Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՉԻ ԳՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ

Օգոստոս 20,2003 00:00

ՍԱՄՎԵԼ ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ ՉԻ ԳՆԱ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ Վստահեցնում է նրա պատգամավորական գրասենյակի պետ Դավիթ Օհանյանը Մամուլում հրապարակումներ են եղել, որոնք վկայակոչելով դատախազության պաշտոնական աղբյուրները հայտնում են, որ օգոստոսի 6-ին իրավապահ մարմիններին է հանձնվել ԱԺ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանի քրոջ որդին՝ Գեւորգ Մանուկյանը: Հիշեցնենք, որ Գ.Մանուկյանը 2002թ. նոյեմբերի 27-ին ԱԺ նախկին պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի եղբոր որդու եւ նրա ընկերների վրա կատարված զինված հարձակման, վերջիններիցս մեկի սպանության եւ մյուսին ծանր մարմնական վնասվածք պատճառելու գործով հետախուզման մեջ էր գտնվում: Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ հոդ. 104-ի 2-րդ մասով: Հաղորդագրություններ կան նաեւ, Նուբարաշենի խճուղում կատարված հանցագործությանը մասնակից անձանց ձերբակալությունների մասին: Դեռեւս անցյալ տարվա նոյեմբերից ի վեր հայտնի դեպքերի առնչությամբ շրջանառվող տեղեկություններում նույնիսկ առանձին քաղաքական գործիչների արած հայտարարություններում ակնարկվում է, որ ե՛ւ նոյեմբերին տեղի ունեցած, ե՛ւ Նուբարաշենի խճուղում կատարված հանցագործությունները Սամվել Ալեքսանյանի եւ Ռուբեն Գեւորգյանի միջեւ «ռազբորկաների», տնտեսական ազդեցության ոլորտների բաժանման համար բախումների հետեւանք են: Մենք փորձեցինք հենց պարոն Ալեքսանյանից (որն, ի դեպ, Երեւանում է) ճշտել այս վարկածի իսկությունը եւ ընդհանրապես նրան առնչվող շրջանառվող այլ լուրերը: Մեր հարցադրումներին պատասխանեց Ս. Ալեքսանյանի պատգամավորական գրասենյակի պետ Դավիթ Օհանյանը: Վերջինս նախ վստահեցրեց, որ այս դեպքերից եւ ոչ մեկի հետ Ս.Ալեքսանյանն առնչություն չունի եւ այդ իմաստով նույնիսկ ձերբակալվածների հետ ծանոթ-բարեկամական հարաբերությունները ոչինչ չեն նշանակում: «Դա իրավապահ մարմինների գործն է: Իրենք կբացահայտեն եւ հանրությանը պարզ կլինի՝ Ս.Ալեքսանյանը կապ ունի՞, թե՞ ոչ: Դատաքննություն կլինի եւ բոլորը կտեսնեն, որ նա այդ գործերի հետ որեւէ կապ չունի»,- պնդեց պարոն Օհանյանը: Մամուլում հրապարակում եղավ նաեւ, թե Ս.Ալեքսանյանին պատկանող «Աստղացոլք» ընկերությունը, որ ցորենի ներկրմամբ է զբաղվում, իբր, դուրս է եկել այդ բիզնեսից եւ դրանով է պայմանավորված ալյուրի եւ հացի թանկացումը: Դ.Օհանյանը վստահեցրեց, որ դա իրականությանը չի համապատասխանում եւ վստահեցրեց, որ «պատճառները միայն տեխնիկական են»: Պատասխանելով մեր հարցերին, պրն Օհանյանը միաժամանակ մտահոգիչ համարեց այն լուրերը, թե Ս.Ալեքսանյանը վաճառում է իր ունեցվածքն ու բիզնեսը եւ մտադիր է հեռանալ Հայաստանից: «Սամվել Ալեքսանյանն իր բիզնեսը սկսել է ծավալել իր հայրենիքում՝ դեռ նորանկախ Հայաստանի համար ծանր եւ դժվարին տարիներին եւ այսօր գործարարի մեծ համբավ ունի: Հիմա, ավելի նորմալ պայմաններում նա Հայաստանից հեռանալու որեւէ պատճառ չունի: Նա ծնվել, ապրել, աշխատել է այս երկրում եւ շարունակելու է մնալ ու աշխատել»,- հայտարարեց Դ.Օհանյանը: Վերջինիս խոսքերով նաեւ դրա ապացույցն է այն, որ Ս.Ալեքսանյանի պատգամավորի գրասենյակը թիվ 14 ընտրատարածքում պատրաստվում է այս ուսումնական տարվա սկզբին ընտրատարածքի բոլոր առաջին դասարանցիներին ապահովել գրենական անհրաժեշտ բոլոր պիտույքներով: Ն. Մ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել