Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թոքմաջյանը դուրս չի եկել քաղաքականությունից

Օգոստոս 22,2003 00:00

Թոքմաջյանը դուրս չի եկել քաղաքականությունից Նա կստեղծի բոլորովին այլ ուժ «Մտավորական Հայաստան» կուսակցության արդեն նախկին նախագահ Հովհաննես Թոքմաջյանը1999 եւ 2003թթ. ընտրություններում որեւէ արդյունքի չհասնելուց հետո «բարոյական» չի համարել այլեւս ղեկավարել իր իսկ հիմնած կուսակցությունը: Այդ հանգամանքը հաշվի առնելով, նա եւ կուսակցության քաղաքական խորհրդի 17 անդամներից 14-ը դուրս են եկել կուսակցությունից, իսկ «մնացած» կուսակցությունը որոշել է միանալ «Ժողովրդավարական Հայրենիքին»: Հ. Թոքմաջյանը գտնում է, որ իր կատարած քայլը «ցիվիլ երկրներում» գործող քաղաքական ուժերին հարիր համարձակություն է: «Երկու անգամ ընտրություններում որեւէ արդյունքի չհասնելուց հետո, ես որպես կուսակցության ղեկավար պատասխանատվություն պիտի կրեմ, ինչպես հարիր է ցիվիլ երկրներում եղած կուսակցության ղեկավարներին: Ես այնթույլատրելի եմ համարում այս դեպքում շարունակել ղեկավարել այդ կուսակցությունը»,- հայտարարեց Հ. Թոքմաջյանը՝ ավելացնելով, թե ինքն ու իր հետ կուսակցությունից դուրս եկած 14 նախկին «մտավորական հայաստանցիները» այժմ գտնվում են «քաղաքականությունից դուրս, բայց քաղաքականության մեջ»: «Հիմա եւ՛ քաղաքականության մեջ ենք, եւ՛ դուրս: Հետո կմտածենք մեր հետագա քայլերի մասին»: Հարցին, թե արդյոք ինքն իրեն մեղավոր համարո՞ւմ է ընտրություններում անհաջողություն ունենալու առնչությամբ, Հ. Թոքմաջյանը պատասխանեց. «Չեմ կարծում, թե ես եմ մեղավոր, որովհետեւ բոլորս էլ գիտենք, թե ինչ խայտառակ ընտրություններ են եղել, բայց չնայած դրան, քաղաքական ուժի ղեկավարը պիտի պատասխան տա դրա համար»: Իսկ ինչ վերաբերում է ԱԺ նախորդ գումարման արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հովհաննես Հովհաննիսյանի հետ մտավորականների նոր կուսակցություն ստեղծելու մասին խոսակցություններին, ապա Հ. Թոքմաջյանն այն ոչ հերքեց, ոչ էլ հաստատեց. «Հ. Հովհաննիսյանի հետ մեր մտերմությունն ու համախոհ լինելու հանգամանքը հաշվի առնելով են երեւի նման խոսակցություններ տարածել: Քաղաքականության ու գիտության մեջ մեր մտերմությունը 10 տարուց ավելի է: Ես գիտեմ, թե ովքեր են դա անում, որը մուտիլովկա է, շատ պարզ մուտիլովկա»: Այս խոսակցությունները «մուտիլովկա» կոչելով հանդերձ, Թոքմաջյանը նաեւ որոշ չափով հաստատեց դրանք՝ ասելով, թե ինքը Հ. Հովհաննիսյանի հետ բանակցություններ է վարում կուսակցություն ստեղծելու շուրջ, բայց դեռեւս կոնկրետ որոշում չի կայացվել: «Քաղաքականության մեջ ամեն ինչ էլ հնարավոր է, ցանկացած հեռանկար էլ կարող է իրականություն դառնալ: Բայց դեռեւս նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին որոշում չի կայացվել, իսկ եթե ստեղծվեց, դա լինելու է այլ բան, որը կլինի շատ հետաքրքիր: Չի լինի այն, ինչ եղել է նախկինում»,- պարզաբանեց պրն Թոքմաջյանը: Լ. Ս.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել