Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ, ԲԱՅՑ ՉԱՇԽԱՏՈՂ

Օգոստոս 21,2003 00:00

ՍԵՓԱԿԱՆԱՇՆՈՐՀՎԱԾ, ԲԱՅՑ ՉԱՇԽԱՏՈՂ Չնայած երկրի ղեկավարությունը գոհ է ՀՀ ունեցվածքի մասնավորեցման արդյունքներից (ի տարբերություն «նախկին» սեփականաշնորհումից), այսօր բազմաթիվ են սեփականաշնորհման անհաջող դեպքերը: Առկա են վերջին շրջանում անհաջող մասնավորեցման անգամ «համալիր» օրինակներ. ապակու երեք գործարանները՝ «Հայապակի», «Գյումրիապակի» եւ «Արմավիրապակի»: Լեռնամետալուրգիայում՝ Ալավերդու պղնձամոլիբդենային, Ախթալայի եւ Քաջարանի լեռնահարստացուցիչ կոմբինատները եւ այլն: Անարդյունավետ սեփականաշնորհման օրինակներ կարելի է նշել անգամ ըստ ոլորտների. ծանր արդյունաբերությունից՝ Հաստոցաշինական գործարան, քիմիականից՝ «Նաիրիտ», Վանաձորի «Քիմպրոմ», մեքենաշինությունից՝ «Հայէլեկտրամեքենա», Էլեկտրոնիկայի ոլորտից այս ցուցակում ընդգրկվում են Տրանզիստորը, Աշտարակի կիսահաղորդիչների գործարանը, Դիլիջանի «Իմպուլսը» եւ այլն: Սրանց ավելացնենք առողջապահության համակարգի օբյեկտները, որոնց զգալի մասը եւս, ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանի գնահատմամբ, անհաջող են: Նշված գործարանները եւ օբյեկտները կամ չեն աշխատում ընդհանրապես, կամ ամբողջ հզորությամբ չեն գործում: Առանձնապես լավ վիճակում չեն նաեւ հանգստյան տները: Լավատեղյակների փոխանցմամբ, գրեթե չեն գործում ՀԱՄԽ-ին պատկանող Ջերմուկի, Արզնիի, Սեւանի հանգստյան տները: Հետաքրքիր է նկատել, որ այս օբյեկտներից շատերը շահագործման են հանձնվել մեծ շուքով եւ գնահատվել որպես հաջող գործարք: Հետեւաբար հարց է ծագում, արդյոք ճի՞շտ են պնդումներն այն մասին, որ մասնավորեցման, այսպես կոչված, առաջին շրջանում տնտեսությունը համատարած փլուզման ենթարկվեց, հանրապետության ունեցվածքը մաս-մաս վաճառվեց, թալանվեց եւ այլն: Նկատենք, որ անհաջող սեփականաշնորհման բազմաթիվ օրինակներ ժառանգել ենք նաեւ մասնավորեցման առաջին շրջանից: Այսինքն արդիական է դառնում հարցը, թե որոնք են այս բոլոր անհաջող գործարքների պատճառները: Իսկ այս հարցին պատասխան տալու համար նախ պետք է արձանագրել, թե ինչն է աշխատում Հայաստանում: Ժամանակը ցույց տվեց, տրամաբանությունն էլ հուշում է, որ բիզնեսի ա՛յն տեսակները, որոնք Հայաստանում շուկա, սպառում ունեն, կամ որի արտադրանքի արտահանումն էժան է: Այսինքն, առաջին հերթին, սննդարդյունաբերությունը: Առկա են դեռեւս «նախկինում» մասնավորեցված հաջող օրինակներ. «Աբովյանի» («Կոտայք»), Երեւանի («Կիլիկիա») գարեջրի գործարանները, Լուսակերտի թռչնաբուծական ֆաբրիկան, շամպայն գինիների, հանքային ջրերի («Ջերմուկ», «Բջնի») գործարանները եւ այլն: Իսկ սեփականաշնորհումն այդ ժամանակաշրջանում իրականացվում էր երեք եղանակով. մրցույթով, աճուրդով, ազատ բաժանորդագրությամբ: Ամենաշատ քննադատվողն այս վերջինն էր: Այժմ սա փոխարինվել է ուղղակի վաճառքով: Ընդ որում, ուղղակի վաճառքով են մասնավորեցվում նաեւ ամենանշանակալի, ռազմավարական արժեք ունեցող օբյեկտները. «Հայկական ավիաուղիներ», «Զվարթնոց» (եթե նկատի ունենանք, որ հավատարմագրային կառավարման հանձնելը նույնպես սեփականաշնորհման ձեւ է) եւ այլն: Որպես կանոն, հասարակությունը դժգոհ է մնում արդյունքներից: Եթե սրան գումարենք նաեւ այն, որ երբեմն օբյեկտները ծիծաղելիորեն ցածր են գնահատվում, ինչպես, օրինակ, «Հրազդանմաշի» դեպքում (ԶԼՄ-ները մանրամասներ են հաղորդել), կամ կոլեկտիվի անվան տակ ձեռնարկությունների տնօրեններին են տրվում, օրինակ, «Հայէլեկտրամեքենայի» դեպքում («Առավոտը» մանրամասներ է գրել), ապա ստացվում է, որ սուբյեկտիվիզմի գործոնն այժմ որոշակի՛ դեր ունի այս գործընթացներում, ի տարբերություն առաջին շրջանի, երբ մեխանիզմներն ու կարգերն էին ավելի շատ քննադատվում: Ա. Ն.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել