Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Իլհամ Ալիեւի վարկանիշն «աճում» է

Օգոստոս 19,2003 00:00

Իլհամ Ալիեւի վարկանիշն «աճում» է Աճում է նաեւ ընդդիմադիր ալիքը Մինչ ՀՀ իշխանական վերնախավի ներկայացուցիչները խիղճները հանգիստ իրենց «անսպառ» աշխատունակությունն են վերականգնում մոլորակի լավագույն կուրորտներում, նրանց ադրբեջանցի կոլեգաները նյարդային դեգերումների մեջ են։ Այս օրերին Բաքվում հանգստի մասին երազել անգամ չեն կարող. նախագահական ընտրություններին հաշված օրեր են մնացել, իսկ ներքաղաքական դաշտում Հեյդար Ալիեւի հիվանդությամբ պայմանավորված շփոթը շարունակում է խորանալ։ Ի հակառակ բազմաթիվ դիտորդների կանխատեսումների, գործող նախագահի որդու՝ Իլհամ Ալիեւի նշանակումը վարչապետի պաշտոնում գերազանցեց ընդդիմադիր հակազդեցությանն առնչվող բոլոր սպասումները։ Վերջին օրերին Բաքվում տեղի են ունենում բազմամարդ հանրահավաքներ, որոնց, անգամ ամենահամեստ գնահատումներով, մասնակցում են 30-ից մինչեւ 50 հազար մարդ։ Սակայն հասկանալի է, որ Ադրբեջանի իշխանական քարոզչամեքենայի կողմից արտաքին աշխարհին մատուցվում են ամենաքիչը տասն անգամ նվազեցված թվեր։ Այդ հանրահավաքներին ընդդիմության առաջնորդները կոչ են անում պայքարել միապետության գաղափարների իրականացման դեմ։ Ընդդիմությունն առաջին հերթին պահանջում է վարչապետ Իլհամ Ալիեւի հրաժարականը, նրա նշանակումն այդ պաշտոնում համարելով հակասահմանադրական։ Ըստ այդմ՝ վերջինս չի կարող գլխավորել կառավարությունը, միաժամանակ հանդիսանալով նախագահի թեկնածու։ Այդուհանդերձ, ասել, թե իշխանական կառույցները խիստ վախեցած են ընդդիմադիր ելույթների աշխուժացումից, չափազանցություն կլիներ։ Առավել եւս, որ սահմանադրության կամ որեւէ օրենքի խախտումն Ադրբեջանում, ինչպես եւ Հայաստանում, ամենեւին մահացու մեղք չի համարվում։ Ավելին, Բաքվում կարծես թե գտել են օրենսդրական փակուղիներից դուրս գալու ամենակարճ եւ «հարմարավետ» ճանապարհը։ Անցած շաբաթավերջին Ադրբեջանի սահմանադրական դատարանը անվավեր է ճանաչել երկրի ընտրական օրենսգրքի թիվ 179.1 հոդվածը։ Այդ հոդվածը նախատեսում էր նախագահական ընտրությունների հետաձգում, եթե դրանց անցկացմանը նախորդող երեք ամիսների ընթացքում գործող նախագահը ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չի լինում կատարել իր պարտականությունները։ Հետաքրքիր է, որ մինչ կասեցումը, հիշյալ հոդվածն ընդդիմության կողմից ենթարկվում էր կատաղի քննադատության, քանզի այն ակնհայտորեն «ծեփվել» էր անկանխատեսելի իրավիճակներում իշխանությունն օրենսդրորեն վերազավթելու նպատակով։ Մինչդեռ հիմա, երբ Ալիեւ-որդին օրինական թեկնածու է, ու նաեւ իր ձեռքն է վերցրել գործադիր իշխանության բոլոր լծակները, այլ խոսքով՝ իրադրությունը փոքրիշատե կանոնավորվել է, այդ հոդվածի անհրաժեշտությունը վերացել է։ Այն, որ պաշտոնական Բաքուն առանձնապես մտահոգված չէ հանրահավաքային զարգացումների հեռանկարով, պարզորոշ երեւում է նաեւ Իլհամ Ալիեւի վարկանիշի «իշխանաթուխ» ցուցանիշներից։ Բավական է նշել, որ տասնյակ հազարավոր մարդկանց մասնակցությամբ նրա անձի դեմ ընթացող պերմանենտ հանրահավաքների ֆոնին Իլհամ Հեյդարիչի վարկանիշն արդեն հատել է 55%-ի սահմանագիծը։ Ինչ վերաբերում է հայր-Ալիեւին, ապա վերջինիս գործոնն աստիճանաբար դուրս է մղվում ներքաղաքական շրջանառությունից։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել