Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ՝ ՄԻԱՅՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻՑ

Օգոստոս 19,2003 00:00

ԲԱՐՁՐ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ՝ ՄԻԱՅՆ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻՑ Օգոստոսի 16-ին ավարտվեցին ընդունելության քննությունները ԿԳ նախարար Սերգո Երիցյանը ընդունելության քննությունների վերջին օրը շրջայց կատարելով եւ հետեւելով քննական մթնոլորտին, եվրոպական դիտորդների ոճով արձանագրեց, որ այս տարվա ընդունելության քննությունները մեկ քայլ առաջ են: Ասվածը հիմնավորելու համար նախարարի նշած փաստերից մեկն այն էր, որ մաթեմատիկա առարկայի դեպքում քննությունների վերջին օրերին ոչ թե կտրուկ բարձրացել են ցուցանիշները, ինչպես նախորդ տարիներին (ինչն էլ, ըստ ոլորտի պատասխանատուների, պայմանավորված էր հատկապես վերջին օրերին կատարվող զեղծարարություններով), այլ իջել են: Սակայն վերջին օրերին կտրուկ իջնող գնահատականներն էլ են որոշակի կասկածների տեղիք տալիս: Մանավանդ որ, բողոքներ կան այն մասին, թե վերջին 3-4 օրերին «մաթեմատիկա-1» առարկայի հարցաթերթիկներում ընդգրկվել են 10-րդ դասարանի դասագրքի դժվարագույն խնդիրները, ինչի մասին դիմորդները նախապես տեղեկացված չեն եղել: Եվ որ ամենակարեւորն է, այս մասին չեն իմացել նաեւ ռեպետիտորները: Սակայն դա առանձին խոսակցության թեմա է: Եթե համեմատենք անցյալ տարի հանձնված քննությունների արդյունքներն այս տարվա հետ, ապա կտեսնենք, որ այս տարի անհամեմատ բարձր ցուցանիշներ են գրանցվել հենց մաթեմատիկա առարկայից: Եվ միայն: Այսպես՝ «մաթեմատիկա-1»-ից անցյալ տարվա 241-ի դիմաց այս տարի 19 եւ 20 միավոր է ստացել 647 դիմորդ: Իսկ «մաթեմատիկա-2»-ից՝ անցյալ տարվա 95-ի դիմաց այս տարի ունենք 672 թիվը՝ այն դեպքում, երբ մաթեմատիկա հանձնած դիմորդների թիվն այս տարի ընդամենը 25 տոկոսով է ավելացել: Մնացած բոլոր առարկաների դեպքում այս տարի ցուցանիշներն ակնհայտորեն ավելի ցածր են, քան անցյալ տարի: Քիմիայից քննություն հանձնած դիմորդների թիվը թեպետ այս տարի ավելի մեծ է, սակայն անցյալ տարվա 107 «19» միավորի դիմաց այս տարի ունենք ընդամենը 32-ը, իսկ «20» միավոր չկա եւ ոչ մի տարում: Բավական ցածր մակարդակ է գրանցվել անգլերեն բանավորից եւ աշխարհագրությունից: Եթե անցյալ տարի այս առարկաներից քննություն էր հանձնել գրեթե նույն թվով դիմորդ, ինչ այս տարի, ապա ցուցանիշների պարագայում տարբերությունն ակնհայտ է. անցյալ տարի անգլերեն բանավորից «19» եւ «20» է ստացել 98 հոգի, այս տարի 73-ը: Մինչդեռ աշխարհագրությունից8230 վերջին երկու տարիներին չի գրանցվել ոչ մի «20» միավոր, իսկ «19» միավոր այս տարի ստացել է 4 հոգի, անցյալ տարվա 11-ի դիմաց: Այս տարի «20» միավորի դեպք չի եղել նաեւ կենսաբանություն առարկայից: Անցյալ տարի այդ առարկայից «20» է ստացել 21 դիմորդ: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել