Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես քաղաքականությունից մի քիչ հեռու մարդ եմ»

Օգոստոս 21,2003 00:00

«Ես քաղաքականությունից մի քիչ հեռու մարդ եմ» Խոստովանում է ԱԺ պատգամավոր եւ Աղվան Հովսեփյանի ընկեր Լեւոն Խաչատրյանը Թիվ 20 ընտրատարածքում ընտրված ԱԺ պատգամավոր Լեւոն Խաչատրյանի անունը շարունակ կապում են ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Աղվան Հովսեփյանի հետ: Նաեւ վստահեցնում էին, թե նրա թեկնածությունն այդ ընտրատարածքում (որն իր մեջ ընդգրկում է Ապարանի եւ Աշտարակի որոշ շրջաններ) առաջ են քաշել զուտ այն պատճառով, որ խոչընդոտեն Մյասնիկ Մալխասյանի ընտրության հնարավորությունը: Ըստ լուրերի, դրա համար է Աստրախանի հայ համայնքի ղեկավար Լ. Խաչատրյանը «համաձայնվել» է թողնել իր աշխատանքն Աստրախանում ու դառնալ պատգամավոր: Իրեն վերագրվող այս պնդումների առնչությամբ, Լ. Խաչատրյանն ասաց. «Երեւի միայն Նոստրադամուսը կարող էր ասել, որ եթե Լյովան դնի, Լյովան կանցնի ու Մյասնիկը չի ընտրվի: Ինձ իշխանությունները չեն պաշտպանել մինչեւ մայիսի 15-ը: Ուրիշին էին պաշտպանում»: Իսկ Աղվան Հովսեփյա՞նը, որն անգամ չարաշահելով պաշտոնական դիրքը, քարոզարշավների ժամանակ ապարանցիներին Խաչատրյանի ընտրության կոչով է դիմել ու կա նաեւ դա հաստատող տեսաերիզ: Մեր այս հարցին ի պատասխան նա ասաց. «Աղվան Հովսեփյանն իմ ընկերն է, բնական է… Նա քարոզարշավին չի մասնակցել: Տեսաժապավենը կարող է լինել միայն մեկ օրվա հետ կապված՝ մայիսի 2-ին, իմ ծննդյան օրը, Շենավանի հանդիպմանը: Դա համընկել է»: Իսկ թե ինչու են համառ լուրեր պտտվում, որ ընտրություններին Ա. Հովսեփյանն է եղել Լ. Խաչատրյանի հովանավորը, պրն Խաչատրյանի համար մինչ օրս պարզ չէ: «Չգիտեմ: Ես քաղաքականությունից մի քիչ հեռու մարդ եմ»: Իսկ հետո, թե. «Ա. Հովսեփյանն իմ ընկերն է, ի՞նչ է նշանակում՝ հովանավոր: Հովանավոր նա կարող է Ձեզ լինել, Պետրոսին, Պողոսին, որին պարզապես ճանաչում է կամ չի ճանաչում: Ինքն իմ մանկության ընկերն է: Մենք մի մարդ ենք: Հովանավոր լինում են անծանոթ կամ այսօր, երեկ ճանաչած մարդուն: Կամ՝ այն մարդուն, որի նկատմամբ համակրանք կա: Ընկեր հասկացողությունը շատ ավելի մեծ է, քան հովանավորինը»: Ուզում եք ասել, որ Ձեր մանկության ընկերը լինելով Ա. Հովսեփյանը չէ՞ր կարող Ձեր հովանավորը լինել ու չի՞ միջամտել Ձեր ընտրությանը: Այս դիտարկմանն ի պատասխան նա ասաց. «Որպես մարդ, ո՞նց կարող էր չմիջամտել: Նախ՝ ի՞նչ է նշանակում՝ միջամտել. որ եկել է ծնունդի՞ս հանդիպմանն համընթաց: Չգա՞ր ծնունդիս»: Բացի այդ, Լ. Խաչատրյանը գտնում է, որ իշխանական ռեսուրսների աջակցությունն ունենալու դեպքում անգամ հնարավոր չէր 70 % ձայն ստանալ. «Դա կարող է 5,8 % լինի, բայց ոչ 70»: Իսկ ինչ վերաբերում է ԱԺ «Ժողպատգամավոր» խմբին անդամակցելուն, ապա Լ.Խաչատրյանն այդ կապակցությամբ բավական հետաքրքիր մեկնաբանություն ունի. «Այնտեղ իմ վաղեմի ընկերությունն է՝ Վահրամ Բաղդասարյանը, Հակոբ Հակոբյանը, Կարեն Կարապետյանը: Նրանց հետ ես շատ հարցերում համախոհ եմ»: Հիշատակված պատգամավորների անունները նույնպես առնչվում են իշխանությունների աջակցությունը վայելած պատգամավորների շարքերին: Սակայն Լ.Խաչատրյանն այդպես չի կարծում՝ հավաստելով, թե նրանցից ոչ ոք իշխանությունների աջակցության կարիք չի ունեցել: Իսկ առհասարակ ԱԺ-ում Լ.Խաչատրյանը չի պատրաստվում օրենքի նախագծեր մշակել՝ խոստովանելով, որ ինքը չի կարող դա անել. «Ես օրենք չեմ գրելու, ո՞նց գրեմ: Ինչի՞ որ պատգամավոր են ընտրվում, մի օրում օրենք գրել ե՞ն սովորում: Երեւի ամբողջ հանրապետությունում 5 հոգի օրենք գրել չգիտի: Ես նայելու եմ՝ այդ օրենքներն իմ ապրած կյանքի, աշխատանքի հետ համապատասխանո՞ւմ են… Եթե ես օրենք գրել չգիտեմ, դա չի նշանակում, թե ես օրենքից բան չեմ հասկանում: Օրենքների հետ մենք ենք շփվել, զգացել՝ որտեղ է ցավացնում, որտեղ օգնում ու որտեղ ծիծաղեցնում»: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել