համար, բայց այնտեղ հստակ ձեւակերպված չէին երկրաբանական ուսումնասիրման ձեւերը, որից եւ բխում էր, թե որ ուսումնասիրության ձեւերը պետք է գրանցվեն»։ Ինչպես ճշտեցինք, պետական գրանցման գործընթացն իրականացնող լիազոր մարմին ճանաչվել է բնապահպանության նախարարությունը։ Իսկ վերահսկողությունը կիրականացնի նույն նախարարությունը։ Այսինքն՝ մի ձեռքը գործելու է, մյուսը՝ վերահսկելու։ Կառավարությունը երեկ որոշել է նաեւ հանրապետության 10 հանրակացարաններում բնակվող փախստականների 122 ընտանիքների անհատույց սեփականաշնորհել նրանց կացարանները։ ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի եւ փախստականների վարչության պետ Գագիկ Եգանյանը երեկ հայտնեց, որ սեփականաշնորհում են այն հանրակացարանային սենյակները, որոնց պայմանները մոտ են բնակարանայինին։ Այդ դեպքում սեփականաշնորհման ենթակա է դառնում 800 ընտանիքի զբաղեցրած տարածք։ Հիշեցնենք, որ դրանցից արդեն սեփականաշնորհվել է 272-ը, մինչեւ տարվա վերջ թիվը կավելացվի եւս 100-120-ով։ Պրն Գագիկ Եգանյանը հայտնեց նաեւ, որ կառավարության՝ ծրագրով ստանձնած պարտավորությունը՝ առաջիկա երեք տարում բնակարանով ապահովել փախստականների առավել կարիքավոր 4000 ընտանիքի, կարժենա 20 մլն դոլար։ Դրա 5,5 մլն-ը՝ բյուջետային միջոցների միջինժամկետ ծրագրից, մնացածն ակնկալվում է միջազգային դոնոր հանրությունից։ Այս ծրագիրը չի նախատեսում նոր բնակարանների կառուցում։ Քաղաքային բնակավայրերում հնարավոր է կիրառվի բնակարանների գնման սերտիֆիկատների փորձը, ինչն, ի դեպ, կառավարությանը խորհուրդ չեն տալիս անկախ փորձագետները։ Հերիք է միայն հիշել աղետի գոտում այդ փորձի կիրառումը, երբ քաղաքացիների մեծ մասը քիչ թե շատ կարգին բնակարան ձեռք բերելու համար կամ ստիպված է այդ սերտիֆիկատներին սեփական գումարն ավելացնել, կամ բնակարան գնել իր բնակավայր քաղաքից դուրս։ Իսկ հաճախ սերտիֆիկատով գնված էժանագին բնակարանը զուրկ է լինում կոմունալ-կենցաղային պայմաններից։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել