Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքները ձեւական բնույթ ունեն

Օգոստոս 02,2003 00:00

Բողոքները ձեւական բնույթ ունեն Հուլիսի 26-ին Ֆիզիկա-1 առարկայից քննություն հանձնած մի դիմորդի գրավորի բողոքարկման արդյունքում համոզվեցինք, որ այն, ինչ որոշում է հանձնաժողովը՝ ճիշտ, թե սխալ, այլեւս բեկման ենթակա չէ: Այսպես՝ 22-Ա տարբերակը նախապես գնահատված է եղել 18 միավոր, ապա հանձնաժողովի նախագահի ձեռքի մի քանի շարժումով դարձել է 16: Ըստ Հանրապետական ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղարի, հանձնաժողովի նախագահները վերստուգում են 8 եւ ցածր, ինչպես նաեւ 18 եւ բարձր գնահատված աշխատանքները: Տրամաբանությունը հասկանալի չէ, քանի որ հանձնաժողովի անդամները նույն հաջողությամբ կարող են սխալվել մյուս գնահատականների դեպքում: Հանձնաժողովի նախագահը վերոնշյալ գրավորի 3 հարցերից 0.5-1 միավոր հանելով, յուրաքանչյուրի դիմաց նշել է, թե իբր դիմորդն ամբողջությամբ չի կատարել առաջադրանքը: Մասնավորապես 1-ին հարցում նշել է, թե դիմորդը չի անդրադարձել ներդաշնակ տատանումների փորձի նկարագրությանը: Այնինչ, այդ հարցում չկա նման պահանջ: Նույն հարցում հանձնաժողովի նախագահը պահանջել է ներկայացնել արագության եւ արագացման գրաֆիկները: Ինչը եւս չկա պահանջի մեջ: Մի ուրիշ տեղ դիմորդը բանաձեւը ներկայացրել է սինուսի միջոցով, սակայն թերի են համարել՝ նշելով, որ կարելի էր նաեւ ներկայացնել կոսինուսի միջոցով, որը դիմորդը գրավոր նշել էր, եւ կոսինուսն արտահայտել սինուսի միջոցով: Մեկ այլ տեղ անտեսվել է շարադրված ազատ տատանումների ներդաշնակ լինելու պայմանը: Կա մի հարց էլ, որտեղ դիմորդը հարցի մեծ մասը ներկայացրել է, սակայն գնահատվել է «0»: Բողոքարկման ժամանակ դիմորդի բացատրությունները հանձնաժողովականները գրեթե չեն լսել՝ խորհուրդ տալով դիմել ավելի բարձր: Իսկ ավելի բարձրում՝ Հանրապետական ընդունող հանձնաժողովում, ընդունել են կրկնակի բողոքարկման դիմումը եւ դիմորդին հաջորդ օրը մի որոշակի ժամի կանչել ՀԸՀ: Այստեղ էլ դիմորդը հանդիպել է, ոչ ավել, ոչ պակաս՝ մի ցուցակի, որտեղ նշված է եղել նաեւ իր անփոփոխ գնահատականը: Հ. ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել