Լրահոս
Օրվա լրահոսը

Ինտեգրումը մեզ համար չէ

Օգոստոս 21,2003 00:00

Ինտեգրումը մեզ համար չէ Երեկ հաշմանդամ երեխաների օգնության «Փրկություն» կազմակերպությունը նվերներ բաժանեց թույլ տեսնող, լսող եւ մարմնական այլ թերություններ ունեցող երեխաներին։ Միջոցառումից անմասն էին նրանց ծնողները, որոնց կոպտորեն դուրս հրավիրեցին բակ։ Դա առիթ դարձավ փոխադարձ վիրավորանքներով միջադեպերի։ Վտարված մայրիկների հետ զրույցից տեղեկացանք, որ յոթ տարվա իր գործունեության ընթացքում միությունն առաջին անգամ է նման խոշոր «նվերաբաժանում» անում։ «Թե չէ տարին մեկ անգամ կանչում՝ զուգարանի թուղթ կամ զուբնոյ պաստա են տալիս, էդ էլ օգնություն է կոչվում հաշմանդամ երեխային»,- դժգոհեցին մի քանիսը։ Ինը տարեկան թույլ տեսնող մի փոքրիկի մայրիկ նշեց, որ ամեն տարի աչքի պրոթեզավորման կարիք ունեցող իր երեխային կազմակերպությունը կարողացել է օգնել երեք անգամ (յոթ տարվա ընթացքում), բայց ամեն անգամ էլ «թույլ չի տվել, որ ես ծանոթանամ իմ հովանավորի հետ»։ Մնացած բողոքներից պարզվեց, որ մեկին ականջակալ են տվել՝ ոչ լրիվ մասերով, մյուսին ակնոց՝ տեսողությանը չհամապատասխանող, ինչպես նաեւ՝ որ 3000-3500 դրամ ամսական թոշակը շատ ցածր է, որ «մենք վառվեցինք դպրոց գնալու համար ճանապարհածախս տալով»։ Ասենք, որ ֆիզիկական արատներով երեխաների համար գործող հատուկ դպրոցները մայրաքաղաքում մի քանիսն են։ Այդ երեխաների տեղափոխման համար պետությունը տրամադրում է միայն էլեկտրատրանսպորտից օգտվելու անվճար կտրոններ, որոնք գրեթե պետք չեն գալիս, որովհետեւ տրամվայ-տրոլեյբուսի կամ մետրոյի շարժման ուղղությունները խիստ սահմանափակ են։ «Իսկ ինտեգրացումն էլ մեր երեխաների համար չէ»,- ասաց ծնողներից մեկը՝ նկատի ունենալով սոցիալական ինտեգրացումը եւ ակնարկելով, որ սովորական դպրոցների դռները դեռեւս փակ են իրենց երեխաների առջեւ։ Անդրադառնալով օգնության կազմակերպությունների գործունեությանն ընդհանրապես, զրուցակից մայրիկների ընդհանուր կարծիքով, «դրանք իրենց փողի համար են բացվում, բայց ինչ էլ անում են՝ պիտի գոհ լինենք»։ Թերեւս այս կազմակերպության «աչքից չընկնելու» եւ հետագայում հնարավոր աղքատիկ նվերներից չզրկվելու զգուշավորությամբ էլ նրանք խնդրեցին իրենց անունները չհրապարակել։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել