Լրահոս
Օրվա լրահոսը

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Օգոստոս 21,2003 00:00

ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանն «Առավոտին» ասել էր, թե չի համարում, որ նախագահի ընտրության ընթացքում վարչական պատասխանատվության ենթարկվածների քանակի վերաբերյալ Արդարադատության նախարարության հրապարակած տվյալները ճիշտ էին, մասնավորապես այն պատճառով, որ նախարարությունը «տվյալներ էր ստանում 2-3 դատարաններից, բայց Հայաստանի բոլո՛ր դատարաններն էին ներգրավված վարչական տույժերի ենթարկելու գործընթացում»: Այս առնչությամբ Արդարադատության նախարարի մամուլի քարտուղար Արա Սաղաթելյանն «Առավոտին» ասաց. «Տիգրան Տեր-Եսայանը թյուր է տեղեկացված Արդարադատության նախարարության կողմից իր կանոնադրական խնդրի՝ դատական վիճակագրության տվյալների հավաքագրման, հաշվառման եւ կուտակման գործառույթների առնչությամբ: Նշեմ, թե քանի որ այդ հարցը հասարակական ուշադրության կենտրոնում էր՝ այդ օրերին Արդարադատության նախարարությունը վարչական պատասխանատվության ենթարկված անձանց վերաբերյալ ամեն օր էր ստանում տվյալներ հանրապետության բոլո՛ր դատարաններից, եւ ամեն օրվա ավարտին այդ տվյալները տարածվում էին լրատվության միջոցներում: Այն մասին, որ պրն Տեր-Եսայանը թերեւս իրոք պատշաճ տեղեկացված չէր այդ գործընթացի մասին՝ վկայում է այն, որ մատնանշել է, թե Արդարադատության նախարարությունը հրապարակել է 86 հոգու վարչական պատասխանատվության ենթարկելու մասին, բայց երբեւիցե՛ չի եղել նման թիվ: Ինչ վերաբերում է նրա այն պնդմանը, թե իրենք այլ թվեր են ունեցել՝ չեմ բացառում, որ նա պարզապես շփոթում է վարչական պատասխանատվության եւ ՆԳ մարմիններ բերման ենթարկվածներին»: Արա Սաղաթելյանը նաեւ ծանոթացրեց վարչական պատասխանատվության ենթարկվածների վերաբերյալ վիճակագրական տվյալներին. «2003-ի առաջին կիսամյակում վարչական պատասխանատվության գործերով 1318 անձանց վերաբերյալ են կայացվել որոշումներ: Այդ թվում՝ մանր խուլիգանության համար պատասխանատվության են ենթարկվել 657 հոգի, ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջին չենթարկվելու համար՝ 457 հոգի, իսկ ժողովների, միտինգների եւ փողոցային երթերի կազմակերպման ու անցկացման սահմանված կարգի խախտման համար՝ 119 հոգի»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել