Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՕՂԱԿՆԵՐ

Օգոստոս 21,2003 00:00

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԱՆՏԵՍԱՆԵԼԻ ՕՂԱԿՆԵՐ Երեւանի ֆուտբոլային թիմը հանվեց Համահայկական խաղերից Խաղերի մասնակիցներն ու հյուրերը, չնայած լայնածավալ շինարարական աշխատանքներին, շրջեցին քաղաքամայր Երեւանում, այցելեցին Եղեռնի հուշարձան, Հայոց ցեղասպանության թանգարան, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի, հոգեւոր ու մշակութային կենտրոններ, իսկ երեկոյան Կարեն Դեմիրճյանի անվան մարզամշակութային կենտրոնում նրանց համար կազմակերպվեց համերգ եւ դիսկոտեկ։ Խաղերն ընդհանուր առմամբ անցնում են նորմալ, առանց միջադեպերի։ Կազմկոմիտեն դրա համար նախապատրաստական մեծ աշխատանք է կատարել։ Մասնակիցների եւ հյուրերի բոլոր հոգսերը ժամանակին հոգալու նպատակով Սպորտպետկոմը հյուրանոցներում, ուր հանգրվանել են մարզիկները, իր աշխատակիցների միջոցով վաղ առավոտից մինչեւ ուշ գիշեր հերթապահություն է նշանակել, որոնք տեղում լուծում են բոլոր խնդիրները։ Իսկ ՆԳՆ-ն էլ իր հերթին ապահովում է տեղերում նրանց անվտանգությունը։ Այնպես որ, Խաղերի հաջող ընթացքն ու ավարտը մեծապես կախված է ոչ միայն մրցասպարեզներում ծավալվող մարզական իրադարձություններից, այլեւ ուրիշ բազմաթիվ հարցերի ճիշտ կազմակերպումից։ Մասնավորապես, ասենք, մրցավարությունը։ Երեկ Խաղերի գլխավոր մրցավար, Սպորտպետկոմի նախագահի տեղակալ Հարություն Յավրյանից հետաքրքրվեցինք, թե առաջին երեք օրերին, երբ ընթանում էին նախնական մրցումները, մասնակիցներից ու պատվիրակություններից քանի՞ բողոք է ստացվել։ – Գլխավոր մրցավարական հանձնաժողովը առայսօր գրավոր դիմում չի ստացել, բացի ֆուտբոլի Երեւանի թիմի դեմ բողոքից, որի կազմում հանդես էին գալիս պրոֆեսիոնալ երեք ֆուտբոլիստներ։ Առաջին բողոքից հետո Երեւանի թիմին պարտություն գրանցվեց, իսկ թիմի ղեկավարությունը զգուշացվեց, որպեսզի հետեւեն կանոնակարգի պահանջներին, որով արգելվում է պրոֆեսիոնալ մարզիկների մասնակցությունը Խաղերին։ Բայց նրանք անհրաժեշտ հետեւություն չարեցին եւ, ինչպես պարզվեց, երկրորդ խաղում էլ դաշտ էին մտցրել պրոֆեսիոնալների։ Այդ խաղում էլ երեւանցիներին պարտություն գրանցվեց ու թիմը հանվեց խաղերից։ – Այսինքն, մնացած բոլոր մրցաձեւերում ամեն բան անթերի՞ է։ – Ես խոսում եմ գլխավոր մրցավարական հանձնաժողովի մասին։ Կան նաեւ առանձին մարզաձեւերի մրցավարական կազմեր։ Իմ ունեցած տեղեկություններով, որոշ մարզաձեւերում ինչ-ինչ հարցեր առաջացել են, բայց ամեն բան լուծվել կամ պարզաբանվել է հենց տեղերում։ Բավականին ծանր ու անչափ պատասխանատու աշխատանք է հանձնարարված Սպորտպետկոմի հանրապետական կենտրոնի տնօրեն Օլեգ Ադյանին ու նրա բաժնի աշխատակիցներին։ Նրանք ապահովում են թիմերի տրանսպորտային փոխադրումները։ – Մեր աշխատանքները սկսվել են դեռեւս Խաղերից առաջ, երբ թիմերն ու պատվիրակությունները սկսեցին ժամանել Երեւան։ Նրանց դիմավորում էինք օդանավակայանում, ավտոբուսներով հասցնում նախապես պատվիրած հյուր անոցները։ Խաղերի օրերին, համաձայն ներկայացրած հայտերի, որ նրանք նախապես ստանում են պատվիրակություններից, պահանջվող ժամին ու տեղում տրանսպորտի նախարարության հետ միասին ապահովում ենք համապատասխան տրանսպորտային միջոց։ – Տրանսպորտի պատճառով մրցումներից ուշացման դեպքեր եղե՞լ են։ – Ոչ։ Տրանսպորտի նախարարության հետ համագործակցությունից գոհ ենք։ Լավ է աշխատում նաեւ պետավտոտեսչությունը, որն անհրաժեշտության դեպքում կազմակերպում է այս կամ այն տրանսպորտային միջոցի ուղեկցումը։ Այս համագործակցության շնորհիվ է, որ ուշացումներ չեն եղել։ – Օրական մոտավորապես քանի՞ տրանսպորտային միջոց է սպասարկում Խաղերի մասնակիցներին։ – Առնվազն 24 ուղղություն է իրականացվում։ Քանի որ հյուրանոցներում բնակվում են տարբեր թիմեր, որոնք հանդես են գալիս տարբեր մրցաձեւերում, մոտ 80 ավտոբուս ու միկրոավտոբուս է սպասարկում պատվիրակություններին մրցավայր հասնելու եւ վերադառնալու համար։ – Բայց թիմեր էլ կան, որոնց անդամները ապրում են հարազատների տանը, տարբեր հասցեներում։ – Նրանց հետ էլ ենք աշխատում։ Օրինակ, Բառնաուլի ֆուտբոլիստները։ Գրաֆիկով սահմանված խաղից առաջ ավտոբուսը նրանց սպասում է Սպորտպետկոմի մոտ։ Նրանք հավաքվում են այստեղ եւ մեկնում մրցավայր։ Հուսանք, որ մինչեւ Խաղերի ավարտը մեր աշխատանքներում որեւէ խափանում չի լինի ու պատվիրակությունները կմեկնեն մեր աշխատանքից գոհ։ ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել