Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական գործիչները՝ «Կրակի մեջ»

Օգոստոս 19,2003 00:00

Քաղաքական գործիչները՝ «Կրակի մեջ» Այս օրերին Երեւանում է գտնվում դերասան Վարդան Պետրոսյանը, որը Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում խաղում է իր նոր՝ «Կրակի մեջ» ներկայացումը։ Փարիզից ժամանած Վարդանը իսկապես կրակի մեջ գցեց իր հանդիսատեսին, քանի որ դեռեւս ներկայացումից 10 օր առաջ հնարավոր չէր տոմս ճարել։ Օգոստոսի 11-ին «Կրակի մեջ» ներկայացման պրեմիերան անցավ լեփ-լեցուն դահլիճում։ «Ամեն անգամ բեմ դուրս գալիս ապրում եմ նույն հուզմունքը, որն ունենում է սիրահարը իր սիրելիին տեսնելիս»,- հանդիսատեսի մասին այսպես արտահայտվեց դերասանը։ Ի դեպ, նա իրեն նախ քաղաքացի, հետո դերասան է համարում։ Ներկայացումն էլ, իրոք, ոչ թե պարզապես դերասանի խաղ էր հանդիսատեսի համար, այլ իր երկրի խնդիրներով մտահոգ քաղաքացու խոսք՝ ուղղված հայ մարդուն, որի մեջ, ըստ Վարդանի, ապրում ու կռիվ են տալիս միաժամանակ երկու հոգի՝ արեւելքցին ու արեւմուտքցին։ Արեւելքի ու արեւմուտքի միջեւ ընկած մեր երկրում ժողովուրդն էլ կրակն է ընկել իշխանության եւ ընդդիմության պատճառով. «Ամենուր կամ ընտրում են, կամ հարցաքննում։ Իսկ ընտրվողները հաճախ դառնում են հարցաքննվող։ Ընտրազանգվածն էլ նման է այն կնոջ, որին այո ասելուց հետո 5 տարի շարունակ դավաճանում են»։ «Ամենայն հայոց անկեղծությամբ» ծափահարություններ սիրող դերասանը իսկապես ջերմ ընդունելության արժանացավ։ Վ. Պետրոսյանի համոզմամբ, դերասանը, որ ծափահարություններ չի սիրում, նման է այն կնոջը, որը չի սիրում հաճոյախոսություն լսել։ Ծափահարությունից բացի, նա կարեւորում է դերասան-հանդիսատես աներեւույթ կապը։ Դրա համար էլ ներկայացումն այս առումով կայացած է համարում, թեեւ գտնում է, որ հանդիսատեսն իր նկատմամբ ներողամիտ էր եւ ներկայացումը շտկելու տեղեր, այնուամենայնիվ, ուներ։ «Որոշ մտքեր, որոնց համար սպասում էի ծափահարություններ, սառն ընդունվեցին։ Եղավ նաեւ հակառակը՝ չնախատեսված ծիծաղ»,- ասաց Վ. Պետրոսյանը։ Մեր այն հարցին, թե արդյո՞ք քաղաքական հումոր անող դերասանը չի պատրաստվում մեկ օր ելույթ ունենալ միայն քաղաքական գործիչների համար, նա պատասխանեց. «Այդպիսի շռայլություն ես ինձ չեմ կարող թույլ տալ։ Թող գան ժողովրդի հետ միասին նստեն-նայեն։ Իսկ հրավիրատոմսեր ես տրամադրում եմ միայն թատերագետներին, դերասաններին եւ թոշակառուներին»։ «Կրակի մեջ» ներկայացման ավարտին Վարդանը հաճախ շեղվում էր սցենարից եւ սկսում ուղղակի զրուցել։ Օրինակ, նա ցանկություն էր հայտնում նայել իր նախկին դասընկերոջ՝ «Ստյոպիկի» (Ստեփան Դեմիրճյան) աչքերին եւ հիշեցնել, որ իրենց նույն ուսուցիչն է հայոց պատմություն դասավանդել։ Զարմանում է. մի՞թե դասընկերը չի հասկացել, որ մեր երկիրը մշտապես տուժել է պառակտվածությունից։ Ի դեպ, ներկայացման մեջ Վարդանը բողոքի խոսք ուներ նաեւ ուղղված նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Հիշեցնենք, որ «Կրակի մեջ» ներկայացումը հայրենիքում խաղալուց առաջ՝ 2002թ., Վարդանը անգլերենով ներկայացրել է Ֆիլադելֆիայում եւ Փարիզի հանրահայտ թատրոններից մեկում։ Պատրաստվում է ներկայացումը տանել Մոսկվա։ Ա. ՔԵՇԻՇՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել