Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Անցած երկու շաբաթում

Օգոստոս 19,2003 00:00

Անցած երկու շաբաթում Մինչ «Առավոտը» արձակուրդում էր, Հայաստանի մարզական կյանքում տեղի ունեցան որոշակի կարեւոր իրադարձություններ: Բուդապեշտում անցկացվեց ազատ ոճի ըմբշամարտի վետերանների աշխարհի 12-րդ առաջնությունը։ 45 երկրների ավելի քան 400 մասնակիցների մեջ էին նաեւ Հայաստանի երեք պատվիրակներ։ 35-40 տարեկանների խմբում 85 կգ քաշային Ազատ Շերոյանն անցկացրեց չորս գոտեմարտ եւ բոլորում էլ հաղթանակ տոնելով, ընդ որում, երեքում՝ մաքուր, նվաճեց չեմպիոնի կոչումը։ Ոսկե մեդալ նվաճեց նաեւ վանաձորցի 58 կգ քաշային Ժորա Հովհաննիսյանը, որը հանդես էր գալիս 41-46 տարեկանների խմբում։ Բռնցքամարտի ՀՀ պատանեկան հավաքականը Կաունասում անցկացված Եվրոպայի առաջնությունից տուն վերադարձավ 2 մեդալով։ Հավաքականի ավագ մարզիչ Ֆեդյա Ալեքսանյանի ղեկավարությամբ Տիգրան Միսակյանը (52 կգ) արժանացավ «արծաթի», իսկ Հովհաննես Դանիելյանը (48 կգ)՝ «բրոնզի»։ Ֆրանսիայում օգոստոսի սկզբներին անցկաց ված «Եվրոպայի երիտասարդական օլիմպիական օրեր» մրցումներում հայաստանցի ձյուդոիստ, 52 կգ քաշային Անուշ Հակոբյանը նվաճեց բրոնզե մեդալ։ Ազատ ոճի ըմբշամարտի միջազգային ներկայացուցչական մրցաշար անցկացվեց Ֆինլանդիայում։ Գետնելով բոլոր մրցակիցներին՝ երեւանցի Կարեն Մնացականյանը (60 կգ) բարձրացավ պատվո պատվանդանի առաջին աստիճանին։ Իսկ Վաղինակ Գալստյանը (74 կգ) եւ Հայկազ Գալստյանը (գերծանր քաշային կարգ) ճանաչվեցին չորրորդը։ Չեմպիոնների լիգայի որակավորման մրցաշարի երկրորդ փուլի պատասխան խաղում Երեւանի «Փյունիկը» Սոֆիայում 0։1 հաշվով պարտվեց Բուլղարիայի չեմպիոն ԲԿՄԱ-ին եւ դադարեցրեց պայքարը։ ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում Երեւանի «Բանանցը» Հոլանդիայի Ռոտերդամ քաղաքում ոչ-ոքի՝ 1։1 խաղաց Իսրայելի «Հապոելի» հետ, իսկ Գյումրիի «Շիրակը» Ֆարումում (Դանիա) 0։4 խոշոր հաշվով զիջեց տեղի «Նորդսյելանդին»։ Օգոստոսի 28-ին կայանալիք պատասխան հանդիպումներում, որոնք տեղի կունենան Հայաստանում, «Բանանցն» առաջին արգելքը հաղթահարելու լավ հնարավորություններ ունի, իսկ «Շիրակի» շանսերը զրոյական են։ Մարմնամարզության Հայաստանի հավաքականը ներկայումս գտնվում է ԱՄՆ-ում, որտեղ մասնակցելու է մարզաձեւի աշխարհի առաջնությանը։ Գերմանիայում մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի պատանիների եւ աղջիկների առաջնությունը։ Մեր տղաների թիմը պատրաստվում է մրցահարթակ մտնել լրիվ կազմով, իսկ աղջիկներից պայքարի մեջ կներգրավվի չորս հոգի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել