Լրահոս
Օրվա լրահոսը

Շեքսպիրյան կրքեր Խաչփարի դպրոցում

Օգոստոս 21,2003 00:00

Շեքսպիրյան կրքեր Խաչփարի դպրոցում Դպրոցի տնօրենը պայքարի է ելել գյուղապետի, նրա ազգականների եւ «ոչ յուրային» ուսուցիչների դեմ Ինպես արդեն հայտնել ենք, օրերս Արարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոց այցելեցին մարզպետարանի ներկայացուցիչները, փոխմարզպետ Սամվել Մինասյանը եւ կրթության վարչության պետի տեղակալ Վոլոդյա Մազմանյանը։ Անցյալ տարվա նոյեմբերից ուսուցիչները բողոքներ են ուղարկում ՀՀ գիտության եւ կրթության նախարարին, ԱԺ նախագահին եւ ԱԺ համապատասխան հանձնաժողովին, ՀՀ նախագահի աշխատակազմին։ Սակայն ուսուցիչների ձայնը տեղ չի հասնում։ Իսկ նախապատմությունը հետեւյալն է։ 2002թ. սեպտեմբերից կրթության վարչության տեսուչ Զինա Հայրյանը նշանակվեց Արարատի մարզի Խաչփարի միջնակարգ դպրոցի տնօրենի պաշտոնակատար։ Նշանակվելու օրվանից ուսուցիչները բաժանվեցին տնօրենի համար յուրայինների եւ օտարների։ Վերջիններս նրանք էին, ովքեր գյուղապետ Ղազար Մարտիրոսյանին աջակցել էին նրա առաջին ընտրությունների ժամանակ կամ նրա ազգականներն էին։ Դպրոցում պայթունավտանգ վիճակ ստեղծվեց դպրոցում եւ թվով 13 ուսուցիչ դիմեց մարզպետ Ալիկ Սարգսյանին (նոյեմբերի 8)՝ պահանջելով տնօրենին հեռացնել դպրոցից, ենթարկել պատասխանատվության։ Ի՞նչ կատարվեց։ Ուսուցիչները ժամանակավոր հաղթանակ տարան, տնօրենը տեղափոխվեց մարզպետարան։ Սակայն Զինայի փոխարեն տնօրեն նշանակվեց նրա որդին՝ Արտակ Բաբայանը։ Նա նոյեմբերի 11-ի հրամանով աշխատանքից ազատեց ուսումնական գծով փոխտնօրեն Սուսաննա Եփրեմյանին (գյուղապետի հարսը) եւ գլխավոր հաշվապահ Իրինա Վարագյանին։ Ուսուցիչները դիմեցին առաջին ատյանի դատարան՝ աշխատանքում վերականգնվելու պահանջով։ Այս տարվա մարտի 7-ին առաջին ատյանի դատարանը վճռեց նրանց վերականգնել աշխատանքում։ Սակայն ապրիլի 30-ին մարզի դատախազությունը ստացավ «հաղորդում հանցագործության մասին» (դպրոցի տնօրինության կողմից), որտեղ փորձ էր արվում հիմնավորել, որ Եփրեմյանը պատռել է աշխատավարձի ցուցակը։ Նկատենք, սակայն, որ մարզի դատախազությունը մինչեւ երեկ չի արձագանքել վերոնշյալ հաղորդմանը։ Այս տարվա մայիսի 12-ին վերջապես գլխավոր հաշվապահը եւ փոխտնօրենը մտան դպրոց։ Չգիտես ինչու, 6-րդ վարչությունից դպրոցում հայտնվեցին մարդիկ (ըստ շրջիկ լուրերի՝ տնօրենի «քավորը» ՊՆ փոխնախարար Արթուր Աղաբեկյանն է, իսկ մտերիմներից է 6-րդ վարչության պետ Աշոտ Գիզիրյանը), որոնք պահանջում էին Ս. Եփրեմյանի դիպլոմը։ Ս. Եփրեմյանը միակը չէր։ Ստեղծված մթնոլորտի արդյունքում դպրոցից ազատվեցին ֆիզիկայի ուսուցչուհի Լյուբա Օհանջանյանը, անգլերենի ուսուցչուհի Նելլի Խաչատրյանը, քիմիայի ուսուցիչ Մերուժան Զանյանը, իրավունքի ուսուցիչ Նառա Մարգարյանը, Վահրամ Կարապետյանը, ֆիզկուլտուրայի ուսուցիչ Սպարտակ Դանիելյանը։ Այս դպրոցի անունը շեշտվեց նաեւ հուլիսի 6-ին գյուղապետի ընտրությունների ժամանակ։ «Առավոտը» տեղեկացրել է, որ ընտրական տեխնոլոգիաների առումով այս դպրոցում կիրառվեց չտեսնված հնարք՝ քվեատուփ նետվեց ծծմբաթթվով երկու սրվակ, ինչի արդյունքում այրվածքներ ստացան քվեաթերթիկները։ Տնօրինությունը պաշտպանում էր գյուղապետի այլ թեկնածուի եւ փորձում էր աշխատել նրա օգտին, ինչն, ի դեպ, չհաջողվեց։ Գյուղապետ վերընտրվեց Ղազար Մարտիրոսյանը։ Այս ընտրությունների անուղղակի հետեւանքը եղավ այն, որ «օտար» ուսուցիչներին տրամադրվեց, այսպես կոչված, կրճատումների մասին մի թերթոն՝ հետեւյալ բովանդակությամբ. «Տեղեկացվում եք, որ ՀՀ կառավարության 2002թ. դեկտեմբերի 5-ի թիվ 2047 որոշման կատարումն ապահովող միջոցառումների շրջանակներում հնարավոր է Խաչփարի միջնակարգ դպրոցում աշխատատեղերի եւ հաստիքների կրճատում»։ Ուսուցիչներից շատերը (դեռեւս արձակուրդի մեջ գտնվելով) դիմել են «Առավոտին»՝ պարզելու իրենց կարգավիճակը։ 30 տարվա մանկավարժ Ալիսա Հովհաննիսյանին երեկ տնօրենը սպառնացել էր, թե «ամբողջ կյանքում լացելու է Խոջալուում ծառայող որդու հետ միասին»։ Մանկավարժը մտադիր էր այս կապակցությամբ դիմել զինվորական համապատասխան ծառայություններին՝ ասվածը գնահատելով իբրեւ սպառնալիք։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել