Լրահոս
Օրվա լրահոսը

Փեսան թալանեց զոքանչին

Օգոստոս 20,2003 00:00

Փեսան թալանեց զոքանչին Սակայն գող փեսայի գույքը բռնագրավվեց հօգուտ պետբյուջեի Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում մի շատ հետաքրքիր քրեական գործի քննություն էր ընթանում։ Լսվում էր Հարություն Ղամբարյանի նկատմամբ հարուցված քրգործը։ Նա մեղադրվում էր գողության մեջ։ 2002թ. հունիսից մինչեւ 2003թ. հունվարի 8-ը ժամանակահատվածում, ըստ նախաքննությունը իրականացրած մարմնի, նա մուտք էր գործել իր զոքանչ, գործով տուժող Հասմիկ Գրիգորյանի բնակարանը եւ այնտեղից մաս-մաս գողացել 7000 ԱՄՆ դոլար եւ 6 կտոր ոսկյա զարդեր՝ 2.285.000 դրամ արժողությամբ։ Իհարկե, նա դատարանում պատճառաբանեց, որ նշված գումարով ինքը գնել է մանդարին՝ վերավաճառելու նպատակով, սակայն չի կարողացել շահույթ ստանալ։ Լոռու մարզի առաջին ատյանի դատարանում (դատավոր՝ Վ. Ղազարյան) նա այդպես էլ չկարողացավ պատճառաբանել, թե ինչու է մանդարինի վերավաճառելու եւ դրանից շահույթ ստանալու նպատակով դիմել գողության։ Ընդ որում, գողությունը բացահայտել էր զոքանչը։ Փեսան խոստացել էր պատճառված վնասը վերականգնել, սակայն չէր կարողացել եւ Հարություն Ղամբարյանին դատարանը դատապարտել էր ազատազրկման՝ 4 տարի ժամանակով։ Այստեղ տարօրինակն այն է, որ դատավճռով նախատեսված էր անձնական գույքի բռնագրավում հօգուտ պետբյուջեի, ինչը պատճառ էր դարձել, որ ՀՀ վերաքննիչ դատարան դիմի տուժողը։ Տեղեկացնենք, որ տուժողը Վանաձորի պետական մանկավարժական ինստիտուտի կենդանաբանության, ֆիզիոլոգիայի եւ բժշկագիտության ամբիոնի վարիչ Հասմիկ Գրիգորյանն է։ Վերաքննիչ բողոքին զուգահեռ, Հասմիկ Գրիգորյանը դիմել էր ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանին՝ ասելով, որ իր նկատմամբ կատարվել է ահավոր անարդարություն՝ օրենքի կոպիտ խախտումով։ Նա համաձայն չէր, որ հանցագործությունը որակվել է ՀՀ քրօրենսգրքի 86 հոդվածի 3-րդ մասով (խոշոր չափի գույքի հափշտակություն)։ «Անտեսելով իմ ցուցմունքները, գոյություն ունեցող փաստաթղթերը, իմ վնասը բացարձակապես չի հատուցվել»,- շարունակել էր ահազանգել Հ. Գրիգորյանը։ Հետաքրքիր է, որ գող փեսան ներկայացել էր զոքանչին իբրեւ պաշտպանության նախարարության աշխատակից՝ կապիտանի կոչումով, նույնիսկ ասել էր, որ ինքը գեներալ Դարիբալթյանի թիկնապահն է, ինչը բարյացակամ հարաբերություններ էր ապահովել զոքանչի ընտանիքի հետ։ Հանցագործությունը բացահայտելու նպատակով զոքանչը դիմել էր հետաքրքիր հնարքի: 100 դոլարանոցը ներկելով իր լաբորատորիայում ունեցած կարմիր փոշու ֆիքսատորով, նա կարողացել է կանխել հերթական գողությունը։ Ղամբարյանը ձեռքը մտցնելով նրա պայուսակի մեջ, երբ ցանկանում է գողանալ գումարը, ներկում է ձեռքը, հագուստը։ Ղամբարյանը դատարանում իրեն մեղավոր էր ճանաչել, չնայած այն բանին, որ փորձում էր իր գողությունն արդարացնել բիզնեսով։ Վերաքննիչ դատարանը նույնպես թողեց դատավճիռը անփոփոխ եւ կրկին որոշեց առգրավելիք գումարը բռնագանձել հօգուտ պետբյուջեի։ Հ. Ղամբարյանը իրեն լիովին մեղավոր է ճանաչել (պաշտպանը հայտնի փաստաբան Լ. Գոգինյանն է), ասել էր, որ տիրապետում է հայերեն բանավոր եւ գրավոր լեզվին, մինչդեռ դատավարության ժամանակ ներմուծվեց մի թարգմանիչ (մորաքրոջ ընկերուհին), որը իրականացնում էր ռուսերենից հայերեն թարգմանությունը։ «Մեր հանրապետությունում, ստացվում է, որ 6 մլն դրամից ավելի գողանալու դեպքում հանցագործը կարող է նույնիսկ չդատվել։ Չնայած այս գործի խիստ ընտանեկան լինելուն, որ մեծ տարածում է ստանում Վանաձորի ողջ բնակչության շրջանում, կարող եմ ասել, որ Լոռու մարզի բնակչությունը տեղեկացավ հարստանալու մի հեշտ ճանապարհի մասին»,- դժգոհում է տուժող Հ. Գրիգորյանը։ Տեսնենք, թե ինչ կսպասվի ՀՀ վճռաբեկ դատարանում, որի վարույթ է ընդունվել սույն քրգործը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել