Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահի տունը ճեղքված է

Օգոստոս 20,2003 00:00

Նախագահի տունը ճեղքված է Արամի 9 շենքի բնակիչները շենքի վթարային վիճակի վերաբերյալ կրկին բողոքելով «Առավոտին», հույս չունեին, թե ինչ-որ բան կփոխվի, բայց լռել նույնպես մտադիր չեն։ Նույն թեմայով նրանք առաջին բողոքը հղել էին 2001թ.։ Շենքի ճակատին փակցված ցուցատախտակներն ազդարարում են, որ այն պահպանվում է պետության կողմից եւ որ այստեղ ապրել է Հայաստանի առաջին հանրապետության առաջին նախագահ Արամ Մանուկյանը։ Իսկ կախովի պատշգամբից ցցված տախտակները, որոնք մի ժամանակ ծառայել են որպես հատակ, ինչպես նաեւ աջ կողային պատի լայն ու երկար ճեղքը վկայում են, թե որքան լավ է պետությունն իրականացրել «պահպանման» իր պարտականությունը։ Շենքն արդեն երկու մասի բաժանող այդ ճեղքվածքը թափանցել է բնակարանների ներսն ու կիսել պաստառները։ Անհանգստացած բնակիչները մի քանի տարի առաջ դիմել են պատկան մարմիններին։ Հուշարձանների պահպանության վարչությունն ի սկզբանե հրաժարվել է խնդրի քննարկումից, որովհետեւ «դրա համար պետությունից գումար չենք ստանում»։ Երեկ վարչության պետի տեղակալ Սամվել Մուսոյանը լրացրեց ասվածը. «Մենք էլ ենք գտնում, որ եթե փակցնում ենք այդ ցուցատախտակը, ուրեմն պիտի որեւէ կերպ ներազդենք պահպանության խնդրին, բայց 1988-ից այս կողմ նման հնարավորություն չի ստեղծվել. մասնակի ու անբավարար ֆինանսավորում պետության կողմից տրամադրվել է ոչ թե բնակելի շենքերի, այլ 4-5-րդ դարերի մշակութային կոթողների վերականգնման համար»։ Պարոն Մուսոյանի պարզաբանմամբ, «մենք միայն կնքում ենք այդ շենքերի սեփականատերերի հետ պահպանական պայմանագիր, որ վերանորոգումների ժամանակ հաշվի առնեն մեր կարծիքը»։ Արամի 9 շենքում ապրում է 8 ընտանիք։ Նրանց ընդհանուր բողոքը մի քանի տարի առաջ հասցեագրվեց Երեւանի քաղաքապետարան, Կենտրոն թաղապետարան, ԱԺ։ Արդյունքում՝ 3-րդ կարգի վթարային շենքը 2000թ. ներառվեց Երեւանի վթարային շենքերի ցանկում ու ներկայացվեց կառավարության ֆինանսավորմանը։ Բնակիչներն ունեն Կենտրոնի նախկին թաղապետ Արարատ Զուրաբյանի որոշման պատճենը, ըստ որի 2001-ի դեկտեմբերին թաղապետարանը հատկացրել է 3 մլն 600 հազար դրամ՝ Արամի 9 շենքի վերանորոգման համար, որից 900 հազարը փոխանցել «Շինվերանորոգում» ՓԲԸ-ին՝ որպես կանխավճար։ Դժվար է ասել, թե հետագայում ինչ չափով է կատարվել որոշումը գումարի հատկացման տեսանկյունից, բայց բնակիչները հավաստիացնում են, որ ոչ մեկը շենքին չի մոտեցել եւ իրենցով չի հետաքրքրվել։ Կասկածից վեր է, որ վերանորոգում այդպես էլ չի սկսվել՝ շենքի վիճակը վկա։ Օդի մեջ են մնացել նաեւ քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանի՝ շենքի նորոգման հետ կապված բազմաթիվ գրավոր հանձնարարականները Կենտրոնի թաղապետին։ Բնական է բնակիչների անվստահությունը նաեւ քաղաքային ու համայնքային նոր իշխանությունների հանդեպ, թեպետ դիմել են նոր թաղապետին եւ սպասում են պատասխանի։ «Եթե նյութապես ի վիճակի լինեինք՝ մենք կնորոգեինք, ոչ մեկին էլ չէինք դիմի»,- ասացին նրանք։ Նշենք, որ «Երեւաննախագիծ» ընկերության կազմած հաշվարկով անհրաժեշտ է $ 6300 գումար, որպեսզի պատերն էլ, տանիքն էլ նորոգվեն։ Այսինքն, յուրաքանչյուր ընտանիք պետք է տրամադրի շուրջ $ 700, որպեսզի «ոտքը կտրի» տարբեր ատյաններից։ «Որտեղի՞ց, թե չէ ափսոսալու տեղը չէ, մեկ է, յոթ տարի է՝ բողոքում ենք, ո՞վ ինչ արեց»,- եզրափակեցին բնակիչները։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ Հ. Գ. Թաղապետարանի կոմունալ բաժնի պետ Միքայել Դավթյանը հավաստիացրեց, որ՝ «մենք դիմում չենք ստացել բնակիչներից, նախորդների համար էլ պատասխան տալ չենք կարող, թող գրավոր դիմեն մեզ՝ կորոշենք ինչ ընթացք տալ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել