Լրահոս
Օրվա լրահոսը

«Ա1+»-ն ՈՒ ԱՐՄԵՆԻԱՆ ՀԱՇՏՎԵՑԻՆ

Օգոստոս 22,2003 00:00

«Ա1+»-ն ՈՒ ԱՐՄԵՆԻԱՆ ՀԱՇՏՎԵՑԻՆ Պարզվեց, որ գործընկերոջ մասին հերյուրանքներ տարածած «Արմենիան» «մասնագիտորեն հարգում է» «Ա1+»-ին: Դեռ հունիսի 26-ին «Մելտէքս» ՍՊԸ տնօրեն Մեսրոպ Մովսեսյանը «Արմենիա» հեռուստաընկերության դեմ հայցադիմում էր ներկայացրել ՀՀ տնտեսական դատարանին՝ պահանջելով հերքել հունիսի 9-ին այդ հեռուստաընկերության տեղեկատվական ծրագրերում «Արմենիայի» նախագահ Բագրատ Սարգսյանի ելույթի այն հատվածը, որը վերաբերում էր «Ա1+» հեռուստաընկերությանը: Իսկ Բ.Սարգսյանը մասնավորապես հայտարարել էր, թե «Ա1+»-ը քաղաքական գաղտնի ֆինանսավորում է ստանում, թե «Գաֆեջյան» հիմնադրամի ներկայացուցիչները «Ա1+» հեռուստաընկերության լավագույն ժամանակահատվածում այցելել են այդ հեռուստաընկերություն եւ՝ տեսնելով վերջինիս «փոքրիկ հեռուստատեսային տարածքներնը եւ համարյա տնային մակարդակի հեռուստատեխնիկան, պարզապես զարմացել են, որ նման որակով կարելի է հեռարձակվել»: Ըստ Բ.Սարգսյանի, փորձագետների զարմանքը կրկնապակվել էր, երբ պարզվել էր, որ անցած տարիներին այդ ընկերությունը որքան դրամական օգնություններ էր ստացել եւ այդպես էլ չէր զարգացել: «Մելտէքսի» տնօրենն իր հայցադիմումում մատնանշել էր նաեւ սույն հայտարարությունից բխած՝ «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին», «Մամուլի եւ ԶԼՄ միջոցների մասին» ՀՀ օրենքների ոտնահարման բոլոր դրույթները: «Մելտէքսը» դատարանից պահանջել էր պարտավորեցնել «Արմենիա» հեռուստաընկերությանը հերքելու իրենց այդ հայտարարությունը՝ ընդգծելով, որ դա վնասել է «Մելտէքսի» գործարար համբավին: Հայցադիմումին կցված էր նաեւ հերքման եւ «Արմենիայի» հեռուստադիտողներից եւ «Ա1+»-ից ներողության հայցման տեքստը: Երեկ ՀՀ տնտեսական դատարանում դատավոր Խունդկարյանի նախագահությամբ կողմերը հաշտություն կնքեցին, որտեղ այլեւս «Մելտեքսի» հայցադիմումին կցված հերքման տեքստից ոչինչ չկար, այդ թվում՝ ներողամտություն հայցելու հատվածը: Իսկ հաշտության համաձայնագիրը կնքվեց ներքոհիշյալի շուրջ. «Հաշվի առնելով, որ կողմերի միջեւ վեճը պայմանավորված է ՀՀ ԶԼՄ-ներ ոլորտի անցումային իրավիճակով, ստեղծված լարվածությունից , ելնելով լրագրողական համերաշխության բարոյական նորմերից, ինչպես նաեւ՝ միմյանց նկատմամբ կողմերի ունեցած մասնագիտական հարգանքից, մասնավորապես պատասխանող կողմի այն հավաստիացումը, որ այն երբեւէ մտադրություն չի ունեցել վնաս պատճառել հայցվորի գործարար համբավին, կողմերը եկան հաշտության. 1. հայցվորը ետ է վերցնում վերոհիշյալ հայցը, 2. կողմերը հրաժարվում են վերոհիշյալ հայցի առարկայի հետ կապված բոլոր հնարավոր պահանջներից՝ միմյանց եւ նրանց հետ կապված անձանց նկատմամբ»: ՀՀ տնտեսական դատարանում «Մելտէքսի» շահերը ներկայացնող փաստաբան Արա Զոհրաբյանը մեր հարցին ի պատասխան ասաց, որ այդպիսով կողմերի միջեւ ծագած վեճը սպառված է: Ն.Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել