Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեւականության քաղաքակիրթն է լավ

Օգոստոս 20,2003 00:00

Ձեւականության քաղաքակիրթն է լավ Արդեն 1 տարուց ավելի է, ինչ բրիտանական Լինքս կազմակերպության նախաձեռնությամբ հանդիպումներ են տեղի ունենում Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի խորհրդարանների ներկայացուցիչների միջեւ: Այդ հանդիպումների ընթացքում որոշվել է ստեղծելՀարավային Կովկասի միջխորհրդարանական նախաձեռնություն, որը տարեկան 2 անգամ պիտի գումարի լիագումար նիստեր: ՀՀ ԱԺ-ից այդ հանդիպումներին մշտապես լիազորված են մասնակցելու ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը, որը ղեկավարելու է նաեւ հիշյալ պատվիրակությունը, «Օրինաց երկրի» փոխնախագահ Մհեր Շահգելդյանն ու ՀՅԴ-ական Լեւոն Մկրտչյանը: Երեկվա ասուլիսում Տ. Թորոսյանը տեղեկացրեց, որ յուրաքանչյուր խորհրդարանից պետք է ներկայացված լինեն 3 մշտական եւ 7 կամայական լիազորություններով ներկայացուցիչներ: «Մշտական լիազորություններով 3 պատգամավորները լինելու են նախագահության կազմում եւ տարեկան 3-4 անգամ մասնակցելու են նախագահության նիստերին»,- ասաց Տ. Թորոսյանը՝ ավելացնելով, թե՝ նաեւ որոշվել է, որ մինչ այս տարվա վերջը այդ նիստերը նախագահելու է Լինքսի ներկայացուցիչը, իսկ 2004թ. սկզբից, ըստ սահմանված հերթականության, առաջին կիսամյակին նախագահելու է Վրաստանը, հետո Հայաստանը, ապա նոր՝ Ադրբեջանը: Այդ հանդիպումների ժամանակ, ինչպես նշեց Տ. Թորոսյանը, քննարկվելու են վերոհիշյալ 3 կողմերին հետաքրքրող տարբեր բնույթի թվով 3 հարցեր, որոնցից մեկը վերաբերում է Հարավային Կովկասում հակամարտությունների կանխարգելմանն ու խաղաղ լուծման խնդիրներին: «Առաջիկա լիագումար նիստի ընթացքում, որը տեղի կունենա տարեվերջին, կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության հետ կապված դիրքորոշումները»,- ասաց ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավարը: Ինչպիսի՞ դիրքորոշում են որդեգրելու այդ հարցում ԱԺ քաղաքական ուժերը: Այս հարցին ի պատասխան Տ. Թորոսյանն ասաց. «Բնականաբար, որեւէ մեկը միամտություն չունի կարծելու, թե այդ հանդիպման ժամանակ լուծվելու է Ղարաբաղի խնդիրը: Նման միամտություն չունեն ոչ ԱԺ, ոչ էլ Լինքսի ներկայացուցիչները»: Այս միջխորհրդարանական պատվիրակությունը, սակայն, արդեն հասցրել է ձեռք է բերել մի քանի աշխատանքային պայմանավորվածություններ, որոնք նույնպես, ինչպես պատվիրակության ստեղծումը, անհասկանալի են: «Կողմերից յուրաքանչյուրը պետք է առնվազն 1 ամիս առաջ իր տեսակետը ներկայացնի գրավոր, եւ այդ փաստաթղթերը փոխանցվեն նաեւ մյուս կողմերին, միջազգային փորձագետների, որոնք իրենց եզրակացությունը կարող են տալ կողմերի դիրքորոշումների վերաբերյալ»,- ասաց ԱԺ փոխնախագահը՝ այդ հանդիպումներում կարեւորելով միմյանց տեսակետները լսելու հանգամանքը: «Եթե սա հաջողվի ու դրա հետ մեկտեղ հաջողվի ապահովել այն, որ այդ հանդիպումները կայանան քաղաքակիրթ պայմաններում՝ առանց փոխադարձ վիրավորանքների, ապա կարծում եմ, որ դա ինքնին կարող է լինել ձեռքբերում»,- վստահեցնում էր նա: Լ. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել