Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԹԱՑԵԼ Է ԾՐԱԳՐՎԱԾ ՍՑԵՆԱՐՈՎ»

Օգոստոս 19,2003 00:00

«ՆԱԽԱՔՆՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆԹԱՑԵԼ Է ԾՐԱԳՐՎԱԾ ՍՑԵՆԱՐՈՎ» Պնդում է Արմեն Սարգսյանի փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը Ինչպես «Հոկտեմբերի 27»-ի դատաքննությունը, ՀՀ հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանի սպանության առնչությամբ հարուցված քրգործի դատաքննությունն էլ սկսում է հետաքրքիր զարգացումներ ապրել: Դատաքննության նախորդ նիստում մեղադրող կողմի նախաձեռնությամբ դատարանը որոշում կայացրեց քրգործով անցնող ամբաստանյալների հարցաքննության ժամանակ դահլիճից դուրս բերել Տիգրան Նաղդալյանի սպանությունը պատվիրելու մեջ մեղադրվող Արմեն Սարգսյանին՝ իբր, մյուս ամբաստանյալներին հարցաքննության ժամանակ չկաշկանդելու համար: Ի դեպ, Ա.Սարգսյանի փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը մեր զրույցի ժամանակ այս միջնորդությունն ու դրա բավարարումը որակեց որպես՝ հասարակական կարծիք ստեղծելու հերթական քայլ. «Դրանով փորձում են կարծիք ստեղծել, թե Արմեն Սարգսյանն այնպիսի հեղինակություն է մյուս ամբաստանյալների համար, որ նրա պատվերը միանշանակ պետք է կատարեին: Սա այն դեպքում, երբ մյուս ամբաստանյալները Ա. Սարգսյանին չեն ճանաչել եւ երբեւէ առնչություններ չեն ունեցել, ավելին, նույնիսկ նրա հետ հեռու ազգակցական կապ ունեցող ամբաստանյալները նախաքննության ընթացքում նրա դեմ ցուցմունք են տվել եւ չեն կաշկանդվել առերես դրանք պնդելուց»,- նկատեց Ռ.Գրիգորյանը: Նա ակնարկեց, որ ինքն էլ առաջիկայում համանման միջնորդությամբ հանդես կգա՝ պահանջելով իրարից զատ հարցաքննել մյուս ամբաստանյալներին: Դատաքննությունն այսօր կսկսվի Տիգրան Նաղդալյանի սպանությունն անմիջականորեն իրականացրած Ջոն Հարությունյանի հարցաքննությունից: Վերջինիս մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր. օր.-ի 99 հոդվածի 1-ին եւ 3-րդ կետերով: Նա, թերեւս, միակ ամբաստանյալն է, որ իրեն ամբողջությամբ մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքերում: Ամբաստանյալ Ա.Սարգսյանի պաշտպանը նկատեց, որ այս քրգործի նախաքննական նյութերի ամբողջ ծավալով ուսումնասիրությունից ակնհայտ է դարձել, որ քրգործում կան «բավականաչափ չպարզված եւ գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքներ»: Միաժամանակ փաստաբանը խուսափեց միանշանակ գնահատել, թե արդյո՞ք այդ բացթողումները անփութության, թե՞ դիտավորության արդյունք են: Ա.Սարգսյանի փաստաբանը մտադիր է նաեւ միջնորդել ապացուցողական նշանակությունը կորցրած ճանաչել եւ մեղադրանքի հիմքում չդնել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել, այսպես կոչված, նախաքննության ընթացքում «խորթ մեթոդների» կիրառման արդյունքում: Ընդ որում, խոսքն ամենեւին էլ Ա.Սարգսյանի նկատմամբ ֆիզիկական ճնշումների մասին չէ, այլ՝ նախաքննության ընթացքում որոշակի ուղղորդվածություն ունեցող եւ կոնկրետ պատասխան ենթադրող հարցադրումների եւ դրանց արդյունք հանդիսացող ցուցմունքների: Փաստաբանի ասելով, իր պաշտպանյալից կորզել են այնպիսի ցուցմունքներ, որոնք չեն բխել վերջինիս համոզմունքներից կամ հակառակ են դրանց: Ռ.Գրիգորյանն, ի դեպ, դրանց մասին ահազանգել էր դեռ քրգործի նախաքննության ընթացքում: Դատաքննության նախորդ նիստում ամբաստանյալներից ոմանք համաձայն չէին իրենց առաջադրված մեղադրանքներին եւ իրենց միայն մասնակիորեն մեղավոր ճանաչեցին: Արդյո՞ք նախաքննական մարմինը օբյեկտիվ եւ ճիշտ է գնահատել նրանցից յուրաքանչյուրի մեղքն ու մեղավորության չափը: Փաստաբան Գրիգորյանն այս առնչությամբ կարծիք հայտնեց, թե «նախաքննության ընթացքում, այսօր արդեն, ամբաստանյալներից մի քանիսին առաջադրված մեղադրանքը խստացված է, ոմանցը, ինչպես մասնավորապես Հովհաննես Հարությունյանինը՝ «Ապերինը», ընդգծված մեղմացման միտում ունի: Մի բան հստակ է. նախաքննական մարմինը քրգործը հարուցել է հանցագործության այնպիսի հատկանիշներով, որոնք հարուցման պահին չի ունեցել եւ չէր էլ կարող ունենալ, որովհետեւ այդ պահի դրությամբ նա չգիտեր, թե ով է հանցագործը եւ ինչ դրդումներով է այդ հանցագործությունը կատարել, մինչդեռ քրգործ հարուցելու որոշման մեջ դրվել է եւ հանցագործության հատկանիշը, եւ մոտիվը. տեռորիստական ակտ, իշխանությունը քայքայելու նպատակ եւ այլն: Սրանք որակումներ են, որոնք կարող էին հստակ դառնալ միայն բավարար տվյալներ ունենալու պարագայում»: Փաստաբանի համոզմամբ, քրգործի հարուցման պահին նախաքննական մարմնին հայտնի է եղել միայն սպանության՝ պաշտոնատար անձի սպանության փաստը եւ ոչ ավելին, մինչդեռ ժամանակին քրգործը հարուցվել է այնպիսի մեղադրանքներով, որոնք հետագայում ուղղորդող են դարձել եւ նախաքննությունն էլ ընթացել է հենց այդ ասպեկտով: «Կամ. ո՞վ էր ասել, որ այն զենքը, որով սպանել էին Տ.Նաղդալյանին ապօրինի է եղել: Դա հնարավոր էր որոշել միայն այն դեպքում, եթե նախաքննական մարմինն իր ձեռքին ունենար այդ զենքը, պարզեր եւ հետո միայն կարծիք հայտներ՝ այն գրանցվա՞ծ է, թե՞ ոչ»,- փաստաբանի այս նկատառումները միտված էին հաստատելու այն կարծիքը, թե նախաքննությունն ընթացել է նախապես ծրագրված սցենարի եւ մեղադրանքների շրջանակներում: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ Մեղադրող կողմի տեսակետը կներկայացնենք վաղվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել