Լրահոս
Օրվա լրահոսը

Թշվառ, բայց ոչ անտեր Վրաստան

Օգոստոս 21,2003 00:00

Թշվառ, բայց ոչ անտեր Վրաստան Վրաստանն այսօր մեծ փոփոխությունների շեմին է կանգնած։ Նոյեմբերին այստեղ կայանալիք խորհրդարանական ընտրություններով պայմանավորված գործընթացները դեռեւս շատ չեն շիկացել, սակայն ներքաղաքական պայքարի վերջնամասն, ըստ ամենայնի, չափազանց բուռն է լինելու։ Բանն այն է, որ այդ ընտրությունները, փաստորեն, կանխորոշելու են նաեւ 2005 թվականին նախագահական պոստի համար մղվելիք պայքարի ելքը։ Ուստի, քաղաքական մեծ խաղի ոչ պակաս մեծ խաղադրույքներն արվում են արդեն այսօր։ Վրաստանի պարագան հատկանշվում է նաեւ մեկ այլ հանգամանքով։ Ի տարբերություն Հայաստանի եւ Ադրբեջանի, այստեղ հրապարակի վրա դեռեւս չի նշմարվում այն ֆիգուրը, ում օգտին աշխատելու է իշխանական վարչամեքենան, այլ խոսքով՝ ում օգտին կատարվելու են զանգվածային ընտրակեղծիքներ։ Շեւարդնաձեն այլեւս ավարտված գործոն է, իսկ նրան փոխարինող որեւէ ռեալ գործչի կերպար ցայսօր չի ուրվագծվել։ Այսինքն, ակամա ստեղծվել է մի վիճակ, երբ ազատ եւ արդար ընտրությունների անցկացումն ամենեւին չի բացառվում։ Այս համապատկերում ինչպես խորհրդարանական, այնպես էլ նախագահական ընտրություններին ընդդիմադիր դիրքերից ներկայանալը չափազանց հրապուրիչ է թվում, եւ ամենեւին էլ պատահական չէ, որ Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեն իր շուրջն է համախմբում կառավարության հանդեպ անհանդուրժողական կեցվածք ունեցող մի շարք ուժերի, ստեղծելով բավականաչափ սոլիդ նախընտրական միավորում։ Այս միավորման շանսերը բավականաչափ բարձր են նկատվում, հաշվի առնելով նաեւ այն, որ Բուրջանաձեին միանալու որոշում է կայացրել «Միավորված դեմոկրատներ» ազդեցիկ ընդդիմադիր կուսակցության առաջնորդ, խորհրդարանի նախկին խոսնակ Զուրաբ Ժվանիան։ Այդուհանդերձ, դիտորդները չեն բացառում, որ վրացական մնացյալ ընդդիմադիր հոսանքները, որոնք մտադիր են ինքնուրույն գնալ ընտրությունների, կարող են ինչ-ինչ համաձայնության եզրեր գտնել կառավարամետ «Հանուն նոր Վրաստանի» միավորման հետ։ Այս ամենից զատ, վրաստանյան նախընտրական խմորումները նաեւ ընդգծված միջազգային հնչեղություն ունեն։ ԱՄՆ-ն, որն այստեղ արդեն իսկ վիթխարի ներդրումներ է կատարել, ոչ մի պարագայում թույլ չի տա, որ իրադարձությունները զարգանան իր համար ոչ ցանկալի սցենարով։ Ասենք, այդպիսի սցենար, մեծ հաշվով, չի էլ նախատեսվում։ Վրաստանում, ի տարբերություն, ենթադրենք, Հայաստանի, բացակայում են ռուսամետ քաղաքական պաթոլոգիաները։ Վրաստանի առանց բացառության բոլոր քաղաքական հոսանքներն արտաքին կողմնորոշման խնդիրներ չունեն եւ ընդամենը պետք է լուծեն բովանդակային առումով պարզ՝ իշխանությունը նվաճելու խնդիր։ Ուստի, հինգերորդ շարասյուն ձեւավորելն այստեղ դյուրին գործ չի կարող լինել։ Դա իհարկե, չի նշանակում, որ Ռուսաստանն անվերապահորեն հաշտվել է Վրաստանի նկատմամբ իր ազդեցության լծակները կորցնելու մտքի հետ։ Ավելին, բոլորովին վերջերս ռուսական «ՌԱՕԵՍ»-ի եւ «Գազպրոմի» կողմից Վրաստանի էներգետիկ համակարգը գրեթե մենատիրական հիմունքներով սեփականելը ռուսական ռեւանշի խոսուն ցուցանիշ կարող է դիտվել։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել