Լրահոս
Օրվա լրահոսը

Իրանահայերն ուզում են աշխատել Հայաստանում

Օգոստոս 02,2003 00:00

Իրանահայերն ուզում են աշխատել Հայաստանում Երեւանում է իրանահայ երաժիշտ, գրող, կոլեկցիոներ Հովիկ Էդգարյանը, որդու՝ Րաֆֆիի հետ։ Արդեն 30 տարի է՝ նա այցելում է Հայաստան ու իր հավաքածուից հին ձեռագրեր, հմայիլներ, պատմական նշանակության փաստաթղթեր նվիրում Մատենադարանին, գրադարաններին, թանգարաններին։ Գիտությունների ակադեմիայում Հ. Էդգարյանի անունով հիմնադրամ է գործում, որի նպատակը երիտասարդ գիտնականներին աջակցելն է։ Այս անգամ Հ. եւ Ր. Էդգարյանները Մատենադարանին նվիրատվության կարգով հանձնել են հին հայկական, արաբական, ասորական ձեռագրեր, հմայիլներ։ Րաֆֆի Էդգարյանը, որ ուսանել է Վենետիկի Մուրադ Ռաֆայելյան վարժարանում, ցավով փաստեց, որ արդեն 5 տարի է, ինչ աշակերտներ չունենալու պատճառով դպրոցը չի գործում։ Այն վերածվել է հյուրանոցի, իսկ նրա հայելապատ մեծ սրահը վարձով տրվում է հարսանյաց հանդեսներ անցկացնելու համար։ Րաֆֆիի ուսանելու տարիներին ընդամենը 140 աշակերտ կար դպրոցում։ Նրանք հիմնականում Իրանից, Թուրքիայից ու Սիրիայից եկած հայեր էին։ Այստեղ նույնիսկ Հայաստանից էին գալիս սովորելու։ Ու քանի որ վերջին տարիներին իրանաբնակ երիտասարդներին առանց հատուկ թույլտվության արգելվում էր երկրից դուրս գալ, իսկ Մուրադ Ռաֆայելյան վարժարանում ուսման վարձն էլ շատ բարձր էր (տարեկան 4-5 հազար դոլար), աշակերտների թիվը գնալով նվազեց։ Ըստ Րաֆֆիի, նույն ճակատագրին է արժանացել նաեւ Կալկաթայի հեղինակավոր հայկական ճեմարանը։ Մուրադ Ռաֆայելյան վարժարանից հետո Ր. Էդգարյանը սովորել է նաեւ Վենետիկի ճարտարապետական համալսարանում, նրա դիպլոմային աշխատանքի թեման է եղել «Հայկական բերդերը»։ Րաֆֆին հետաքրքրվում է հայկական ճարտարապետությամբ, եկեղեցիներով ու բերդերով։ Ափսոսում է, որ Թուրքիայում գտնվող պատմամշակութային հուշարձանների մի մասը վատթար վիճակում է։ Ըստ նրա, վերջերս Թուրքիայի մշակույթի նախարարը խոստացել է վերականգնողական աշխատանքներ կատարել Անիի եկեղեցիներում։ Ր. Էդգարյանը գտնում է, որ, ի տարբերություն թուրքերի, իրանցիներն ավելի հետեւողական ու բարեխիղճ են այս առումով։ Որպեսզի Թավրիզի մոտակայքում կառուցվող ջրամբարի պատճառով տեղի Ծործոր եկեղեցին ջրի տակ չմնա, իրանցիներն այն այժմ տեղափոխում են։ Աշխատանքներն էլ կատարվում են հայ մասնագետների անմիջական մասնակցությամբ, քանի որ վերջիններս ավելի լավ գիտեն իրենց ազգային ճարտարապետության յուրահատկությունները։ Րաֆֆին պատրաստվում է մի գիրք հրատարակել Իրանում «Հայկական եկեղեցիները» խորագրով։ Նա նաեւ հրաշալի նախագծող է։ 1987թ. աշխատում է Լոնդոնում, զբաղվում է առանձնատների նախագծմամբ։ Ցանկանում է իր ներդրումն ունենալ Հայաստանի ճարտարապետաշինության գործում։ Հայաստան գալու նպատակն էլ հենց դա է։ Ա. ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել