Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀԱՄԱԿԵՐՊՎԵՔ ԻՐՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ»

Օգոստոս 21,2003 00:00

«ՀԱՄԱԿԵՐՊՎԵՔ ԻՐՈՂՈՒԹՅԱՆ ՀԵՏ» Բողոքարկումից դժգոհ դիմորդներին խորհուրդ է տալիս Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահ Վիկտոր Մարտիրոսյանը: Մաթեմատիկայի ընդունելության քննություններից մեկի ժամանակ մեր լրագրողական աշխատանքը կատարելիս պատահմամբ պարզեցինք, որ լիազոր ներկայացուցիչների մեջ կա տվյալ առարկայի գծով մասնագետ, որ կարող էր իր ակտիվ մասնակցությունն ունենալ քննության ողջ ընթացքում: Այս մասին հայտնեցինք Հանրապետական ընդունող հանձնաժողովի նախագահի տեղակալ Վիկտոր Մարտիրոսյանին՝ նրա այն դիտարկումից հետո, թե «այս տարի մենք մեկ քայլ արեցինք. դա լիազորների ինստիտուտ կոչվածն էր: Նույնիսկ այն հանձնաժողովները, որ հակասություններ են ունեցել լիազորների հետ, չեն կարողանում չընդգծել, թե ինչ անկողմնակալ աշխատանք են կատարել լիազոր ներկայացուցիչներն այս տարի»: Պրն Մարտիրոսյանը հավելեց նաեւ. – Չեմ ուզում վիճարկել, եղել է նման 1-2 դեպք, եւ դրանք կանխվել են: Սակայն եթե լիազորը եղել է մասնագետ, արդյոք միջամտե՞լ է հիմնական պրոցեսին, փորձե՞լ է որեւէ բան անել: Կարող եք հարցնել հանձնաժողովի նախագահներին: – Նրանք, բնականաբար, թերությունների մասին ոչինչ չեն ասի: – Դա այն դեպքն է, որ կասվի: Ի տարբերություն ՀԸՀ փոխնախագահի, ԿԳ նախարար, ՀԸՀ նախագահ Սերգո Երիցյանը օրերս մեկ քայլ առաջ համարեց այն, որ այս տարի քննությունների վերջին օրերին գնահատականների կտրուկ բարձրացումներ չեն եղել: Հիշեցնենք՝ ըստ այս կարծիքը կիսողների, նախորդ տարիներին այս կամ այն քննություններից մտավախություն ունեցողները կեղծ «բժշկի թղթերով» հետաձգում էին քննությունները՝ առավել տեսանելի դարձնելու համար հարցաթերթիկների մնացյալ մասը: Ճիշտ է, նշյալ մեխանիզմն այս տարի չգործեց՝ հուսախաբ անելով «սիմուլյանտներին» ու հաշվիչ կենտրոնում 150-200 դոլարով քննության օրը հետաձգած ծնողներին: Ավելին, հանձնաժողովը, ըստ բազմաթիվ բողոքարկող ծնողների, «հաշվեհարդար տեսավ» անօրինությունների դիմածների հետ եւ վերջին օրերին սկսեց բարդացնել հարցաթերթիկները: ՀԸՀ փոխնախագահը հերքեց այս պնդումը՝ նկատելով, որ խոսակցությունը կարող էր իրական հենք ունենալ, եթե քննական բանկում ընթացքում լինեին միջամտություններ: Այսինքն՝ եթե փորձ արվեր բարդացնել: «Իսկ քննական բանկը պատրաստել ենք քննություններից մոտ 10 օր առաջ, եւ այդ նույն քննական բանկով իրականացվել է ամբողջ քննական պրոցեսը: 8230 Այս տարի վերջին օրերին մաթեմատիկա հանձնող դիմորդների մեծ մասը իրենց գիտելիքների վրա կասկածողներն էին, եւ ունեցանք շատ մեծ թվով անբավարար գնահատականներ: Մաթեմատիկայի պարագայում ամբողջ բանկը չի կարող տեսանելի լինել, որովհետեւ չկա կոնկրետ շտեմարան, չկա կոնկրետ խնդրագիրք կամ ժողովածու, որ դիմորդը տեսնի, թե ինչ է դուրս եկել ու ինչ է մնացել: Այս առումով մաթեմատիկայի բանկը վերահսկելի չէ քննության ընթացքին հետեւող ու վերջին օրերին եկող դիմորդի համար»: Ինչ վերաբերում է բողոքարկումներին, թե մաթեմատիկայի քննության վերջին օրերի հարցաթերթիկներում ընդգրկվել են աստղանիշով երկրաչափական խնդիրներ, ինչը ծրագրից դուրս է, պրն Մարտիրոսյանը պատասխանեց, որ մասնագիտական վերլուծության արդյունքում կարելի է դրան պատասխան տալ կամ համեմատել վերջին հարցաթերթիկները առաջինների հետ: Բացի այդ, «այդպիսի բողոք հանրապետական հանձնաժողով չի հասել»: – Բայց մի՞թե ավելորդ չէ դիմել ՀԸՀ, որտեղ առանց դիմորդի մասնակցության փորձագետը կայացնում է իր եզրակացությունը, իսկ առաջին բողոքարկման ժամանակ էլ, գրեթե անհնար է հակառակը համոզել հանձնաժողովականներին, որոնք բարեկամաբար խորհուրդ են տալիս դիմել ՀԸՀ: – Նախարարը ընդունել է կրկնակի բողոքարկումներից դժգոհ ծնողներին, մանրամասնել խնդիրները, փորձել բացատրություններ տալ: Քննարկվել է հետեւյալը. եթե դիմորդը կամ ծնողը անբավարարվածության զգացում ունի, տալ այս մարդկանց որոշակի բացատրություն կամ ուղղակի ասել, որ սա է իրողությունը, պետք է համակերպվեք: Եղել են դեպքեր, երբ փորձագետը կրկին վերանայել է գրավորը: Սակայն Վ. Մարտիրոսյանը տեղեկություն չուներ այն մասին, թե արդյոք այդ ամենի արդյունքում գնահատականը փոփոխության ենթարկվել է, թե ոչ: Եվ բերեց մի օրինակ, որով փորձեց ապացուցել, որ բողոքարկման արդյունքում փոփոխության ենթարկված գրավորների թիվը սահմանների մեջ է. «Հայոց լեզու 2 առարկայական հանձնաժողովի հաշվետվությունից երեւում է, որ 350 բողոքարկված գրավորներից 77-ի գնահատականը փոխվել է՝ 22 տոկոսը: Մյուսների տվյալները չկան, բայց մաթեմատիկայի պարագայում էլ հաստատ չեն զիջի թվերը. մեկ օրվա արդյունքներով 25 գրավորից 4-5-ի գնահատականը փոխվեց»: ՀԱՍՄԻԿ ԲՈՒԴԱՂՅԱՆ Հ. Գ. ՀԸՀ փոխնախագահը անցողիկ միավորների մասին խոսելը համարեց ավելորդ, որովհետեւ դեռեւս չի ավարտվել բողոքարկումների վերջնական փուլը: «Գործ ունենք 7000 ընտանիքի հետ, եւ այդ մարդկանց չարժե ցնցումների մեջ պահել»: Վ. Մարտիրոսյանը միայն նշեց ակնհայտները. ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետում 34 միավորն անցնում է վճարովի համակարգում, 37-ը՝ պետպատվերով: Եվ զարմանքով նշեց, որ այս տարի Բժշկական համալսարանի պետպատվերով տեղերը կարելի է զբաղեցնել մինչեւ իսկ 34 միավորով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել