Լրահոս
Օրվա լրահոսը

ԾՈՎԱԳՅՈՒՂԻ ԾՈՎ ՀՈԳՍԵՐԸ

Օգոստոս 19,2003 00:00

ԾՈՎԱԳՅՈՒՂԻ ԾՈՎ ՀՈԳՍԵՐԸ Ծովագյուղը՝ նախկին Չիբուխլուն, Մուրացանի նկարագրած ժամանակներից համարյա չի փոխվել. նույն աթարի ու խոտի դեզերը, արեւից ճաքճքած այտերով ոտաբոբիկ մանուկները։ «Քաղաքակրթության» հիմնական արտահայտությունը այստեղ-այնտեղ բուսած առեւտրի փոքրիկ կրպակներն են, ուր վաճառվում է ամեն ինչ՝ սկսած ավելից մինչեւ սուրճ, քաղցրավենիք ու կոսմետիկա։ Ձկան մասին էլ չենք խոսում։ Յուրաքանչյուր երկրորդ ծովագյուղցի իր սրբազան պարտքն է համարում ձկան առեւտրով զբաղվելը, որը նաեւ նրանց ապրուստի հիմնական միջոցն է։ Իսկ դրա համար ընդամենը անհրաժեշտ է ունենալ առանց համարանիշի մարդատար մեքենա։ Պետավտոտեսուչների հետ խնդիրներ չկան, որովհետեւ ծովագյուղցիների հիմնական երթուղին տնից Սեւանա լիճ է կամ տնից դաշտ։ Իսկ արեւից խանձված դաշտերում, խոտի դեզերի տակ, հաստատ ավտոտեսուչներ չեն թաքնվում։ Ծովագյուղցիների ապրուստի հաջորդ միջոցը շրջակա հանգստյան տներում ամռան ամիսներին աշխատելն է։ Ինչպես Հայաստանի մյուս գյուղերի եւ քաղաքների, այնպես էլ Ծովագյուղի մասին հիշում են միայն ընտրությունից ընտրություն։ Եվ խորհրդարանական, եւ նախագահական վերջին ընտրություններին, գյուղացիների հավաստմամբ, այս գյուղում էլ լիքը ընտրակաշառքներ եւ խոստումներ բաժանվեցին։ Դրանք այստեղ էլ բազմաբնույթ էին՝ կարտոֆիլի սերմացուի խոստումից (հեղինակ՝ Դավիթ Լոքյան) մինչեւ ծաղկեփունջ, քաղցրավենիք ու սուրճի բաժակներ։ Իհարկե, գումարներ էլ շրջանառվեցին։ Բնականաբար՝ ոչ շարքային ծովագյուղցիների շրջանում։ Ինչ վերաբերում է վերջիններիս, ապա ընտրություններից առաջ գոնե խմելու ջուր ունեին, իսկ հիմա ստիպված են դույլերով կրել եւ արդեն սովորել են մի կերպ հայթայթված ջրի շագանակագույն երանգին ու «յուրահատուկ» համին։ Նույնիսկ այլեւս աղիքային հիվանդություններով հիվանդանոց չեն տարվում՝ իմունիտետ են ձեռք բերել։ Թեեւ գյուղացիները խոստովանում են, որ Ծովագյուղից քանի քանիսը ջրի որակի պատճառով հիվանդանոց է ընկել։ Մայրաքաղաքի դպրոցների նման պրոբլեմներ ունի նաեւ Ծովագյուղի դպրոցը։ Այստեղ եւս զգացվում է օպտիմալացման «կենարար» շունչը։ «Վերեւից» արդեն հրահանգել են ուսուցիչներ կրճատել, այնինչ գյուղի դպրոցում շուրջ 800 աշակերտ է սովորում, ինչը խորհրդային տարիներին հաստատ հաշվի կառնվեր սահմանամերձ, բարձրլեռնային կամ հեռավոր գյուղերի առանձնահատկություններից ելնելով։ Ու ինչպես խեղդվողն է ձեռքը փրփուրին գցում, ծովագյուղցիներն էլ «օրինացերկրացի» կրթության նախարարին հույսով լեցուն մի նամակ են հղել։ Իսկ մինչ այդ, օգոստոսի 10-ին, կիրակի օրով դպրոցի մանկավարժական կոլեկտիվը մանկխորհուրդ է հրավիրել ու ակնարկել, թե հատկապես որ ուսուցիչներն են «օպտիմալացվելու»։ Ցավոք, ծովագյուղցին վաղուց ոչ հին եւ ոչ էլ նոր նախարարների, մարզպետների ու գյուղապետերի հետ հույսեր չի կապում։ Գիտի, որ իրենը միայն բարկ արեւն է ու մեկ էլ չարքաշ աշխատանքը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել