Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞ՆՉ ՕԳՈՒՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԻՑ

Օգոստոս 20,2003 00:00

Ի՞ՆՉ ՕԳՈՒՏ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՄԻՋԱՄՏՈՒԹՅՈՒՆԻՑ «Ես երբեք ուղղակի չեմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանը պատասխանատու է «27»-ի համար»,- ասում է Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւը, որի մի հայտարարությունը առիթ դարձավ ասուլիսից հետո առանձին զրույցի համար: «Իհարկե, անթույլատրելի է դատական մարմինների աշխատանքին խառնվելը եւ ոչ ոք իրավունք չունի միջամտել դատարանի օրինական գործողություններին, բայց եթե խնդիրն արդեն դատավոր Ուզունյանի կողմից Քրեական դատավարության դրույթների կոպտագույն խախտումն է՝ պետք է միջամտեն այնպիսի մարմիններ, ինչպիսիք Արդարադատության խորհուրդն է, որը նման իրավիճակում ուղղակի պարտավոր է քննել դատավորի վարքագիծը,- ասաց Օլեգ Յունոշեւը եւ հավելեց:- Բնական է՝ պիտի միջամտի նաեւ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը ոչ միայն Արդարադատության խորհրդի նախագահն է եւ ստորագրում է դատավորների նշանակման հրամանագրերը, այլ ըստ Սահմանադրության՝ երաշխավորն է, որ պահպանվեն բոլոր քաղաքացիների իրավունքները: Մենք հերթական անգամ խնդրում եւ պահանջում ենք նրանից՝ միջամտե՛լ, քանի որ սպառված են օրինական բոլոր մեթոդները, որոնցով հնարավոր է հակազդել դատավոր Ուզունյանի եւ մեղադրողների անօրինականություններին»: Մինչդեռ ակնհայտ է, որ մեղադրողների նախաձեռնությունը չէր, որ ամբաստանյալ Վռամ Գալստյանի կեղծ հիվանդության պատրվակով՝ դատավարությունը հետաձգվեց նախընտրական շրջանում: Ակնհայտ է՝ մեղադրողների (առնվազն նրանցից 1-2-ի) ոչ սեփական ցանկությամբ էր, որ նրանք նահանջեցին գործի բոլոր հանգամանքները մանրակրկիտ եւ հանգամանալից ուսումնասիրելու մարտավարությունից, որով առաջնորդվում էին դատավարության սկզբից ի վեր եւ կրճատվեցին հատկապես այն վկաները (օրինակ՝ ԱԱՆ-ի աշխատակիցները, որոնք շփվել էին Նաիրի Հունանյանի հետ, իսկ նրանցից մեկին նա անգամ հայտնել էր իր հանցավոր մտադրությունների մասին), որոնք կարող էին լույս սփռել այս գործի գլխավոր հարցերից մեկի վրա, թե ԱԱՆ-ն բավարար տեղեկատվություն ունե՞ր կանխելու այս ոճրագործությունը, եւ եթե դա չի արվել՝ հանցավոր անփութությա՞ն հետեւանք էր, թե՞ միտումնավորության: Ուրեմն, «27»-ի գործով իշխանության ակնհայտ շահագրգռության պայմաններում ի՞նչ հույսերով է նրանց խնդրանքներ ու պահանջներ հասցեագրում այս դատավարությունում, ըստ էության, միայնակ մնացած Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցիչը: Սակայն Օլեգ Յունոշեւը դեռ ասուլիսում էր հայտարարել. «Չեմ ցանկանում ենթադրություններով առաջնորդվել, թե ով է ում «թելերը քաշում»: Ուզում եմ անհերքելի փաստերը շեշտադրել՝ կան կոպտագո՛ւյն խախտումներ եւ նախագահը պարտավոր է միջամտել: Նրա փոխարեն ուրիշ ո՞վ կարող է դա անել: Ոչ ոք… Ես միշտ ասում եմ դատախազներին, որ իրենց միջնորդությամբ ամենավատ ծառայությունը մատուցեցին Ռոբերտ Քոչարյանին, քանի որ այժմ բոլորը մտածում են, թե վկաների հարցաքննությունը սահմանափակելու գործողությամբ դատարան ներկայանալու հոգսից փորձեցին ազատել Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին»: Իսկ մեր առանձնազրույցում պարզաբանեց, թե ինչպես է պատկերացնում Քոչարյանի միջամտությունը. «Չեմ ասում, թե նա պետք է հրահանգի՝ դատավո՛ր Ուզունյան, հապա փոխիր քո որոշումը համաներում կիրառելու մասին կամ մեկ այլ բան արա: Բայց եթե դատավորը կոպտագույն կերպով ոտնահարում է օրենքը եւ լուրջ հիմքեր կան համարելու, թե նա կանխակալ մոտեցում ունի գործի նկատմամբ՝ այս իրավիճակում նույնիսկ Դատավորների միությունն է պարտավոր քննարկել իր անդամների վարքագիծը: Իսկ Ռոբերտ Քոչարյանը՝ որպես Արդարադատության խորհրդի նախագահ, կարող է դիմել Դատավորների միությանը եւ առաջարկել քննել այդ փաստերը»: Այնուամենայնիվ՝ ակնհայտ է, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ միայն իր պաշտոնավարման ընթացքում եղած դրական տեղաշարժերի՝ ասենք, բացված հյուրանոցների եւ փողոցների նոր եզրաքարերի համար է պատասխանատու, այլ նաեւ բացասականի՝ ասենք, նման խոշոր ոճրագործության համար: Ստացվում է, որ օգնության խնդրանքով դիմում եք «27»-ի համար պատասխանատուի՞ն՝ մեր այս հարցին ի պատասխան փաստաբանն ասաց. «Ես երբեք ուղղակի չեմ ասել, որ Ռոբերտ Քոչարյանը պատասխանատու է «27»-ի համար: Ես փաստերով եմ խոսում: Ամեն դեպքում՝ կազմակերպիչ կամ առնչակից լինելը պետք է ապացուցել: Սակայն ակնհայտ փաստ է, եւ պետք չէ ապացուցել որ նա չի միջամտում, երբ պարտավոր էր միջամտել իբրեւ պաշտոնատար անձ»: Ի դեպ, «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը նշեց. «Պարոն Յունոշեւը խոսեց, թե Ռոբերտ Քոչարյանն ինչպես կարող է իրավական դաշտում արձագանքել դատարանի ապօրինություններին: Իսկ քաղաքական առումով՝ կարծում եմ, որ «27»-ի բացահայտմանը Ռոբերտ Քոչարյանը առավելագույնս օգուտ կարող է տալ, եթե հրաժարական տա՝ դադարեցնելով դատավարության ուղղորդումը եւ ոճրագործներին տրվող երաշխիքները»: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել