Լրահոս
Օրվա լրահոսը

ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ՝ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ

Օգոստոս 20,2003 00:00

ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ՝ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐՈՒՄ Վանաձորում ծառայելու համար այլեւս կաշառք չի պահանջվի Օգոստոսի 6-ի գիշերը Վանաձորի զորամասերից մեկում 3 զինվորների (Համլետ եւ Լեւոն Բարսեղյաններ, Արմեն Դավթյան) սպանության վերաբերյալ պաշտոնական լրատվության մեջ ակնարկվեց, որ կատարված հանցագործությունը գողության նպատակ չի հետապնդել, քանի որ զորամասում պահպանության համար արժանահիշատակ որեւէ արժեք չի եղել։ Ըստ այդմ՝ անհրաժեշտություն չի եղել պահպանություն իրականացնող զինվորներին զենքով ապահովելու, թեեւ, ըստ նախաքննության մարմնի տվյալների, սպանությունը կատարվել է զինծառայողների քնած ժամանակ, իսկ դա նշանակում է, որ նրանք պահակային ծառայություն չեն իրականացրել՝ դրա անհրաժեշտությունը չգտնելով։ (Եթե նույնիսկ իրականացնեին, ինչպե՞ս էին պաշտպանվելու ավտոմատի դեմ՝ ձեռնամարտո՞վ)։ Հարց է ծագում. ո՞րն է այդ ծառայակետի դերը (քաղաքում գտնվող), եթե նույնիսկ հեռախոսակապ էլ չի ունեցել, որի մի ապացույցն էլ այն է, որ զինվորներից մեկի մոտ բջջային հեռախոս է եղել (ըստ պաշտոնական լրահոսքի)։ Ինչպես հավաստում են այդ թաղամասի հնաբնակները, խորհրդային տարիներին այդ ծառայակետը հսկող ռուսական զինված ուժերը ապահովված են եղել եւ զենքով, եւ հեռախոսակապով։ Կատարված ողբերգությունը քաղաքում քննարկումների թեմա է դարձել։ «Խեղճ երեխեքը, ով գիտի՝ ինչքան փող ծախսած են եղել, որ Կիրովականում ծառայեն»։ Կարծում ենք, գաղտնիք չէ այն, որ տարբեր վայրերում տեղակայված զինմասեր «ընկնելու» համար չգրված «տաքսի-գներ» կան (միջազգային tax՝ հարկ բառից է): Ըստ այդմ, եթե Վանաձորում ծառայելը համարվել է «խաղուպար»՝ սահմանամերձ վայրերից հեռու գտնվելու համար, ապա, թերեւս, վերջին 2 տարիների դեպքերից հետո մարդիկ սկսեն գումար «խաղացնել», որ Վանաձոր չընկնեն։ Հիշեցնենք, որ 2002թ. Վանաձորի զինմասերից մեկում դաժանորեն ծեծվելու հետեւանքով մահացավ գյուղակադեմիայի ասպիրանտը, իսկ 2001թ. Լոռու մարզի մեկ այլ զորամասում տիրող բարքերի հետեւանքով ինքնասպանության դեպք արձանագրվեց։ 2 դեպքերով հարուցված քրգործերով կալանքի վերցվեցին եւ տարբեր պատժաժամկետներով դատապարտվեցին այդ զորամասերի հրամանատարները՝ մեղադրվելով պաշտոնեական դիրքի չարաշահման, ծառայական պարտականություններին անփույթ վերաբերվելու համար։ Ինչպես պարզվեց ՀՀ զինդատախազի ելույթից, օգոստոսի 6-ի դեպքով էլ զորամասի սպայակազմը պատասխանատվության կենթարկվի։ Տպավորություն է ստացվում, որ մինչեւ զորամասում ողբերգություն տեղի չի ունենում, զինվորական համակարգում տիրող բարքերով ոչ ոք չի հետաքրքրվում։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ Վանաձոր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել