Լրահոս
Օրվա լրահոսը

ԲՈԼԴԻՆՅԱՆ ԱՇՈՒՆ

Օգոստոս 02,2003 00:00

ԲՈԼԴԻՆՅԱՆ ԱՇՈՒՆ Հավանաբար, առանց ազգայնականության մեջ մեղադրվելու, կարելի է հայերենի մասին ասել այն, ինչ Էռնեստ Ռենանը ֆրանսերենի առիթով. «Ֆրանսերենը, տիկնայք եւ պարոնայք, երբեք չի կարող լինել աբսուրդի լեզու. ես չեմ կարող պատկերացնել որեւէ քչից-շատից լուրջ հետադիմական շարժում, որի զենքը լինի ֆրանսերենը»։ Իրոք, դժվար է պատկերացնել ֆրանսերեն խոսող գիլյոտին, բայց դժվար չէ պատկերացնել ոտքի վրա ընդունված որոշումների բովանդակությունը, որ կարգադրում էր գիլյոտին բանեցնել եւ հրամանը, ասենք, լիներ իտալերեն, այն պատճառաբանությամբ, թե ապագայում այդ լեզվով է խոսելու Մուսոլինին։ Նույն տրամաբանությամբ կարելի է նույնացնել Հիտլերի արիականության ֆաշիստական ուսմունքը եւ Գյոթեի բանաստեղծությունը, ինչ է թե երկուսն էլ խոսում էին գերմաներեն։ Կամ՝ ռուսաստանյան նորելուկ սքինհեդներին համարել «Եվգենի Օնեգինի» լեզվական կուլտուրայի օրինական ժառանգորդները։ Ավելին՝ ազգի մասին դատել այն լեզվով, որով արտահայտվում է, կնշանակի հայերենը Ավարայրի կամ ցեղասպանության ենթարկված ազգի լեզուն է, իսկ թուրքերենը՝ ցեղասպանողի, ճապոներենը՝ էլեկտրոնիկայի, ռուսերենը՝ պերմանենտ հեղափոխականների եւ այդպես շարունակ։ Ինչպես նկատում եք, օրինակները հիմնականում խոսում են ի վնաս մարդկանց առանձին խմբերի եւ հօգուտ լեզվի, այսինքն՝ լեզվի անմեղության կանխավարկածի օգտին, միաժամանակ բացառելով լեզվի եւ դրանով խոսող անձանց վարքի եւ ինչ լեզվով խոսելու միջեւ եղած որեւէ ընդհանրություն։ Մյուս կողմից՝ անհնար է անտեսել- եւ սա պարադոքս է- դատելով մարդու լեզվից՝ գրեթե անսխալ կարելի է կռահել նրա ով լինելը, իսկ նրա ով լինելուց՝ գուշակել այն լեզուն, որով խոսում է։ Պարադոքսի փարատման հույսով կարելի է թեթեւակի ակնկալիքներ կապել այն բացատրության հետ, ըստ որի, լեզուն միայն հաղորդակցման միջոց չէ, ինչպես տասնամյակներ շարունակ լենինաբար կրկնում են մեր լեզվաբանները, այլ առաջին հերթին դասակարգման միջոց։ Կարծես խելքի մոտիկ բացատրություն է, հակառակ դեպքում անհասկանալի կլինի, թե, օրինակ, ինչո՞վ է հաղորդակցվում հայաստանյան քաղաքական գործիչների մեծագույն մասը, չլինի՞ հայերենով։ Իհարկե՝ ըստ դասակարգման, այսինքն՝ ի պաշտոնե։ Ուստի լեզվի՝ դասակարգման միջոց ընդունելուց հետո, դժվար չէ գնահատել մարդուն, անկախ այն բանից, թե ինչ լեզվով է խոսում կամ կարեւոր չէ՝ դաշնակ լինելու համար պարտադիրը հայերե՞նն է, թե Լուկաշենկոյի բելառուսերենը։ (Պետք է կարծել, որ Հայաստանում դիկտատուրայի հաստատման հնարավորությունը բացառողները ենթագիտակցաբար ելնում էին այն պարզունակ դրույթից, թե հայերենով հնարավոր չէ դիկտատոր լինել)։ Ինչեւէ. ինչպես տեսնում ենք, խոսելն ինքնին այնքան էլ անմեղ զբաղմունք չէ։ Անգամ փորձնական հոգեբանության մակարդակում ապացուցված է, որ մշակույթի առաջընթացի շարժիչը նախեւառաջ բառերն են, ապա հետո միայն գաղափարները։ Եվ ահա՝ բավական է հայերենում հայտնվեր «գոյատեւել» բառը, որպեսզի արագորեն վերածվեր ազգապահպանման մեծագույն գաղափարի։ Գոյատեւումը կրավորական կեցություն է՝ առանց ծրագրի, ավելի ճիշտ՝ միակ ծրագիրը գոյատեւելն է։ Սա արդեն բոշայության սահմանումն է- աշխարհն ազատ է, իսկ տեղաշարժման հնարավորությունները՝ անկաշկանդ։ Մշակութային եսակենտրոնության ամենաբիրտ ձեւը, երբ պահպանողականությունը դառնում է ինքնապաշտպանության միակ կերպը, որը նաեւ չանհետանալու ուղին բռնած ազգի շամանական բանաձեւն է։ Եթե սրան հավելենք աղետների տեսությունից փոխառած գաղափարները, կարելի է երկյուղել, որ ազգի եռանդ-ուժը սպառվում է։ Գոյապաշտության (էկզիստենցիալիզմ) ուսմունքի հայրերից մեկը՝ Հայդեգերը, կարծում էր, որ մարդկությունը երկու մեծագույն ճգնաժամ է ապրել, առաջին անգամ, երբ Ադամը մեղք գործեց, երկրորդը՝ երբ հայտնվեց տափակության սարդոստայնում։ Կարծում եմ, «գոյատեւումը» անկման երրորդ օղակն է լինելու, վախենամ՝ վերջինը։ Կարելի է չտարակուսել, որ «գոյատեւում» բառը մի քիչ ախպարական գունավորումով, այնուամենայնիվ, մտավորական ծագում ունի եւ գաղափարախոսություն է, ավաղ, մտավորականության մեծագույն մասին համար։ Ճիշտ է, մյուս կողմից, չափազանց բարդ է ըմբռնել, թե մենք ինչ ենք հասկանում «մտավորականություն» ասելով։ Օստապ Իբրահիմովիչը հարստանալու 4 հարյուր ազնիվ միջոց գիտեր, նույնքան սահմանում կարելի է տալ «մտավորականություն» հասկացությանը, որոնցից հնարավոր է ընտրել համեմատաբար ամենաազնիվը. մտավորականությունը ինտելեկտուալ վերաբերմունք է ժամանակի եւ միջավայրի նկատմամբ, այսինքն՝ մտավոր տեսակետ իրականության հանդեպ։ Համաձայն եմ, սա անորոշ, միաժամանակ «բաց» սահմանում է, բայց միակ չափորոշիչը, որով հնարավոր է զատել կոչյալներին ընտրյալներից։ Սարտրն ասում էր. «Ես պատասխանատու եմ համարում Ֆլոբերին եւ Գոնկուրներին ռեպրեսիաների համար, որոնք հետեւեցին Կոմունային, որովհետեւ տող իսկ չգրեցին, որպեսզի կանխեին դրանք»։ Վերջերս մտավորականների մի խումբ ընդդիմանում է Հայկական հանրագիտարանի շենքի վաճառքին. ազնիվ արարք։ Պարզապես չես հասկանում, թե որտե՞ղ էր այդ նույն մտավորականությունը երկրում կատարվող բարբարոսությունների ժամանակ, «Առագաստի» սպանության, «Ա1+»-ի փակման, 27-ի ոճրագործության օրերին։ Պատասխանը մեկն է՝ խաղից դուրս վիճակում։ Բայց չէ՞ որ նշանավոր մտավորականների՝ նախագահի նախընտրած թեկնածության պաշտպանությունը հենց այդ արժեքների պաշտպանությունն էր։ Էլի փառք Մաթեւոսյանին, որ չհապաղեց տալ 27-ի ոճրագործների արարքի սահմռկիչ գնահատականը, հայտարարելով. «Այդ տեքստը մենք ենք գրել»։ Բնականաբար, այս ամենից ելնելով, մենք պետք է ապավինենք գոյատեւմանը- գոյատեւող իշխանություն, գոյատեւող ընդդիմություն եւ իսկապես գոյատեւող ժողովուրդ։ Ժամանակի ըմբռնման փիլիսոփայության առումով հայ ժողովրդի գիտակցության մեջ բացակայում է տեւականության չափման այնպիսի միավոր, ինչպիսին ապագան է։ Կարելի է կարծել, որ թույլ է նաեւ հակադարձությունը ներկային։ Հետեւաբար, իր ողջ փիլիսոփայությունը դուրս է բերում անցյալից։ Զարմանալիորեն հիմա հույսներս դրել ենք աշնան վրա. ըստ երեւույթին աշնանը միայն ճտերը չէ, որ հաշվում են։ Ինչ արած՝ արձակուրդներ են։ ԹԱԴԵՎՈՍ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել