Լրահոս
Օրվա լրահոսը

Բնակիչները խնդրում են վերանայել որոշումը

Օգոստոս 02,2003 00:00

Բնակիչները խնդրում են վերանայել որոշումը Կառավարության որոշման համաձայն, լուծարման շեմին է կանգնած Հին Նորքի Գ. Սունդուկյանի անվան թիվ 26՝ 143 տարվա պատմություն ունեցող միակ դպրոցը։ Դպրոցի շենքը վերակառուցվել է Նորքի բնակիչների ձեռքով, 1934թ. «Սիմոն Ծերունի» եկեղեցու քարերով։ Հինավուրց դպրոցի աշակերտները պետք է հաճախեն Նորքի տարածքի հետ բոլորովին կապ չունեցող Մարաշի 124 դպրոցը։ Ինչպես հայտնի է, Հին Նորքը գտնվում է քաղաքից կտրված մի բարձունքի վրա։ Ձմռան ամիսներին չափազանց դժվարանում է բնակչության կապը քաղաքի մյուս թաղամասերի հետ, բնականաբար, դժվար է նաեւ օգտվել Մարաշի թ. 124 դպրոց տանող ճանապարհից, ուր պատրաստվում են տեղափոխել թիվ 26 դպրոցի երեխաներին։ Տարվա մյուս եղանակներին էլ է շատ վտանգավոր։ Այդ ճանապարհը ծուռումուռ է, շատ նեղ, ունի երեք խաչմերուկ, չունի մայթեր, որոշակի հատված չբնակեցված լինելով՝ հաճախ կարելի է հանդիպել թափառող շների։ Դպրոցը Հին Նորքի համար ոչ միայն կրթօջախ, այլ նաեւ մշակույթի եւ բոլոր տեսակի միջոցառումների կենտրոն է, իսկ մարզադաշտը՝ թե՛ երեխաների եւ թե՛ մեծահասակների սպորտային մարզաձեւերով զբաղվելու միակ վայրն է։ Այստեղ տեղին է հիշել, որ Նորքում կար հարուստ գրադարան, որը մութ ու ցուրտ տարիներին լուծարվեց, հիմա շենքը վեր է ածվել աղբանոցի, իսկ բնակիչները զրկվել են իրենց հրաշալի գրադարանից։ Այս բոլորի մասին բազմիցս ահազանգվել է համապատասխան մարմիններին։ Ծնողների, ուսուցիչների, աշակերտների կողմից դիմումներ, նամակներ են հղվել վերանայելու վերոհիշյալ որոշումը։ Պատասխան կամ չի եղել, կամ լուրջ չվերաբերվելով փաստերին, հերթապահ մի քանի նախադասությամբ մերժվել է։ Կրկին ու կրկին Նորքի բնակչությունը դիմում է պատասխանատու մարմիններին, հաշվի առնել, որ խոսքը վերաբերում է 120-ից ավելի աշակերտների անվտանգությանը եւ ճակատագրին, թույլ տալ նրանց առանց վայրիվերումների ապրել մանկության եւ պատանեկության լավագույն տարիները։ Բնակչությունը խնդրում է վերանայել վերը նշված որոշումը եւ այն կայացնել ի նպաստ 150 աշակերտների եւ բազմաթիվ բնակիչների։ Նորքի մի խումբ բնակիչներ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել