Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՋՈՒՐ ԵՆ ԼՑՆՈՒՄ ԱՄԲԱՍՏԱՆՅԱԼՆԵՐԻ ՋՐԱՂԱՑԻՆ»

Օգոստոս 21,2003 00:00

Տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների գործողություններն այսպես է գնահատում «27»-ի գործով մեղադրողների խմբի համակարգող Գագիկ Ավետիսյանը:

-Ինչպե՞ս եք վերաբերվում Օլեգ Յունոշեւի հայտարարությանը, թե «27»-ի գործով ամբաստանյալների եւ մեղադրողների դիրքորոշումները նույնական են. «Նրանք արդեն մեկ թիմ են դարձել, որոնք նույն նպատակներն են հետապնդում»:

– Օլեգ Յունոշեւը կա՛մ մոլորության մեջ է, կա՛մ էլ չարամտորեն հետապնդում է այլ նպատակներ: Երբե՛ք ու երբե՛ք մեղադրողներն ու ամբաստանյալները չեն կարող հանդես գալ նույն բանակում:

– Այնուամենայնիվ, մանավանդ վերջին շրջանում՝ ամբաստանյալները միշտ համաձայնում են մեղադրողների միջնորդություններին:

– Դա դեռեւս ոչինչ չի նշանակում: Իրենց խնդիրն է, թե ինչու են համաձայնում կամ ոչ: Բացի այդ՝ ոչ բոլոր դեպքերում են համաձայնում: Անհեթեթ մեկնաբանություն է, թե մենք մի թիմում ենք. դատավարության ամբողջ ժամանակաշրջանն է հիմնավորում, որ չի՛ կարող լինել նման բան: Այդպես կարելի էր մեկնաբանել, եթե մենք ամբաստանյալների հարցաքննությունը կամ ամբողջ դատավարությունը տանեինք պաշտպանական եւ ոչ մեղադրական կտրվածքով: Որեւէ մեկը չունի նման հիմնավորում եւ չի էլ կարող ունենալ:

– Հիմնավորումը մասնավորապես մեղադրողների միջնորդությունն է, որով հակառակ հանգամանալից ու մանրակրկիտ քննություն անցկացնելու մարտավարության՝ դադարեցվեց վկաների հարցաքննությունը եւ միտում կա արագացրած ավարտել դատավարությունը:

– Բազմիցս ասել եմ, որ երկու հասկացություններ պրն Յունոշեւն ու պրն Սարգսյանը շփոթում են իրար հետ: Մեղադրողներն ունեն քննության օպերատիվության ապահովման խնդիր, որը նաեւ մարդու իրավունքներին վերաբերող միջազգային բազմաթիվ փաստաթղթերի պահանջն է՝ խելամիտ ժամկետներում քննություն կատարելու մասին: Չկա ոչ մի արագացում: Եվ օպերատիվության ապահովումը երբեք ու երբեք չի կարող անդրադառնալ գործի լրիվության, օբյեկտիվության ու բազմակողմանիության ապահովման մասին օրենքի պահանջի կատարման վրա: Ե՛վ Աշոտ Սարգսյանին, ե՛ւ Օլեգ Յունոշեւին ես մի քանի անգամ ասել էի, թե մենք՝ մեղադրողներս, գտնում ենք, որ այն ապացույցները, որոնք ձեռք են բերվել վկաների հարցաքննությամբ՝ լիարժեք բավարար են հետեւություններ անելու 7 ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքների առնչությամբ, եւ անհրաժեշտություն չունենք քննարկել այլ ապացույցներ: Նրանց առաջարկել եմ միասին քննարկել՝ եթե կապացուցեն, որ, ասենք, վկա Աննա Իսրայելյանն իր ցուցմունքով մի նոր հանգամանք կարող է ավելացնել նախաքննության ընթացքում իր տված ցուցմունքներին, որ չունենք այսօր դատավարությունում (արդյոք նման հանգամա՞նք չէ այն, որ գործում որպես ապացույց առկա իմ ձայնագրության սղագրությունը էականորեն աղճատված է.- Ա. Ի.)՝ եկեք քննենք նաեւ Աննա Իսրայելյանին:

– Քննության լրիվության վրա չի՞ անդրադառնա այն, որ միջնորդեցիք չհարցաքննել նաեւ ԱԱՆ այն աշխատակիցներին, որոնց հետ հանցագործության նախապատրաստման շրջանում շփվել էր Նաիրի Հունանյանը, եւ որոնցից մեկին՝ ԱԱՆ մայոր Մելքոն Եսայանին անգամ հայտնել իր ծրագրերի մասին:

– Ձեր մատնանշած վկաներն այսօր ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքի հիմնավորման հետ չունեն որեւէ առնչություն:

– Այդ դեպքում ինչո՞ւ էին նրանց ներգրավել դատակոչված վկաների շարքում, զինդատախազության սխա՞լն էր:

– Չեմ կարող ասել: Երեւի այն ժամանակ մտածել են, թե բազմակողմանիությունն ապահովելու նպատակով նաեւ այս վկաներին կարող են հարցաքննել:

– Իսկ ինչո՞ւ հարցաքննեցիք ԱԱՆ նախկին աշխատակից Ղազար Սարգսյանին, որին էլ էր Հունանյանը հայտնել իր ծրագրերի մասին:

– Նրան հարցաքննելը մի նպատակ ուներ՝ ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքի մի բաղկացուցիչ մասն էլ վերաբերում է հանցագործության նախապատրաստման շրջանին: Ղազար Սարգսյանին հարցաքննեցինք այն նկատառումով, որ հիմնավորվի, թե նրանք իրոք փորձեր են արել մարդկանց ներգրավել այդ հանցագործության մեջ, խմբեր ստեղծել «կռվող տղաներից»:

– Եվ այդ մասին Ղազար Սարգսյանը զեկուցել է ԱԱՆ մեկ այլ աշխատակցի՝ Կարեն Տեր-Թաշճյանին, որին չհարցաքննեցիք:

– Այդ հարցերն արդեն վերաբերում են անջատված մասին: Ինձ համար տարօրինակ է, որ Աշոտ Սարգսյանը եւ Օլեգ Յունոշեւը, չնայած բազմիցս առաջարկել եմ նրանց ներկայացնել անջատված մասով գործի քննչական խմբին եւ հնարավորություն ստեղծել, որ ծանոթանան այդ գործի հանգամանքներին՝ մինչ այսօր չցուցաբերեցին նախաձեռնություն:

– Ի դեպ, Յունոշեւը պնդում է, որ Հունանյանի եւ ԱԱՆ-ի առնչությունների մասին վկայող փաստաթղթերը չկան գործի նյութերում:

– Նրա մատնանշած փաստաթղթերը կան դատավորի մոտ եւ ցանկության դեպքում կարող է ծանոթանալ դրանց: Մարդը չի ցանկանում ծանոթանալ. չգիտեմ, թե ինչ նպատակներ է հետապնդում: Ինձ համար խիստ տարօրինակ է այդ երկու փաստաբանների վարքագիծը: Եթե ուզում են բացահայտել ճշմարտությունը կամ ինչ-որ բանի հասնել՝ դատարանո՛ւմ պիտի հասնեն եւ ոչ թե այս միջնորդություններով, որ գործը ձգձգելու միտում ունեն, այլ հիմնավորվա՛ծ միջնորդություններով:

– Սակայն տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչները պնդում են, թե իրենց միջնորդություններն անընդհատ մերժվում են եւ սպառվել է դատարանի ապօրինի որոշումներին հակազդելու հնարավորությունը:

– Նրանք չէ, որ պիտի տան դատարանի որոշումների գնահատականը: Եվ ոչ էլ մենք ենք տալու՝ այդ գնահատականը տալու իրավունք ունեն միայն վերաքննիչ եւ վճռաբեկ դատարանները:

– Մեկնաբանություններ եղան, թե փորձում եք դատն ավարտել մինչ այն պահը, երբ ԱԺ-ն կվավերացնի մահապատիժն ամբողջությամբ արգելող արձանագրությունը, որ դատարանը կարողանա առավելագույն պատժի վճիռ կայացնել ահաբեկիչների նկատմամբ: Այլապես ինչո՞ւ հենց այժմ ծագեց քննության օպերատիվության ապահովման խնդիրը:

– Համենայն դեպս՝ ոչ Ձեր մատնանշած պատճառով: Արձանագրություն կվավերացնեն, թե ինչ կանեն՝ մեղադրողներիս համար հետաքրքրություն չի ներկայացնում: Խնդիրը լուծում է ԱԺ-ն. եթե կորոշեն մահապատիժը վերացնել՝ մեր վերաբերմունքը կլինի օրենքին համապատասխան: Այսօր չեմ էլ կարող ասել, թե ինչ պատիժ ենք պահանջելու:

– Ինչի՞ հետեւանք է, որ տուժողների իրավահաջորդները եւ մեղադրողները դատավարական մի կողմ լինելով՝ այժմ հանդես են գալիս տրամագծորեն հակառակ դիրքերից:

– Կարծում եմ՝ մենք դրա առիթը չենք տվել: Ես իրոք սա համարում եմ աննորմալ երեւույթ: Փոխանակ մենք մի բանակում պայքարենք ամբաստանյալների դեմ՝ պայքարում ենք մեկս մյուսի դեմ: Իմ կարծիքով՝ տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներն իրենց այս վարքագծով ջուր են լցնում ամբաստանյալների ջրաղացին:

Զրուցեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2003
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031