Լրահոս
Օրվա լրահոսը

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՅՐՆ ԱԻՄ-Ն է

Օգոստոս 19,2003 00:00

ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՅՐՆ ԱԻՄ-Ն է Իսկ կառավարությունը՝ հա՞յրը ԱԻՄ-կառավարություն հակամարտությունն ամառվա ընթացքում այնքան թեժացավ, որ, ինչպես տեղեկացրեց Պարույր Հայրիկյանը, արդեն 20 օր է, ինչ իրավաբանորեն ԱԻՄ կուսակցություն որպես այդպիսին գոյություն չունի. կա լուծարված, գործունեությունը կասեցրած ԱԻՄ: Այս պարագայում էլ Հայրիկյանը չի կարծում, որ ինքն ԱԻՄ նախագահը չէ: Հարցին՝ ո՞ւմ հետ ենք հիմա մենք զրուցում, Հայրիկյանն ասաց. «Հիմա Դուք խոսում եք ԱԻՄ նախագահ Հայրիկյանի հետ, որը նույնիսկ իր ստացած անդամավճարը հեռախոսավարձը վճարելու համար չի կարող հատկացնել: ՀՀ արդարադատության նախարարության հարկադիր կատարման վարչությունը գրասենյակի գույքագրում է կատարել, արձանագրել է ունեցվածքը, հաշվեհամարը: ԱԻՄ-ում ամեն ինչ հիմա կալանքի տակ է. որեւէ գործարք անելու իրավունք չունենք: Կողմնակի մարդկանց ենք խնդրում, որ մեր փոխարեն հեռախոսի, էլեկտրաէներգիայի դիմաց վճարումներ կատարեն: 15 միլիոն դրամ տուգանք է դրված մեզ վրա: ԱԻՄ-ականները անդամավճար չեն տալիս, ասում են՝ մենք Անդրանիկ Մարգարյանի համար անդամավճար չենք տա»: ԱԻՄ նկատմամբ իրականացվող այս ոտնձգություններն, ըստ Հայրիկյանի, նախապատրաստվել են դեռեւս ընտրություններից առաջ, ու այն ոչ թե ԱԻՄ դեմ է, այլ՝ ժողովրդավարության: «Կարծում եմ, հարցն ավելի լուրջ ու խորն է, քան պարզ հաշվեհարդարը: Սա պարզապես իմ նկատմամբ, որպես ԱՄԿ ղեկավար, հետագայում ԱԻՄ նախագահ, տարվող գծի շարունակությունն է: Իմն էլ որ ասում եմ, դա ես չեմ, այլ այն նպատակներն ու գաղափարները, որոնց ես հետամուտ եմ լինում: ԱԻՄ-ը ժողովրդավարության մայրն է: Մեզ ԱԺ չթողնելը շատ ավելի ծանր հարված էր այս խուժանների կողմից. ստացվում է, որ 100-ից մեկն էլ ԱԻՄ-ին չի գնահատել: Դա գժական դրսեւորում է իրենց կողմից: Իսկ գրասենյակի խնդիրն ավելի շատ սկզբունքի հարց է. սրանով ինձ չեն պատժում: Գրասենյակը պահում եմ ի՞նչ անեմ, իմ ինչին է պետք, եթե ես պառլամենտական ուժ չեմ: Բանտախուցն էլ է ինձ համար գրասենյակ, եւ ոչ պակաս արդյունավետ: Ես գրասենյակի խնդիր չունեմ: Գրասենյակը նյութ է»,- վստահեցնում էր Պ. Հայրիկյանն ու սպասում գրասենյակի հարցով վաղը սպասվող դատավարությանը: Լ. ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել