Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԱԶԻ ԹԱՆԿԱՑՈՒՄՆ ՈՒՂԵՎԱՐՁԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ

Օգոստոս 19,2003 00:00

ԳԱԶԻ ԹԱՆԿԱՑՈՒՄՆ ՈՒՂԵՎԱՐՁԻ ՀԵՏ ԿԱՊ ՉՈՒՆԻ Գազ վաճառողներն ու «գծերի տերերը» պայքարում են շահույթի վերաբաշխման համար: Լցակայանների գազը (սեղմված գազ), պարզվում է, դեռեւս կարող է թանկանալ ու թանկանալ (վերջին անգամ դա եղավ 30 տոկոսով՝ Ֆինանսների նախարարության կանխատեսած 5 տոկոսի փոխարեն), իսկ սպառումը դրանից չի պակասի:Ավելին, գազի սպառման ծավալները աճման ակնհայտ միտում ունեն: Իսկ թանկացող գազը երթուղային տաքսիների ու անընդհատ շատացող գազով աշխատող ավտոմեքենաների համար այնքան ժամանակ նախընտրելի կլինի, քանի դեռ բենզինից ձեռնտու է: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներն այս եզրակացությանը հանգել են վերջին նիստի (13.08.2003թ.) ժամանակ: Հիշեցնենք, հանձնաժողովը սույն թեմայով վարույթ էր սկսել հանրապետության ավտոգազալցակայաններում գազի գնի հանկարծակի թանկացման առիթով: Լցակայանները գազը թանկացրել էին ապրիլի 16-ին, որի համար որպես պատճառաբանություն էին նշել հաստատագրված հարկի 100 տոկոսով թանկացումը: Սակայն ուշագրավն այն է, որ հաստատագրված հարկը բարձրացել էր թանկացման պահից շուրջ 4-5 ամիս առաջ: Ուստի միանգամայն հավանական էր, որ այս բիզնեսով զբաղվող տնտեսվարողները գազը թանկացրել էին միմյանց միջեւ նախօրոք համաձայնության գալով: Այսպիսի դեպքերը մեր օրենսդրությունը դիտարկում է որպես հակամրցակցային համաձայնություն եւ արգելում է: Այդ ընթացքում երթուղային տաքսիները օգտվելով առիթից, «արհեստական դեֆիցիտ» ստեղծելով, ուղեվարձի առաջիկա թանկացման մասին ակնարկներ արեցին: Գործը վարելու ընթացքում հանձնաժողովը մի շարք հետաքրքիր իրողություններ է պարզել, սակայն ամենաուշագրավը, կարծում ենք, հետեւյալն է. պարզվել է, որ երթուղային տաքսիների գծատերերն այլեւս չեն կարող գազի գնի հնարավոր թանկացումը պատճառաբանելով՝ ուղեվարձի գին բարձրացնել: Երբ հանձնաժողովը երթուղիների սպասարկման պայմանագրերի վերաբերյալ հարցում է արել քաղաքապետարանին, պարզվել է, որ այնտեղ որեւէ կետ չկա այն մասին, որ տաքսիները պետք է աշխատեն գազով: Այլ՝ պետք է իրականացնեն երթուղու սպասարկումը: Այս դեպքում սպառողի իրավունքը հուշում է՝ ինչով ուզում ես լիցքավորիր. գազով, բենզինով, թեկուզ ջրով կամ ավիակերոսինով: «Առավոտի» աղբյուրների համաձայն, գծատերերը հանդարտվել են այն բանից հետո, երբ հանձնաժողովը քաղաքապետարանից պահանջել է լուծարել նման նախաձեռնությամբ հանդես եկող գծատերերի հետ կնքած պայմանագրերը: Մեր տեղեկություններով, երթուղային տաքսիների ուղեվարձը ժամանակին հաշվարկվել է բենզինի ծախսի նկատմամբ: Գազի ծախսի պարագայում է, որ տաքսիները մեծ շահույթներ են ապահովում: Ուստի, տարրական հաշվարկները հուշում են, որ առաջիկայում երթուղային տաքսիները ուղեվարձի բարձրացման համար որեւէ լուրջ հիմնավորում չեն ունենա: Իսկ գազալցակայանների ու երթուղային գծերի տերերի միջեւ ծագած վեճն ընդամենը վերաբերում է շահույթի վերաբախշմանը: Ինչպես նշեցինք, այս երկու հարակից բիզնեսները շահավետ են նույնիսկ այն դեպքում, եթե գազը շարունակի թանկանալ: Պարզապես, նայած թե շահույթի որ մասը բիզնեսի որ տեսակով զբաղվողներն են տնօրինելու՝ գծատերե՞րը, թե՞ գազալցակայանների տերերը։ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրության ընթացքում հակամրցակցային համաձայնության փաստ չի հայտնաբերել: Սակայն արձանագրել է, որ «Մուլտի-լեոն» ՍՊԸ-ն շուկայում գերիշխող դիրք ունի: Ըստ հանձնաժողովից ստացված տվյալների, այս ընկերությանը պատկանող գազալցակայանների միջոցով է իրացվում հանրապետությունում սպառվող գազի 42 տոկոսը (այս տարվա առաջին եռամսյակի ընթացքում): Ընդ որում, առայժմ հնարավոր չէ ստույգ ասել, բայց կարծես թե անցած տարվա նկատմամբ այս տվյալն աճել է: Հետաքրքիր է, որ գազի իրացման ծավալներով երրորդ տեղն զբաղեցնող «Մուլտի գազը» ծածկում է շուկայի 14.5 տոկոսը: Եթե այս երկու ընկերությունները, ինչպես անուններն են հուշում, պատկանում են միեւնույն անձին (ընկերությունից հաստատեցին, որ առաջինը պատկանում է), ապա այս շուկայում մեծանում է Գագիկ Ծառուկյանի կշիռը: Պարոն Ծառուկյանին պատկանող ընկերությունները գերիշխող դիրք ունեն նաեւ գարեջրի, ցեմենտի շուկաներում, ինչն ինքնին ոչ արգելված է, ոչ էլ դատապարտելի: Գերիշխող դիրքի չարաշահումն է արգելված: ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել