ՌԱԴԱՄԵՍՆ ՈՒ ՕԹԵԼԼՈՆ 30 ՏԱՐԵԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՉԵՆ Համոզված է երգիչ Եղիշե Մանուչարյանը Ամերիկաբնակ տենոր Եղիշե Մանուչարյանը գտնում է, որ Հայաստանում եւ արտասահմանում օպերային արվեստի մասին ընկալումներն իրարից շատ են տարբերվում։ Օրինակ, նա հիշում է, որ Երեւանում «Անուշը» պատրաստել են երկու տարում, մինչդեռ ԱՄՆ-ում ամեն ինչ այլ է. «Էնտեղ տրվել է մեկ ամիս, որ «Աննա Բոլենա» (Դոնիցետտի) սովորեմ, եւ երկու ամիս, որ «Տրավիատա» երգեմ։ Բեմադրությունը տեւում է 15 օր եւ քեզ ընդամենը մեկ անգամ են ասում բեմում ուր գնաս եւ ինչու գնաս»։ Ե. Մանուչարյանը նորմալ չի համարում նաեւ այն, որ մեր օպերային թատրոնում միայն դրամատիկ օպերաներ են բեմադրվում. «Ճիշտ կլինի այնպիսի օպերաներ բեմադրել, որ երիտասարդ երգիչներին հարմար լինի երգելը։ Հասկանում եմ, գուցե Մոցարտի «Առեւանգում հարեմից» օպերան այնքան հետաքրքիր չէ, ինչքան «Օթելլոն» կամ «Աիդան»։ Ըստ տենորի, աշխարհի ամենամիջակ օպերային թատրոնին Ռադամեսի դերերգով կամ Օթելլոյի արիայով ներկայացող մինչեւ 30 տարեկան հային հաստատ բարի ճանապարհ կմաղթեն առանց լսելու։ «Նույնիսկ Կարուզոն, որ հզոր ձայն ուներ՝ երգելիս պատի ծեփը թափվում էր, ապակիներ էին ջարդվում, ընդհանրապես Օթելլո չի երգել»,- փաստում է Ե. Մանուչարյանը։ Նա այն կարծիքին է, որ երիտասարդ երգիչներին ավելի հարմար են Վերդիի վաղ շրջանի, Դոնիցետտիի, Պուչինիի, Մոցարտի ստեղծագործությունները. «Ես Երեւանի օպերային թատրոնի ներկայացրած խաղացանկից միայն 1-2-ն եմ ի վիճակի երգել։ Իհարկե, մյուսներն էլ կարող եմ երգել, բայց երգչի՝ իմ կյանքը այդպիսով կկարճանա։ Երիտասարդ երգիչը պիտի ճիշտ խաղացանկ ընտրի, որպեսզի կարողանա հնարավորինս երկար երգել, ինչպես Դոմինգոն։ Մի խոսքով, ես չեմ ուզում եւ չեմ կարող լինել Օթելլո, երբ ընդամենը 31 տարեկան եմ»։ «Առավոտի» այն հարցին՝ իսկապե՞ս Հայաստանում տենորներ չկան, ինչպես հայտարարում է Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր ռեժիսոր Գեղամ Գրիգորյանը, Ե. Մանուչարյանը պատասխանեց. «Ես եկել էի ծնողներիս տեսակցելու, բայց Էդուարդ Թոփչյանը համոզեց, որ երգեմ Վերդի՝ «Ռեքվիեմ»։ Չեմ կարծում, թե դա բարդ գործ է, բայց, փաստորեն, էստեղ չկար մեկը, որ երգեր։ Այլապես ինչո՞ւ ինձ դիմեցին։ Մյուս կողմից էլ, գուցե աստվածային երգիչնե՞ր կան այստեղ։ Բայց Էդուարդ Թոփչյանն ու Գեղամ Գրիգորյանը հակառակն են պնդում։ Ուղղակի որոշ գլոբալ խնդիրներ կան, որոնց մասին չեմ ուզում խոսել»։ Առայժմ Ե. Մանուչարյանը տիկնոջ՝ Վիկտորյա Ավետիսյանի հետ հաջողությամբ ելույթներ է ունենում արտասահմանում՝ ԱՄՆ-ում։ 5 տարում 30 նոր օպերաներում միայն գլխավոր դերերգեր է կատարել։ Ի դեպ, նրանք հաջողությամբ սովորել եւ ավարտել են Բոստոնի համալսարանը, ուր մեկնել էին 1988-ին՝ Մելիք Մավիսակալյանի խորհրդով։ Շուտով հանրահայտ Քարնեգի հոլլում Նյու Յորքի սիմֆոնիկ նվագախմբի հետ Եղիշե Մանուչարյանը երգելու է «Աննա Բոլենա»։ Նրա հետ միասին կերգի նաեւ աշխարհահռչակ Ելենա Օբրազցովան։ Հուլիսին Ե. Մանուչարյանը երգել է Դոնիցետտիի «Ելիզաբեթ» օպերայում, որն աշխարհում առաջին անգամ է կատարվել։ Ամերիկյան 16 թերթ դրական է արձագանքել այդ իրադարձությանը։ Այս օպերայում Ե. Մանուչարյանի եւ Վ. Ավետիսյանի մարմնավորած հերոսները նույնպես ամուսիններ էին։ Առայժմ Գ. Գրիգորյանից Ե. Մանուչարյանը որեւէ առաջարկություն չի ստացել, բայց միշտ պատրաստ է Հայաստանում երգել, եթե լինեն համապատասխան հնարավորություններ եւ իր տարիքին հարմար դերերգեր. «Թե չէ «Տրավիատայից» ու «Անուշից» բացի, մեր օպերային թատրոնում բեմադրվող մնացած բոլոր օպերաները ոչ թե չեմ կարող երգել, այլ դրանք ինձ հարմար կլինեն միայն 40-ից հետո»։ Օրերս էլ Է. Թոփչյանին է հանդիպել, որի հետ միասին կպատրաստեն «Ռիգոլետոյի» համերգային կատարումը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ