Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Կրակել են արեւմուտքից»

Օգոստոս 22,2003 00:00

«Կրակել են արեւմուտքից» Պնդել է Կասպրչիկի օգնականը «Սա առաջին անգամն է, որ Հայաստանն ինքն իրեն այսչափ լուրջ հարվածի տակ է դնում»,- գնահատական է տալիս Բաքվի «Զերկալո» թերթը, մեկնաբանելով Հայաստանի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի դիտարկման ընթացքում օգոստոսի 19-ին տեղ գտած միջադեպը։ Հիշեցնենք, որ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի եւ նրա դաշտային օգնականների ներկայությամբ ՀՀ Տավուշի մարզի եւ Ադրբեջանի Թոուզի շրջանի հատվածում կատարվող դիտարկումն ընդհատվել էր տեղի ունեցած հրաձգության պատճառով։ Խափանման պատասխանատվությունն Ադրբեջանն ամբողջությամբ բարդել է Հայաստանի վրա, մինչդեռ պաշտոնական Երեւանն իր հերթին կտրականապես հերքել է Ադրբեջանի բոլոր մեղադրանքները։ «Կրակոցներն իրականացվել են զենքի այնպիսի տեսակներից, որոնք հայկական կողմը չի օգտագործում սահմանի այդ հատվածում»,- մասնավորաբար նշել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Ձյունիկ Աղաջանյանը։ Այդուհանդերձ, բոլոր հիմքերը կան ենթադրելու, որ դիտարկողներն այնքան էլ հակված չեն հալած յուղի տեղ ընդունել ՀՀ արտգործնախարարության տարածած հայտարարությունը։ Ադրբեջանական մամուլը մեջբերում է Կասպրչիկի դաշտային օգնական Կիմ Պիկլեսի հայտարարությունը, ըստ որի, հրաձգությունը տեղի է ունեցել երեք անգամ եւ «կասկած չկա, որ այն եղել է արեւմտյան կողմից»։ Միեւնույն ժամանակ, հղում կատարելով հավաստի աղբյուրներին, «Արմինֆո» գործակալությունը հաղորդում է, թե երեկ դեսպան Անջեյ Կասպրչիկը ժամանել է Երեւան՝ հիշյալ միջադեպի առնչությամբ հայկական կողմի դիրքորոշումը ճշտելու նպատակով։ Նշվում է նաեւ, թե վերջինս հայտարարություն է նախապատրաստում այդ առիթով։ Հատկանշական է, որ առնվազն երեկվա դրությամբ Կասպրչիկի ժամանման վերաբերյալ որեւէ պաշտոնական հաղորդագրություն չի եղել, ինչն, ինքնին, խորհելու տեղիք է տալիս։ Թե ինչ ազդեցություն կունենա այս ամենը կարգավորման գործընթացի եւ, ի մասնավորի՝ հրադադարի ռեժիմի հետագա պահպանման վրա, առայժմ դժվար է ասել։ Համենայնդեպս, Մինսկի խմբի ռուսաստանյան համանախագահ Նիկոլայ Գրիբկովը հայտարարել է, թե մինչ դիտարկման խմբի հաշվետվության ստացումը, համանախագահները ձեռնպահ կմնան ինչ-ինչ գնահատականներ տալուց։ Ադրբեջանցի դիտորդները, սակայն, շտապել են եզրակացնել, որ սրանից հետո պաշտոնական Երեւանի համար խիստ դժվար կլինի Ադրբեջանին մեղադրել հրադադարը խախտելու մեջ։ Ըստ «Զերկալո» թերթի մեկնաբանի, այս միջադեպն, այնուամենանիվ, չի կարող անմիջական անդրադարձ ունենալ Հայաստանի դրության վրա, քանզի, եթե անգամ հաստատվի հայկական կողմի մեղավորությունը, ԵԱՀԿ-ն չի տիրապետում կողմերի վրա ներազդելու լծակների։ «Այդուհանդերձ, պաշտոնական Բաքուն պետք է հարյուր տոկոսով օգտագործի Հայաստանի այս լուրջ թերացումը միջազգային ասպարեզներում մղվող տեղեկատվական եւ դիվանագիտական պատերազմներում»,- նշել է «Զերկալոյի» քաղաքական մեկնաբանը։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել