Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր ֆիլմ՝ «պայթած» բանկի մասին

Օգոստոս 21,2003 00:00

Նոր ֆիլմ՝ «պայթած» բանկի մասին Ռեժիսոր Ռուբեն Քոչարի «Արահետը» մարմնավորելու է Հայաստանին բնորոշ իրավիճակներ Արդեն 10 օր է՝ սկսվել են կինոռեժիսոր Ռուբեն Քոչարի «Արահետ» ֆիլմի նկարահանման աշխատանքները։ Գլխավոր դերը վստահված է Հարություն Մովսիսյանին։ Նրանից բացի, ֆիլմում խաղալու են նաեւ Արմեն Էլբակյանը, Աշոտ Ադամյանը, Մարգո Մուրադյանը, Կարեն Ջանիբեկյանը։ Իսկ ԱՄՆ-ում կմիանան ամերիկաբնակ հայաստանցի եւ ամերիկացի դերասաններ։ Ռ. Քոչարից տեղեկացանք, որ ֆիլմի աշխատանքներին աջակցում են Blue Lion Entertainment կինոֆինանսավորող կազմակերպությունը, որը հովանավորել է նաեւ «Տիտանիկ» ֆիլմի նկարահանումը։ Բացի նրանից, աջակցում են «Հայֆիլմը» եւ Հայ-ամերիկյան թատերա-երաժշտական ընկերությունը։ Ռեժիսորը չկամեցավ հայտնել ֆիլմի բյուջեի չափը։ Ընդամենն ասաց. «Իմ գործընկերները, այսպես կոչված՝ փայատերերը, «Արահետ» ֆիլմը դիտում են իբրեւ բիզնես։ Նրանք վստահ են, որ ծախսերը կարդարացվեն»։ «Արահետը» պատմում է Հայաստանին բնորոշ իրավիճակների՝ բանկերից մեկի «պայթելու» մասին, որի արդյունքում տուժում են նաեւ շարքային աշխատակիցներն ու ավանդատուները։ Նման ճակատագրի է արժանանում նաեւ ֆիլմի հերոսը՝ երեւանյան բանկերից մեկում աշխատող Ավետիքը։ 90-ականների սկզբներին նրանց բանկի տերերը վերցնում են փողերն ու անհետանում, պատասխանատվությունը թողնելով Ավետիքի եւ նրա նմանների վրա, որոնց, բնականաբար, բանտ էր սպասում։ Ընկերները գիտակցելով Ավետիքին սպառնացող վտանգը, նրան մի կերպ փախցնում են ԱՄՆ։ Գլխավոր դերակատար Հարություն Մովսիսյանը պատմում է իր հերոսի մասին. «Ես հասկանում եմ իմ հերոսին ու մտնում նրա վիճակի մեջ։ Ասեմ, որ ինքս էլ մի քանի տարի ապրել եմ Ամերիկայում ու ճաշակել տեղի բոլոր փորձությունները։ Ավետիքը բարեկիրթ երիտասարդ է, մասնագիտությամբ երաժիշտ, լավ ընտանիքից, երեւանյան դասական դաստիարակություն ստացած։ Մարդկային այս տեսակի համար, բնականաբար, դժվար է գաղթականի կարգավիճակում հայտնվելը։ Հիվանդանում է կարոտախտով, բայց ժամանակի ընթացքում բուժվում է այդ հիվանդությունը։ Ավետիքը հարմարվում է Ամերիկային՝ ինչպես հայաստանցիներից շատերը»։ Դերասանը գտնում է, որ Ամերիկան ձգողական մեծ ուժ ունի, չես էլ նկատում, թե ինչպես է կլանում քեզ, ժամերդ, օրերդ, տարիներդ։ Այդպես էլ հերոսի հետ է պատահում։ Ի վերջո, նա կարգավորում է իր կյանքը՝ «ձուլվում» Ամերիկայի մեջ։ Ափսոս, որ Ավետիքը վերադարձի արահետ իսկ չունի։ «Ցավում եմ Ավետիքի համար։ Ես նրան սիրում եմ, որովհետեւ ինչ-որ տեղ ինձ է նման,- խոստովանում է Հ. Մովսիսյանը,- դժվար է Հայաստանից դուրս ապրելը։ Մանավանդ ահավոր է վերաբերմունքը էմիգրանտների նկատմամբ»։ Դերասանին դրսում ապրած տարիները բերել են մի եզրահանգման՝ աշխարհի որ երկրում էլ ապրի հայ մարդը, պետք է մի փոքրիկ արահետ թողնի ու չայրի բոլոր կամուրջները։ Ս. ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել