Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՀԱԲԵԿՉԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ

Օգոստոս 20,2003 00:00

ԱՀԱԲԵԿՉԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍՊԱՌՆԱԼԻՔԸ «Առավոտի» խնդրանքով մեկնաբանելով դատախազության հայտարարությունը, թե «27»-ի գործով տուժողների ներկայացուցիչները չեն արձագանքել իրենց միջնորդությունների կապակցությամբ դատախազության հրավերներին, եւ անջատված մասով որեւէ միջնորդություն չեն արել վկաներ հարցաքննելու մասին՝ Վազգեն Սարգսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Օլեգ Յունոշեւը երեկ ասուլիսում ասաց, թե միջնորդություններ արել է, երբ այդ գործը զինդատախազությունում էր. «Դիմումներ ենք հղել, որոնք հասցեագրված էին նաեւ գլխավոր դատախազին»: Նաեւ նշեց, որ դրանց որեւէ պատասխան չի ստացել: Օլեգ Յունոշեւը հայտնեց, թե իրեն ծանուցագրեր են ուղարկվել հարցաքննելու որպես վկա միայն Տիգրան Նաղդալյանի սպանության գործով՝ ոչ «27»-ի անջատված մասով: Բացի այդ՝ զարմանք արտահայտեց. թե ինչո՞ւ պիտի համաձայնելով գործից մաս անջատելու ապօրինի որոշմանը՝ ընթացող դատաքննության պայմաններում միջնորդություններ ներկայացնեին դատախազությանը, եւ ոչ դատարանին: Օլեգ Յունոշեւը հայտարարեց, թե դատարանն էլ իրենց հնարավորություն չընձեռեց լիարժեք ուսումնասիրել ապացույցները: Սակայն ըստ փաստաբանի՝ եթե անգամ կոծկվի դատաքննությունը, դրանով այն չի ավարտվի. «Նախ՝ օրենքով թույլատրվում է վերսկսել դատավարությունը նոր ի հայտ եկած հանգամանքների կամ նախագահողի կողմից օրենսդրության կոպիտ խախտումների պարագայում: Իսկ դատավոր Ուզունյանի թույլ տված կոպտագույն խախտումներն այլեւս կարիք չունեն ապացուցման»: Օլեգ Յունոշեւը ցավով նկատեց, որ «27»-ի գործով դատավարությունը խիստ փոխկապակցված է Հայաստանի քաղաքական կյանքին. «Իշխանությունը կարող է փոխվել, իսկ այդ ժամանակ՝ ես վստահ եմ, որ կվերսկսվի դատը»: Ի դեպ, փաստաբանը հետաքրքիր մեկնաբանություն տվեց, թե ինչու Նաիրի Հունանյանը միջնորդեց հարցաքննել Ռոբերտ Քոչարյանին, որ նա հաստատի, թե ինքն ինքնակամ է հանձնվել. «Եթե բացահայտվի, որ նա ոչ թե ուժային լուծումների կամ այլ սպառնալիքի ներքո է դադարեցրել իր հանցավոր գործունեությունը՝ սա շատ խիստ մեղմացնող հանգամանք է: Նման դեպքում՝ մեր օրենսդրությամբ, քրեական հետապնդումն ընդհանրապես է դադարեցվում… Կարծում եմ, սա ուղղակի սպառնալիք էր նախագահ Ռոբերտ Քոչարյանի հասցեին, թե արի եւ ասա, որ Նաիրի Հունանյանը ինքնակամ է զենքը վայր դրել, իսկ եթե չգաս՝ կմտածենք ինչ անել»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել