Լրահոս
Օրվա լրահոսը

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՍՏՈՒՅԳ ԹԻՎՆ ԱՆՀԱՅՏ Է

Օգոստոս 19,2003 00:00

ՁԵՐԲԱԿԱԼՎԱԾՆԵՐԻ ՍՏՈՒՅԳ ԹԻՎՆ ԱՆՀԱՅՏ Է Արդարադատության նախարարության հրապարակած պաշտոնական տվյալների համաձայն, նախագահի ընտրության առաջին փուլից՝ փետրվարի 19-ից հետո մինչեւ փետրվարի 27-ը, երբ Գարեգին Բ կաթողիկոսը միջնորդություն ներկայացրեց կալանավորվածներին ազատ արձակելու վերաբերյալ՝ վարչական պատասխանատվության էին ենթարկվել 160 հոգի: Ընտրության երկրորդ փուլից՝ մարտի 5-ից հետո, դարձյալ ըստ պաշտոնական տվյալների՝ պատասխանատվության ենթարկվեց եւս 55 հոգի: Նկատենք, որ այս 215-ը միայն այն անձինք են, որոնց վերաբերյալ դատարանները կայացրել են վճիռներ: Մինչդեռ թիվը կարող է մի քանի անգամ բազմապատկվել, եթե հաշվի առնենք նաեւ ձերբակալվածներին, ընդդիմության ակտիվիստներին, որոնց ուղղակի բերման էին ենթարկում ոստիկանության քաղմաս, «բացատրական աշխատանք» կատարում եւ ազատ արձակում՝ նախազգուշացումից հետո: «Իմ տվյալներով՝ վարչական պատասխանատվության ենթարկվածները 300-ից ավելի էին»,- ասում է Փաստաբանների միջազգային միության նախագահ Տիգրան Տեր-Եսայանը, որն ընտրարշավի ընթացքում առանձնակի ակտիվությամբ էր զբաղվում ընդդիմության ակտիվիստների իրավունքների պաշտպանությամբ: Միության փաստաբաններն ուղղակի հերթապահում էին դատարանների դռների մոտ եւ անվճար իրավաբանական օգնություն ցույց տալիս ձերբակալվածներին: Տիգրան Տեր-Եսայանը պնդում է, որ ստույգ վիճակագրական տվյալներ չկան այդ շրջանում ձերբակալվածների մասին. «Չեմ համարում, թե պաշտոնական տվյալները ճիշտ են: Արդարադատության նախարարությունը հրապարակեց, թե վարչական պատասխանատվության են ենթարկվել 86 հոգի, բայց մենք այդ ժամանակ արդեն ցուցակ ունեինք, որում 136 անուններ էին: Երբ արդարադատության նախարարությունը հրապարակեց, որ վարչական պատասխանատվության ենթարկվածների քանակն անցել է 100-ից՝ մենք ունեինք արդեն 200-ից ավելի անուններ: Պատճառն այն է, որ արդարադատության նախարարությունը տվյալներ էր ստանում 2-3 դատարաններից, բայց Հայաստանի բոլո՛ր դատարաններն էին ներգրավված վարչական տույժերի ենթարկելու գործընթացում: Բայց իրոք՝ վերջնական տվյալներ չկան, թե քանի մարդ այդ օրերին ենթարկվեցին դրամական տույժերի, իսկ քանիսը՝ կալանավորվեցին»: Ա. Ի.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել