Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Նրանք մոլորվել են կոմունիստական ջունգլիներում

Օգոստոս 19,2003 00:00

Նրանք մոլորվել են կոմունիստական ջունգլիներում Բայց հետ գալու ցանկություն չունեն ՀԿԿ առաջին նորընտիր քարտուղար Ռուբեն Թովմասյանն ամենեւին էլ չի պատրաստվում տարիներ առաջ կոմկուսից վտարված «մոլորյալ կոմունիստներին» վերադարձնել իրենց շարքերը: Ռ. Թովմասյանն էլ իր նախորդների նման պնդում է, թե վտարված կոմունիստները պետք է դիմում գրեն, բացատրեն, թե ինչու են տարիներ առաջ վտարվել կուսակցության շարքերից, որից հետո բյուրոն կորոշի՝ ինչ անել «մոլորյալների» հետ: Պրն Թովմասյանը խոստանում է . «Ովքեր դիմեն, մեր նրբանկատությունը նրանց նկատմամբ կլինի չափից ավելի, կլինենք չափից ավելի ուշադիր ու չափից ավելի բարձր պատասխանատվությամբ կվերաբերվենք դիմողների դիմումներին»: Թերեւս նորընտիր առաջին քարտուղարը նույնպես տեղյակ է, որ նախկին կոմունիստներն իր նրբանկատ վերաբերմունքի մասին կոչերը չեն ընդունելու, քանի որ նրանք դեռեւս Վլադիմիր Դարբինյանի ղեկավարության ժամանակ էին պնդում, թե իրենք մեղայականով ու իրենց ներում շնորհելու խնդրանքով երբեւէ չեն դիմելու ՀԿԿ բյուրոյին: Վտարվածները պատճառաբանում են, թե ՀԿԿ-ն է տարիներ առաջ անօրինական որոշում կայացրել՝ իրենց հեռացնելով կոմկուսի շարքերից: «Դա արդեն նրանց գործն է, ես ղեկավարվում եմ ՀԿԿ կանոնադրությամբ, որտեղ չկա ետ կանչելու մեխանիզմ: Ես շարժվում եմ կանոնադրությամբ, իսկ նրանք էմոցիաներով: Սխալ է եղել, թե ճիշտ իրենց վտարումը, դա հնարավոր է պարզել միայն դիմումները ստանալուց ու քննարկելուց հետո: Հնարավոր է, որ ՀԿԿ բյուրոյի այն ժամանակվա որոշումները շտապողականության կամ սխալի արդյունք են, բայց կան ձեւեր, որից շեղվել ես չեմ կարող: Եթե մարդը վտարվել է կուսակցությունից, ինքը պետք է պատճառաբանի՝ սխալ է եղել, թե ճիշտ»,- ի պատասխան վտարվածների փաստարկներին, նշում է Ռ. Թովմասյանը: Հայաստանի առաջադիմական միացյալ կոմունիստական կուսակցության ղեկավար Վազգեն Սաֆարյանը, որը նույնպես տարիներ առաջ վտարվել է ՀԿԿ շարքերից վստահեցնում է, որ իրենք դիմում գրելու եւ նորից ՀԿԿ շարքերում անդամագրվելու խնդիր չունեն եւ չի էլ կարող լինել: «Այդ հարցի լուծման ձեւն այն է, որ նրանք ասեն՝ դրանք հակասահմանադրական որոշումներ են եղել, որոնք պետք է վերանայել, որից հետո վտարվածներից ամեն մեկն իր համար պետք է որոշի՝ վերադառնալու համար դիմում գրի՞, թե՞ ոչ: ՀԿԿ նոր ղեկավարությունը պետք է այդ հարցը քննարկի, եթե ուզում է օրինապահ ու կարգապահ երեւալ: Դրանից հետո մենք նրանց վարքագիծը կքննարկենք ու որոշում կկայացնենք: Մենք ոչ մի մեղք չենք գործել, որպեսզի նման բան անենք, մեղքն իրենք են գործել»,- պնդում էր Վ. Սաֆարյանը: Իսկ ինչ վերաբերում է կոմկուսից վտարվածներին մոլորյալներ կոչելուն, ապա Վ. Սաֆարյանն ասաց. «Մոլորյալ» բառը քաղաքականությամբ զբաղվողների, այն էլ կոմունիստների համար՝ ճիշտ բառ չի ընտրված: Մենք ոչ անտառում էինք, որ մոլորվեինք, ոչ էլ ջունգլիներում: Ուզում են դրանով ասել, որ մենք գնանք մեղայականով դիմում գրենք, բայց մեզանից՝ վտարվածներից ոչ ոք չի պատրաստվում նման դիմում գրել»: Բացի այս, Վ. Սաֆարյանը նշեց, որ ինքը չի պատրաստվում լքել իր կուսակցությունը (միացյալ կոմկուսը), որն արդեն երկու անգամ մասնակցել է ընտրություններին ու 2 տոկոսից ավելի ձայն է ստացել, թողնել ու վերադառնալ ՀԿԿ, որպես շարքային կոմունիստ. «Այդ հարցը նույնիսկ տրամաբանական էլ չէ, որ քննարկենք»,- ասաց նա: Ռ. Թովմասյանի հայտարարության առնչությամբ, թե իրենք լինելու են միակ արմատական ընդդիմությունը, ՀԱՄԿԿ առաջնորդն ասաց. «Արմատական ընդդիմություն լինելն ասելով չէ, գործելով է, որը կտեսնենք նրանց հետագա գործողություններում: Կտեսնենք, թե ինչ դիրք կընդունեն առաջիկայում: Բացի այդ, ոչ մի առաջին քարտուղար չի կարող ասել, թե իրենք արմատական ընդդիմություն են լինելու, թե՞ կառուցողական: Բա՞որ համագումարում մեծամասնությունն ասաց, որ իրենք արմատական չեն, ի՞նչ է անելու»,- հռետորական հարց ուղղեց առաջադեմ կոմունիստը: ԼԻԼԻԹ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել