Լրահոս
Օրվա լրահոսը

Վետերաններին զեղչեր չե՞ն հասնում

Օգոստոս 21,2003 00:00

Վետերաններին զեղչեր չե՞ն հասնում Ավիաընկերությունները խախտում են ԱՊՀ շրջանակներում կնքված համաձայնագիրը 1993թ. մարտի 12-ին ԱՊՀ երկրների շրջանակներում կնքվել է համաձայնագիր՝ «Հաշմանդամների եւ Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների, ինչպես նաեւ՝ նրանց հավասարեցված անձանց զեղչով երթեւեկելու իրավունքների փոխադարձ ճանաչման մասին»։ Ինչ-որ մի պահի այդ համաձայնագիրը ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը անհասկանալի է համարել եւ 2002թ. նոյեմբերի 5-ին դիմել է ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ ԱՊՀ երկրների գործադիր քարտուղարությունից դրա վերաբերյալ մեկնաբանություններ ստանալու համար։ Թե ինչու է համաձայնագրի տեքստը հանկարծ 2002 թ.-ին անհասկանալի դարձել, այնքան էլ պարզ չէ, քանի որ մինչ այդ ինը տարի այն գործել է՝ առանց թյուրըմբռնումների։ Ոլորտի պատասխանատուներն այս մասին հարցումներին ի պատասխան ասում են, որ համաձայնագրից պարզ չէ «սեզոնային զեղչերի» ժամանակահատվածում զեղչերից օգտվողների քանակը, այն փաստաթղթերը, որոնց հիման վրա տրվում են զեղչերը եւ համանման այլ հարցեր։ Մեր տեղեկություններով, այս հարցերը պարզաբանելու «անհրաժեշտությունը» ծագել է այն բանից հետո, երբ զեղչի իրավունքից օգտվել մերժել են որոշ հաշմանդամների Գյումրիում եւ Երեւանում, եւ վերջիններս փորձել են իրենց իրավունքները ճշտել ՀՀ կառավարությունում եւ նախագահի աշխատակազմի վերահսկողական ծառայությունում։ Մինչդեռ Համաձայնագրի 2-րդ հոդվածը հստակ սահմանում է Հայրենական պատերազմի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կարգի հաշմանդամները եւ նրանց հավասարեցված անձանց անվճար եւ 50% զեղչով ԱՊՀ տարածքում երթեւեկելու իրավունքը եւ մանրամասնում դեպքերը։ Ավելին, այս հոդվածը վերոնշյալ կատեգորիայի անձանց ուղեկցողին էլ 50%-ի զեղչ է նախատեսում, թվարկում տրանսպորտի այն միջոցները, որոնցից նրանք կարող են օգտվել, սահմանում դրանցից օգտվելու ժամանակահատվածը՝ կլոր տարի։ Հոդվածով սահմանվում է նաեւ պահպանել այս անձանց սեզոնային զեղչի իրավունքը՝ հոկտեմբերի 1-ից մայիսի 15-ը։ Համաձայնագրում արդեն իսկ տեղ գտած այս հարցերի շուրջ մեկնաբանությունների համար է ԱՊՀ գործադիր քարտուղարությունը ՀՀ կառավարության խնդրանքով դիմել ԱՊՀ տնտեսական դատարան։ Վերջինն, ըստ էության, 2003թ. հունիսի 24-ի վճռով, ոչ մի նոր բան չի ավելացրել եւ միանշանակ վերահաստատել է Համաձայնագրի նորմերը։ Ամենակարեւորն այս վճռում թերեւս 6-րդ կետն է՝ «Վճիռը վերջնական է եւ բողոքարկման ենթակա չէ»։ Սա՝ երեւի հետագա ապահովագրության համար, որովհետեւ, վետերանների եւ հաշմանդամների իրավունքներից մի քանիսը մեր երկրում արդեն իսկ վերացվել էին՝ էլեկտրաէներգիայի մատակարարման եւ այլ ծառայություններից զեղչով օգտվելու արտոնությունները։ Մեր ավիաընկերություններն, իհարկե, հաջողացրին դադարեցնել սեզոնային արտոնությունների տրամադրումը մինչեւ կստացվեին վերոնշյալ մեկնաբանությունները։ Թե ինչքանով է դա օրինական, վետերանները կարող են վիճարկել դատարանում։ Սակայն ավիացիայի համակարգի պաշտոնյաներից մեկը, որը չցանկացավ հրապարակել իր անունը, հայտնեց, որ հիմա էլ, այսինքն դատարանի՝ «բողոքարկման ոչ ենթակա» վճռից հետո, ոչ մի ավիաընկերություն չի տրամադրում զեղչեր։ Երեկ այս առթիվ Քաղավիացիայի գլխավոր վարչությունից չհաջողվեց ստանալ այս մասին պարզաբանումներ։ Դրանք կներկայացնենք առաջիկայում։ Ա. ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել