Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ԽԱՂԸ ՉԻ ԿԱՅԱՆԱ

Օգոստոս 19,2003 00:00

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆ ԽԱՂԸ ՉԻ ԿԱՅԱՆԱ Հայ ֆուտբոլասերներն անհամբերությամբ էին սպասում օգոստոսի 20-ին Երեւանում կայանալիք ֆուտբոլի Հայաստանի եւ Թուրքմենստանի ազգային հավաքականների միջեւ կայանալիք ընկերական հանդիպմանը։ Սակայն երեկ ՀՖՖ-ում մեզ հայտնեցին, որ այդ խաղը չի կայանա մրցակցի հրաժարվելու պատճառով։ Կարծում ենք, մեր ընթերցողներին հետաքրքիր կլինի իմանալ ստեղծված իրավիճակի նախապատմությունը։ Դեռ ապրիլի 8-ին Թուրքմենստանի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնական առաջարկով դիմել էր ՀՖՖ-ին հավաքականների միջեւ Երեւանում ընկերական խաղ կազմակերպելու մասին՝ հիմնավորելով, որ իրենց ընտրանին նախապատրաստվում է Ասիայի գավաթի խաղարկությանը։ Հայաստանում առաջարկությունն ընդունվել է եւ ապրիլի 11-ին պաշտոնական նամակով տեղյակ պահվել, որ այդ խաղը կարելի է անցկացնել օգոստոսի 19-ին կամ 20-ին։ Ընդ որում, ՀՖՖ-ն Երեւանում իր վրա էր վերցնում 25 հոգուց բաղկացած հավաքականի պատվիրակության բոլոր ծախսերը (հյուրանոց, սնունդ, տրանսպորտ եւ այլն)։ Թուրքմենստանի ֆեդերացիան էլ հուլիսի 25-ին հաստատել էր իրենց ժամանումը Երեւան։ Եվ քանի որ հարցն արդեն լուծված էր, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան այդ ընթացքում մերժել էր այլ երկրների, այդ թվում նաեւ Հորդանանի ու Պորտուգալիայի՝ ավելի ուշ արված առաջարկներն ու սկսել նախապատրաստվել Թուրքմենստանի հետ խաղին։ Մասնավորապես, հրավիրվել են մեր հավաքականների բոլոր լեգեոներականները, պատվիրվել նրանց Երեւան գալու եւ գնալու ինքնաթիռի տոմսերը, երկու հավաքականների համար հյուրանոցներում տեղեր են ամրագրվել, այն էլ այս օրերին, երբ ընթանում են Համահայկական 3-րդ խաղերը եւ Երեւանը լցված է արտասահմանից ժամանած մեր հազարավոր հայրենակիցներով։ Հասկանալի է, սրանք եւ էլի բազմաթիվ այլ աշխատանքներ լուրջ ծախսեր են պահանջել։ Եվ այս ամենից հետո Թուրքմենստանը վերջին պահին հրաժարվել է ընկերական հանդիպումից։ Պաշտոնական նամակում ԹՖՖ-ն նշել է անհեթեթ հիմնավորումներ՝ Աշգաբադ-Երեւան ուղիղ ավիաչվերթ չլինելը եւ իրենց թիմի հիմնական կազմում որոշ ֆուտբոլիստների, որոնք հանդես են գալիս արտասահմանյան ակումբներում, ելքի վիզաների հետ կապված ինչ-ինչ խնդիրներ։ Թուրքմենստանի ֆուտբոլի ֆեդերացիան անպատասխանատու վերաբերմունքով վատ վիճակի մեջ է գցել ՀՖՖ-ին։ Մեր ազգային հավաքականը սեպտեմբերի 6-ին եւ 10-ին «Եվրո-2004»-ի շրջանակներում անչափ կարեւոր հանդիպումներ ունի Հունաստանի եւ Հյուսիսային Իռլանդիայի հետ։ Եվ այդ ընկերական խաղը անհրաժեշտ էր մեզ։ Իրեն հարգողը երբեք այսպես չի վարվի։ ՀՖՖ-ն ստիպված է եղել Թուրքմենստանի ֆուտբոլի ֆեդերացիայից պաշտոնապես փոխհատուցում պահանջել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել