Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀԱՆԿԱՐԾ ՉՀԱԿԱՍԵ՜Ք ՍՍՀՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ

Օգոստոս 19,2003 00:00

ՀԱՆԿԱՐԾ ՉՀԱԿԱՍԵ՜Ք ՍՍՀՄ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ Այն, ինչ կատարվեց նախագահի ընտրության ընթացքում հանրահավաքների եւ երթերի մասնակիցների հետ, կարող է կրկնվել առաջիկայում եւս՝ քաղաքական ցանկացա՛ծ լարված իրավիճակում: Ուստի ավելորդ չէ տեղեկանալ, թե իրավական ինչ փաստաթղթերով են իշխանությունները փորձում հիմնավորել այդ ձերբակալությունները: Նախ՝ մի փոքրիկ նախապատմություն: Նախագահի ընտրությունից հետո Դատարանների նախագահների խորհուրդը քննարկեց վարչական պատասխանատվության ենթարկվածների հարցը: Եվ իր ապրիլի 25-ի որոշմամբ անհիմն համարեց այն տեսակետը, թե «Վարչական իրավախախտումների մասին» օրենսգրքի հոդվածը՝ «Ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի կազմակերպման եւ անցկացման սահմանված կարգի խախտումը», հակասում է խաղաղ ցույցեր անցկացնելու սահմանադրական իրավունքին, քանի որ այն կարող է սահմանափակվել օրենքով, եւ դա 1988-ին ընդունված «ՍՍՀՄ-ում ժողովների, միտինգների, փողոցային երթերի եւ ցույցերի կազմակերպման եւ անցկացման կարգի մասին» օրենքն է: Այժմ մեր ձեռքի տակ է այդ փաստաթուղթը, որ բնավ օրենք չէ, այլ 1988-ի հուլիսի 28-ին ՍՍՀՄ Գերագույն Սովետի նախագահության հրամանագիրը «ՍՍՀՄ-ում ժողովների, միտինգների, փողոցային երթերի ու ցույցերի կազմակերպման եւ անցկացման կարգի մասին»: Նշենք նաեւ, որ 1988-ի հոկտեմբերի 28-ին ՍՍՀՄ Գերագույն Սովետի նախագահության նախագահ Միխայիլ Գորբաչովը ստորագրել է օրենք ՍՍՀՄ Գերագույն Սովետի նախագահության հրամանագրերը հաստատելու մասին: Եվ հաստատված 5 հրամանագրերի շարքում է նաեւ երթերի եւ ցույցերի կազմակերպման վերաբերյալ այդ փաստաթուղթը: Շեշտում ենք՝ սա հրամանագիր է, ոչ օրենք: Ըստ այդմ՝ այսօր էլ չկա որեւէ օրենք, որով սահմանափակվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սահմանադրական իրավունքը՝ անցկացնել խաղաղ ցույցեր: Այժմ Հայաստանի Հանրապետությունում սովետական դատախազության ստեղծման հաշվարկով է նշվում դատախազության օրը: Իսկ Ռոբերտ Քոչարյանն էլ կշտամբում է Վճռաբեկ դատարանին, որ այն իր ստեղծման հաշվարկը կատարում է անկախ հանրապետությունում ստեղծման թվականից: Այս պայմաններում ավելորդ է թվում եւս մեկ անգամ նշելը, թե անհեթեթ են 1988-ի սովետական իրավական ակտերը Հայաստանի Հանրապետությունում կիրառելու փորձերը: Թե ինչ հետեւանքների կարող է բերել նման փաստաթղթերի կիրառումը՝ լավագույնս ապացուցում է հենց այս հրամանագիրը: Դատարանների նախագահների խորհուրդը որոշել է, թե «ՍՍՀՄ-ում ժողովների, միտինգների, փողոցային երթերի եւ ցույցերի կազմակերպման եւ անցկացման կարգի մասին» հրամանագիրն այժմ գործո՞ւմ է Հայաստանում: Տեսնենք, ուրեմն, թե ըստ այդ հրամանագրի՝ ինչպես պիտի երթեր եւ ցույցեր կազմակերպեն ՀՀ քաղաքացիները: «Ժողով, միտինգ, փողոցային երթ կամ ցույց անցկացնելու դիմում է արվում ժողովրդական դեպուտատների համապատասխան տեղական սովետի գործադիր կոմիտեին»,- որոշել է ՍՍՀՄ Գերագույն Սովետի նախագահությունը: Ըստ այդմ՝ միանգամից պարզ է, որ ՀՀ-ում հանրահավաքներ անցկացվել չեն կարող, քանի որ ժողդեպուտատների տեղական սովետների գործկոմները վերացել են վաղո՜ւց: Այնուամենայնիվ, ասենք թե՝ որոշեն, թե մեկ այլ պետական մարմնի պիտի տան դիմումը, բայց՝ պահպանելով այս հրամանագրով առաջադրված պահանջները: Դիմումի մեջ պետք է նշվեն «միջոցառման նպատակը, ձեւը, անցկացման վայրը, շարժման երթուղիները, այն սկսելու եւ ավարտելու ժամանակը, մասնակիցների ենթադրյալ թիվը, լիազորների (կազմակերպիչների) անունները, հայրանունները, ազգանունները, նրանց բնակության եւ աշխատանքի (ուսման) վայրը, դիմում տալու ամսաթիվը»: Այս ամենը երեւի շա՜տ համապատասխան է Ռոբերտ Քոչարյանի հռչակած՝ «կազմակերպված պետություն» ունենալու հայեցակարգին, որտեղ անգամ հանրահավաքների մասնակիցների քանակը պիտի նախօրոք ծրագրված եւ համաձայնեցված լինի: ՍՍՀՄ Գերագույն Սովետի նախագահությունը 1988-ին որոշել էր, որ երթերն ու ցույցերը պետք է անցկացվեն «դիմումի մեջ նշված նպատակներին համապատասխան, ինչպես նաեւ՝ սահմանված ժամկետներում եւ պայմանավորված տեղում»: Հրամանագրի համաձայն՝ կազմակերպիչները եւ մյուս մասնակիցները ցույցեր անցակացնելիս «պարտավոր են պահպանել սովետական օրենքները»: Ըստ ամենայնի՝ ՀՀ Դատարանների նախագահների խորհուրդը, որ երկնել է այս հանճարեղ որոշումը, պիտի վերահրատարակի սովետական օրենքների լիակատար ժողովածուն եւ դրանք տրամադրի ՀՀ այն քաղաքացիներին, որոնք ցանկություն ունեն իրացնել հանրահավաքներ անցկացնելու իրենց սահմանադրական իրավունքը: «Ժողովրդական դեպուտատների սովետի գործադիր կոմիտեն ժողովը, միտինգը, փողոցային երթը կամ ցույցն արգելում է, եթե դրանց նպատակը հակասում է ՍՍՀՄ սահմանադրությանը»,- նշված է հրամանագրում: Իսկ սահմանված կարգը խախտած անձանց խոստանում են պատասխանատվության ենթարկել «ՍՍՀՄ եւ միութենական հանրապետությունների օրենսդրությանը համապատասխան»: Ըստ այդմ՝ կարող են Սիբիր էլ քշել, ինչպես վարվում էին սովետական տարիներին: … Ակնհայտ է, որ Դատարանների նախագահների այդ որոշումը փորձ էր օրինականության տեսք հաղորդել բացարձակ անօրինականությանը: Միայն հետաքրքրիր է, որքա՞ն կառաջանան դատավորները կամ այլ իրավապահները գործող վարչակազմի ապօրինությունները քողարկելու իրենց ձգտման մեջ: Եվ կշարունակե՞ն այսուհետ եւս պնդել, թե 1988-ին ընդունված այդ հրամանագիրը գործում է մինչ այժմ: ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել