Լրահոս
Օրվա լրահոսը

«ԷԴ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ ԵՍ ՉԵՄ ԿԻՐԱԼ»

Օգոստոս 20,2003 00:00

«ԷԴ ՑՈՒՑՄՈՒՆՔԸ ԵՍ ՉԵՄ ԿԻՐԱԼ» Երեկ դատարանում հայտարարեց «քաղաքացիական բարձր գիտակցություն ունեցող» քիլլեր Ջոն Հարությունյանը Երեկ Տիգրան Նաղդալյանի սպանության քրգործով դատաքննության ընթացքում ամբաստանյալ Ջոն Հարությունյանը սկսեց ցուցմունքներ տալ: Իսկ մինչ այդ դատարանի որոշման համաձայն դատարանի դահլիճից դուրս բերվեցին ամբաստանյալներ Արմեն Սարգսյանն ու Գեղամ Շահբազյանը, որն, ի դեպ, ըստ քրգործի նյութերի, համակարգել էր Տ.Նաղդալյանի սպանության նախապատրաստական փուլը: Ապա Ջ.Հարությունյանը դատավորի հարցին, թե պնդո՞ւմ է իր նախաքննական ցուցմունքները, բացասական պատասխան տվեց՝ պարզաբանելով. «Կեսը ճիշտ եմ ասելը, կեսը՝ չէ»: Ամբաստանյալն իր ցուցմունքները շարադրեց ղարաբաղի բարբառով, որն անհասկանալի էր դատավարության կողմերին եւ մասնակիցներին: Տուժողի իրավահաջորդի շահերի պաշտպան Ռուբեն Ռշտունին նույնիսկ առաջարկում էր դատարանին թարգմանիչ հրավիրել: Ու երբ դատավոր Սարո Արամյանը ամբաստանյալին հորդորեց գրական հայերենով խոսել՝ քաջալերելով նրան, թե նա դա կարող է, թե դատավորը կարդացել է ամբաստանյալի գրական հայերենով շարադրված նախաքննական ցուցմունքները, Ջ. Հարությունյանն անկեղծորեն խոստովանեց՝ «Էդ ցուցմունքը ես չեմ կիրալ»: Հետո նա պատմեց, որ ամեն ինչ սկիզբ է առել դեռ 2002-ի սեպտեմբերին, երբ Հադրութում ծանոթացել է Գեղամ Շահբազյանի հետ, որն էլ նրան հրավիրել է Երեւան, թե՝ մարդ սպանելու գործ կա: Ջ.Հարությունյանը համաձայնել է: Վերջինս եւ Ֆելիքս Առուստամյանը Հայաստան են ժամանել: Ավելի ուշ Գ.Շահբազյանն ասել է, թե մարդ պետք է սպանել, որի համար 30 հազար դոլար են տալիս: Վերջինս սպանության թիրախ Տ.Նաղդալյանին ներկայացրել է՝ «մեծ պաշտոնի մարդ ա, ժուռնալիստ ա», որը «սխալ» բաներ է խոսում, «27»-ի կազմակերպիչ է, «ֆալշիվի դակումենտներ ա տվել Նաիրի Հունանյանին» եւ այլն: «Ասել եմ՝ անելու եմ»,- իր ցուցմունքում ասաց Ջ.Հարությունյանը: Հետո ամբաստանյալը պատմեց սպանության նախապատարստական փուլի մասին: Իր դատաքննական ցուցմունքում նա այդպես էլ որպես՝ սպանության պատվիրատուի երբեւէ չմատնանշեց Ա.Սարգսյանի անունը: Պատասխանելով այն հարցին, թե ինքը չի՞ հետաքրքրվել՝ փողն ով է տալու, պարզաբանեց, թե Գ.Շահբազյանն ասել է, որ «գնալու եմ. մարդ կա, Լյովայի քավորը» (Արմեն Սարգսյանը-Ն.Մ.): Ջ.Հարությունյանի համոզմամբ կարեւորն այդ դեպքում այն է եղել, որ Գ.Շահբազյանն իրենց խոստացած գումարը «ստացող» էր, նա էր «ատվիչա»: Սպանությունից հետո, իհարկե, նա ստացել էր խոստացված գումարից 19. հազար դոլար: Իսկ բռնվել է մարտի 2-ին ԼՂ «սպեցնազի» կողմից, օրեր անց նաեւ խոստովանել է, որ Տ.Նաղդալյանին ինքն է սպանել: Այլ էին Ջ.Հարությունյանի նախաքննական ցուցմունքները: Քննչական խմբի ղեկավար Հեկտոր Սարդարյանի ձեռագրով գրված նրա նախաքննական ցուցմունքներում արձանագրված է. «Ես մամուլից իմացել էի, որ խոսակցություններ են պտտվում Տ.Նաղդալյանի սպանությունը Հայաստանի իշխանության կողմից կազմակերպելու մասին, բայց քանի որ հաճախ Գեղամից եւ Մզդրից (Գրիգոր Պետրոսյանից- Ն.Մ.) լսել էի, որ Տ.Նաղդալյանի սպանությունը Արմեն Սարգսյանն է(Վազգեն Սարգսյանի եղբայրը) պատվիրել եւ ինքն էլ տալիս է փողը սպանության համար, որոշեցի պատմել իրականությունը իրավապահ մարմիններին»: Պարզվում է Ռոբերտ Քոչարյանի նախագահության տարիներին մենք էլի մեկ ձեռքբերում ունենք, որի մասին, թերեւս, չենք խոսում: Դա հանցագործների պետական եւ քաղաքացիական բարձր գիտակցության հասնելն է: Մեղադրող կողմը նկատեց, թե ամբաստանյալն, ըստ էության, իրեն առաջադրված մեղադրանքի առնչությամբ ոչ մի ցուցմունք էլ չտվեց, թե նրա նախաքննական եւ դատաքննական ցուցմունքները հակասական են, էականորեն իրարից տարբեր, ուստի պնդում էր դրանք հրապարակել: Դրա համար առիթ դարձավ այն, որ Ջ.Հարությունյանը ցուցմունքներ տալուց հետո հրաժարվեց այդ պահին որեւէ մեկի, նույնիսկ իր պաշտպանի հարցերին պատասխանելուց՝ հայտարարելով, որ դա կանի միայն մյուս ամբաստանյալների հարցաքննությունից հետո՝ «պաժալուստա», իսկ հիմա՝ «վսյո»: Մեղադրող-պաշտպաններ երկար բանավեճերից, Քրդատ.օր-ի մեջբերումներից հետո դատարանը բավարարեց մեղադրողների միջնորդությունն ու նախաքննական ցուցմունքը հրապարակվեց: Մեղադրողների ընթերցանությունը գործի կարեւոր հանգամանքների իմաստով ոչինչ չավելացրին: Դրանք կրկնեցին ամբաստանյալի ասածը, բացառությամբ մեկ բանի, ինչի համար էլ մեղադրող կողմը, թերեւս, նման միջնորդություն էր արել: Խոսքը նախաքննական ցուցմունքի այն հատվածի մասին է, որտեղ ամբաստանյալը ցուցմունք էր տվել, թե Գ.Շահբազյանի եւ «Ապերի» խոսակցություններից հասկացել է, որ սպանության պատվերը Վ.Սարգսյանի հարազատներից է գալիս: Մեղադրողներին, թերեւս, հենց այդ էլ պետք էր: Սույն ցուցմունքները հրապարակելուց հետո էլ Ջ.Հարությունյանը հայտարարեց, որ ինքն իր նախաքննական ոչ մի ցուցմունք չի կարդացել, այլ՝ պարզապես ստորագրել է, թե յոթ հատորանոց գործում իր ձեռքով միայն մեկ էջ ցուցմունք է գրել: Դատարանը երեկ բավարարեց Արմեն Սարգսյանի փաստաբան Ռոբերտ Գրիգորյանի միջնորդությունը՝ հրապարակել Ջ. Հարությունյանի նախաքննական ցուցմունքների տեսաձայնագրությունը: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Երեկ մենք խոստացել էինք այս քրգործի առնչությամբ ներկայացնել նաեւ մեղադրող կողմի կարծիքն ու դիտարկումները՝ դատավարության մեր հրապարակումների բազմակողմանիությունն ապահովելու նպատակով: Բայց երեկ մեղադրողներ Զելիմ Թադեւոսյանն ու Ավագ Ավագյանը հրաժարվեցին՝ պարզաբանելով, որ դրա անհրաժեշտությունը չեն տեսնում, որ իրենք իրենց տեսակետը հայտնում են դատարանում, եւ այսուհետ եւս պաշտպանելու են ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել