Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի 10 հազար հեկտարը՝ վտանգի տակ

Օգոստոս 19,2003 00:00

Հայաստանի 10 հազար հեկտարը՝ վտանգի տակ Ջիլիզա գյուղը Վրաստանի սահմանագլխին է: Այս հատվածում ուրիշ հայկական բնակավայր չկա: Գյուղ հասնելու համար պետք է անցնես Ալավերդուց Ջիլիզա անտառների միջով ձգվող 28 կմ դժվարանցանելի ճանապարհը: Մեքենան ճանապարհը հաղթահարում է 2,5 ժամում: Ձմեռը ճանապարհը փակվում է: Գյուղ հիմնականում գալիս են «Վիլիս» եւ, եթե ճանապարհը չոր է, «Նիվա» մակնիշի մեքենաներով: Շաբաթը երկու անգամ գյուղացիներից մեկի ռուսական «Ուրալ» մակնիշի ռազմական մեքենան, որի թափքը հարմարեցված է մարդկանց տեղափոխելու համար, գնում է Ալավերդի եւ հետ գալիս: Քաղաքակրթության հետքերը զգացնել են տալիս միայն ճանապարհի եզրերի հատված հսկա ծառերի բները: Փայտի գործ անողները անտառի տարբեր հատվածներում ճանապարհներ են բացել, ու հեռվից երեւում են նոսրացող անտառի բացատները: Այստեղ ոչ ոք փայտ կտրողի ձեռքը չի բռնում: Փայտը տանում են երկու ուղղություններով` Վրաստան եւ Հայաստան: Խորհրդային տարիներին Ջիլիզա տանող ճանապարհն անցնում էր Վրաստանի Հանրապետությունով` Սադախլո ադրբեջանաբնակ գյուղով: 1988-ից հետո անհնար դարձավ անցնել այդ ճանապարհով: Հայաստանի կառավարությունը 1990-91 թթ. կառուցեց Ջիլիզա-Ալավերդի ավտոճանապարհը: Չնայած տարբեր ժամանակահատվածներում այն մասնակիորեն վերանորոգվել է, սակայն հողե ճանապարհը անձրեւից հետո անանցանելի է դառնում: Հեռախոսակապ չկա: Միակ կապը գյուղապետի տանը դրված վրացական համարներով բջջային հեռախոսն է: Ջիլիզա գյուղից Վրաստանի հեռախոսահամարներով մարդիկ զանգում են Հայաստանի տարբեր բնակավայրեր եւ՝ հակառակը: Հայաստանից Ջիլիզա հեռախոսակապը Վրաստանով է: «Գյուղում օրական երկու ժամ էլեկտրաէներգիա է լինում: Վրաստանից ենք ստանում: Խորհրդային տարիներին էլ է այդպես եղել»,- պատմում է գյուղապետ Մհեր Վարդանյանը: «Եթե մեր գյուղապետը Մհերը չլինի, երկու օր էլ չենք մնա, կգնանք այստեղից: Ամեն ինչով ընդառաջում է: Մեր հույսը գյուղապետն է, հիվանդ լինի` մեքենան տրամադրում է, գիշերվա երեքին էլ գնանք, նրա կինը` գյուղի բուժքույրը, առանց դժգոհելու գալիս է: Ամառը թոռներս այստեղ են լինում»,- պատմում է Գոհար Մատինյանը: Մեկ տարի առաջ Ջիլիզա են այցելել Հունաստանի «Հայաստանի եւ Արցախի բարեկամության միության» ներկայացուցիչներ Միքայել Բասմաջյանը, Նադյա Սարաֆյանը, Ֆրանկ Բլեջյանը: Նրանք այցելել են բոլոր ընտանիքներին, ծանոթացել նրանց կենսապայմաններին, որից հետո յոթ անապահով ընտանիքների համար գնել են մեկական կով եւ մեկ տոննա խոտ: Կազմակերպությունը 10 անապահով ընտանիքների մեկ տարվա ընթացքում յուրաքանչյուր ամիս 5 եվրոյի (մոտ 3200 դրամի) չափով թոշակ է տալիս: Հունահայերը վճարել են նաեւ դպրոցի մեկ տարվա դասագրքերի արժեքը` 135 հազար դրամ, գնել են 180 դոլարի ապակի, 25 աթոռ: Ջիլիզայում տեղակայված սահմանապահ ուղեկալի համար գնել են հեռուստացույց: Հայաստանի սոցիալական ներդրումների ծրագրով Ջիլիզայում կառուցվում է 7 կիլոմետրանոց ջրագիծ: 90 հազարանոց այդ ծրագիրը ֆինանսավորում են երեք կազմակերպություններ։ Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը եւ Գյուղատնտեսության միջազգային զարգացման հիմնադրամը 40 հազար 500-ական դոլար են հատկացրել, 9 հազար դոլարի ներդրում կատարել է Հունաստանի «Հայաստանի եւ Արցախի բարեկամության միությունը»: Նման ծրագրեր իրականացնելիս համայնքը պետք է ներդնի ծրագրի արժեքի 10 տոկոսը: Հաշվի առնելով, որ Ջիլիզայի գյուղացիները նման հնարավորություն չունեն, նրա փոխարեն ներդրումը կատարել է հունահայերի վերոնշյալ կազմակերպությունը: «Այս միությունը պատրաստ է ներդրում կատարել, եթե կառավարությունը որոշի ճանապարհ կառուցել եւ էլեկտրականություն անցկացնել»,- ասում է գյուղապետ Մհեր Վարդանյանը: Գյուղում նոր տներ չեն կառուցում: Գյուղացիները ավելի շատ մտածում են այստեղից մեկնելու մասին: Վերջին չորս տարիներին երեք երիտասարդ ընտանիք լքել է գյուղը, մեկը՝ Հունաստան, երկուսը՝ Ռուսաստան: «Հունաստան եմ գնում,- ասում է Մկրտիչ Սարգսյանը,- գնում եմ, որ ըստ պահանջի ապրեմ, այստեղ ինչքան աշխատում, տանջվում եմ, եթե դրա կեսը այնտեղ անեմ, ինձ հերիք է լավ ապրելու համար»: Նրա բարեկամներն արդեն մի քանի տարի է Հունաստանում են եւ իրեն էլ հրավիրել են: «Իսկ Ջիլիզա՞ն»,- հարցնում եմ: «Հա, իմ հայրենիքն է, իմ երկիրն է, բայց չեմ կարողանում ապրել, ի՞նչ անեմ: Ջահելությունը լրիվ մեջքահան է եղել հողի վրա, էն էլ մի տարի կարկուտն է փչացնում, մի տարի՝ անձրեւը, էս տարի ցորեն չունենք»,- շարունակում է Մկրտիչը: 1987 թվականից գյուղապետ Մհեր Վարդանյանը համոզված է, որ իշխանությունները մի օր կհասկանան Ջիլիզայի կարեւորությունը: «Էստեղ հարցը միայն 75 ընտանիքի լավ ու վատ ապրելը չէ, եթե մարդիկ այստեղից հեռանան, ապա կկորցնենք 10 հազար հա տարածություն: Համոզված եմ` եթե բնակավայր չունենանք, այս տարածքը դժվար է լինելու պահել: Ջիլիզան միակ գյուղն է սահմանի այս հատվածում, որ կարող է պահել էդ 10 հազար հեկտարը»: ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ www.hetq.am Հ. Գ. Մեր տեղեկություններով, օրերս կառավարությունում կքննարկվեն Ջիլիզայի ճանապարհաշինության եւ էլեկտրաֆիկացման հարցերը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել