Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՆՅԱԶՅԱՆԸ ՄՆԱՑ ԱՌԱՆՑ ՄԱՐՈՒՍՅԱՅԻ

Օգոստոս 19,2003 00:00

ԿՆՅԱԶՅԱՆԸ ՄՆԱՑ ԱՌԱՆՑ ՄԱՐՈՒՍՅԱՅԻ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում ընթացող «Հոկտեմբերի 27» քրգործի դատաքննության ժամանակ մեկը մյուսից կարեւոր իրադարձություններ են տեղի ունեցել։ Տեղեկացնենք, որ օգոստոսին նիստեր են հրավիրվել 4-ին, 5-ին, 7-ին, 8-ին, 11-ին, 13-ին, 14-ին, 15-ին (մենք չենք լուսաբանել նիստերը արձակուրդում գտնվելու պատճառով) եւ 18-ին։ Նախ ամբաստանյալ Նաիրի Հունանյանը միջնորդել է, որ դատարան հրավիրվեն նախագահ Քոչարյանը եւ ազգային անվտանգության նախկին նախարար Սերժ Սարգսյանը՝ մեկնաբանելու իրեն մեղսագրված «հայրենիքի դավաճանություն» հոդվածի «հիմնավորվածությունը»։ Բնականաբար, Կարեն Դեմիրճյանի եւ Վազգեն Սարգսյանի իրավահաջորդների ներկայացուցիչ փաստաբանները, որոնք մինչ այդ իրենք էին միջնորդում, որ լրացուցիչ վկաների դատակոչի ցուցակում ընդգրկվեն վերոնշյալ անձինք, դեմ են արտահայտվել, ինչը միանշանակորեն չի ընկալվել հանրության կողմից։ Երկրորդ արտառոց իրադարձությունը այն է, որ մեղադրանք առաջադրողները դավաճանել են ըստ էության իրենց կողմ հանդիսացած իրավահաջորդների շահերի ներկայացուցիչներին՝ սահմանափակելով վկաների դատակոչը։ Հատկանշական է, որ գործով անցած 91 տուժողներից (ԱԺ պատգամավորներ, կառավարության ներկա եւ նախկին անդամներ) եւ ոչ ոք դատարան չի ներկայացել (մեկ անգամ են հայտնվել դատարանում վկայություն տալու), որեւէ մեկի կարծիքը միջնորդության հետ կապված չի լսվել։ Հետեւել է փաստաբաններ Աշոտ Սարգսյանի, Օլեգ Յունոշեւի բացարկը մեղադրողներին, ինչը չի բավարարվել, եւ արդյունքում Դեմիրճյանների փաստաբան Ա. Սարգսյանը հրաժարվել է մասնակցել դատաքննությանը։ Անահիտ Բախշյանի կողմից բացարկ էր հայտնվել Սամվել Ուզունյանին, ինչը մերժվել էր եւ փաստորեն երեկ մենք ականատես դարձանք ուժերի հետաքրքիր վերադասավորման։ Օլեգ Յունոշեւին օգնում էր օրերս ներգրավված, մասնագիտությամբ բժիշկ Արամազդ Զաքարյանը (նախկինում ԱԻՄ-ի փոխխոսնակ)։ Երեք նիստ է, ինչ մեղադրող Հակոբ Մարտիրոսյանը բացակայում է։ Ձախ ձեռքը վիրակապված մեղադրող Գագիկ Ավետիսյանը շարունակում է համակարգել մեղադրանքի կողմի աշխատանքները։ Երեկ դատարանին դիմեց ամբաստանյալ Աշոտ Կնյազյանի պաշտպան Մարուսյա Չիլինգարյանը (նա պետպատվերի կարգով էր իրականացնում իր գործունեությունը), հայտնելով, որ դադարեցնում է իր պաշտպանությունն իրականացնել, քանի որ կան տարակարծություններ իր եւ պաշտպանյալի միջեւ։ Փաստաբանը մասնավորապես հայտարարեց, որ իր պաշտպանյալը պահանջում է արդարացման դատավճիռ կայացնել իր նկատմամբ եւ, որ մեկուսարանում «ինչ-որ օրենսգիրք են տվել, որը թարսուշիտակ է հասկանում»։ Երբ մեղադրող Գ. Ավետիսյանը փորձեց հրաժարվելու շարժառիթը ճշտել, պաշտպանը շատ արժանապատիվ նկատեց. «Նույնիսկ դուք ինձ չեք հասկանում, ուր մնաց թե ամբաստանյալը, որը 6-րդ դասարանի կրթությամբ վարորդ մարդ է»։ Այստեղ միջամտեց դատավոր Ուզունյանը՝ շատ տեղին նշելով, թե ամբաստանյալներից ամենալավ ձեռագիրն ունի Կնյազյանը։ Դատարանը հնարավորություն տվեց ամբաստանյալ Կնյազյանին՝ մեկ անգամ եւս խորհրդակցելու իր պաշտպանի հետ։ 15 րոպեանոց դադարից հետո Կնյազյանը հայտնեց, որ հաշվի առնելով Չիլինգարյանի փորձն ու հեղինակությունը, փաստաբանից հրաժարվելու հայտարարություն ինքը չի արել եւ հորդորել է, որ նման հայտարարությամբ հանդես գա տիկին Չիլինգարյանը։ Տուժողի ներկայացուցիչ Արամազդ Զաքարյանի հարցին, թե որեւէ ճնշում եղե՞լ է իր նկատմամբ, տիկին Չիլինգարյանը հայտնեց, որ որեւէ ճնշում չի եղել եւ բոլորը գիտեն, որ ինքը բնավորությամբ շիտակ եւ համարձակ մեկն է։ Նույնիսկ հիշեց, որ մի քանի տարի առաջ երբ փորձեցին ահաբեկել իրեն (միտինգավոր կանայք փորձել էին ջուր լցնել վրան), ինքը հրաժարվել էր դատարանի կողմից առաջարկված թիկնապահից։ Մարուսյա Չիլինգարյանի հրաժարականը ընդունվեց։ Արամազդ Զաքարյանը միջնորդեց, որ իրեն տրվի 20 օր ժամանակ գործի նյութերին ծանոթանալու համար։ Դա մերժվեց։ Օլեգ Յունոշեւը առարկեց դատարանի որոշման դեմ՝ ՀՀ արդարադատության նախարարության փորձագիտական կենտրոնում փորձաքննություն անցկացնելու վերաբերյալ։ Նախագահողը նկատեց, որ Հայաստանի դատարանը չի կարող պարտավորեցնել այլ պետության փորձագետի եւ հիշեցրեց, որ Հայաստանում գործում է մեկ փորձագիտական կենտրոն, որը, ի դեպ, ԱՊՀ-ում տեխնիկական զինվածությամբ 2-րդ կամ 3-րդ հորիզոնականն է զբաղեցնում։ Երբ այս միջնորդությունն էլ մերժվեց, Յունոշեւը դատարանին բացարկ հայտնեց, ինչին հետեւեց մեղադրող Գագիկ Ավետիսյանի ռեպլիկը. «Ուրեմն ցանկացած որոշում, եթե չի համընկնում ձեր ցանկություններին, բացա՞րկ պիտի հայտնեք»։ Դատարանը երեկ հետազոտեց դատաբժշկական փորձաքննության եզրակացությունները (ԱԺ-ում ահաբեկության զոհերի դիակների զննությանը վերաբերող)։ Այդ հետազոտությունը հրապարակելու ժամանակ դատարանը լքեցին (առանց նախազգուշացման) Օլեգ Յունոշեւը, նրա թարգմանչուհին եւ Արամազդ Զաքարյանը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել