Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԸ ԲԱԶՄԱԿԱՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Օգոստոս 22,2003 00:00

ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԸ ԲԱԶՄԱԿԱՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ Հայաստանում իրենց հանդիպումների ընթացքում ԵԽԽՎ դիտարկման խմբի համազեկուցողները հիմնական խնդիրների շարքում անդրադառնում են «Ա1+»-ին եւ «Նոյյան տապան»-ին եթեր չտրամադրելու փաստին: «Համազեկուցողները կարծում են, թե այս խնդիրը պետք է լուծվի եւ ձեւեր գտնվեն, որ կապուղիների մրցույթը դժգոհություն չառաջացնի հասարակության մեջ, լինի արդար եւ հնարավորինս բաց, թափանցիկ, բավարարվեն բոլոր պահանջները, որոնք այդ առումով առաջադրում է Եվրախորհուրդը»,- փոխանցեց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արմեն Ռուստամյանը: «Արդարություն» խմբակցության ղեկավար Ստեփան Դեմիրճյանը նշեց, թե համազեկուցողները կարեւորում էին, որ «ապահովվի բազմակարծությունը»: ԱԺ փոխնախագահ Տիգրան Թորոսյանը եւս նշեց, թե համազեկուցողներն ասել են, որ «Ա1+»-ի եւ «ՆՏ»-ի առնչությամբ մտահոգություններ ունեն. «Նրանք հարցադրումներ ունեին կապուղիների մրցույթների վերաբերյալ՝ ֆինանսական կողմը եւ այլն: Ես ասացի, թե մենք եւս մտահոգություն ենք հայտնել այս առնչությամբ եւ հուսով ենք, որ մրցույթների արդյունքները բավարարող կլինեն բոլորի համար»: Իսկ ՀՅԴ խմբակցության ղեկավար Լեւոն Մկրտչյանն, անդրադառնալով «Ա1+»-ի վերաբացման հարցում խորհրդարանական վերահսկողության սահմանմանը՝ ասել է, որ եթե նման դիմում լինի՝ պատրաստ են քննարկել: Ե՛վ իշխանամետ, ե՛ւ ընդդիմադիր պատգամավորները նշել են, թե «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի փոփոխությունների առաջարկություններ են արել եւ շուտով ԱԺ-ն կանդրադառնա այդ խնդրին: Թե որքանով այդ փոփոխությունները կարող են ներազդել «Ա1+»- եւ «ՆՏ»-ի խնդրի լուծման վրա՝ կանդրադառնանք վաղը: Նշենք նաեւ, որ «Ազգային միաբանության» ներկայացուցիչ Աղասի Արշակյանը ԵԽԽՎ դիտարկման խմբի հետ հանդիպման ժամանակ նշել է. «Մեր միանշանակ գնահատականն է, որ տեղի է ունեցել խոսքի ազատության վրա բռնացում եւ այն նպատակային նշանակություն է ունեցել՝ կապված առաջիկա ընտրությունների արդյունքների լուսաբանման հետ, որպեսզի հեշտ լինի աղավաղելը եւ կոծկվի արդարությունը»: Ա. Ի. Հ. Գ. Դիտարկման խմբի համազեկուցողներն այսօր կեսօրին հանդիպելու են Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել