Լրահոս
Օրվա լրահոսը

«ՋՐՀԵՂԵՂԻՑ ԱՌԱՋ ՎԱՐԿ ԷԻՆՔ ՏԱԼԻՍ»

Օգոստոս 02,2003 00:00

«ՋՐՀԵՂԵՂԻՑ ԱՌԱՋ ՎԱՐԿ ԷԻՆՔ ՏԱԼԻՍ» «Առավոտին» ուղղված նամակները բաց էին եւ թափանցիկ Մեր թերթին հասցեագրված նամակները (մայիսից-հունիս) «ընտրական» բովանդակություն ունեին։ Դրանք սկսվում էին այսպես. «Բաց նամակ գործող նախագահին» կամ… «Բաց նամակ ԱԺ պատգամավորության թեկնածու այսինչյանին»։ Ետընտրական նամակների հոսքը սկսվեց կառավարության ձեւավորումից հետո։ Դրանք այլեւս «բաց նամակ»-ով չեն սկսվում, այլ «բողոք-ահազանգ»-երով։ Հուլիսին ստացված 35 նամակներից 24-ը ուղղված էր ՀՀ գլխավոր դատախազությանն ու արդարադատության նախարարությանը, 4-ը սպառնալիքներ էին «Առավոտի» առանձին հրապարակումների կապակցությամբ, մեկը քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներից էր, մնացածը քաղաքացիների նամակներն էին, խնդրանք թերթին՝ օգնել իրենց։ «ՀՀ սովամահության դատապարտված թոշակառուների անունից» Ջ. Սերգոյանը գրում է. «Չկա պետական բյուջե, կա միայն գրպանային բյուջե։ Եթե ձեզ փող է պետք, «այն ծնվում է», ինչպես երեւաց ընտրությունների ժամանակ քամուն տված միլիարդներով։ Ինչո՞ւ իզուր տեղը վատնեցիք այդքան գումար, որտեղի՞ց էիք այն ձեռք բերել»։ ՀՀ սովամահները պահանջում են բարձրացնել իրենց թոշակները, հասցնել սպառողական զամբյուղի մինիմումին՝ ամենացածրը 50 հազար դրամ, որպեսզի դրանով կարողանան վճարել պետության նշանակած էլեկտրաէներգիայի, ջրի եւ մյուս ահռելի գումարները եւ «մեզ չոր հացի եւ թեյի գումար կմնա»։ «ԹԷՉ» ԱԲԸ Սեւանի ներկայացուցչության տնօրեն Աշոտ Ավետիսյանի նամակը հետաքրքիր խորագիր ունի. «Անեծք նրա չար գործին»։ «Անեծքում» գրված է, որ «ԹԷՉ»-ը մինչեւ 1995թ. որեւէ պրոբլեմ չի ունեցել, ինչպես «Աստվածաշնչում է ասվում. ջրհեղեղից առաջ գործարք էինք կնքում, վարկ էինք տալիս, պետական բյուջեին մուծումներ կատարում»։ 1995-ին անբարեխիղճ վարկառուների մեղքով նամակագիրն ընկնում է ֆինանսական ծանր կացության մեջ։ Ստիպված դիմում է դատարան, որը ամիսներով գործը վարույթ չէր ընդունում։ 1996-ից դատարանը բավարարեց ներկայացուցչության հայցերը եւ գործը հասավ «ստվերային դատարանի»՝ Դատական ակտերի հարկադիր կատարման վարչության պետ, էքս-ավագ կատարածու Լյովա Թորոսյանին, որը «կախարդ Կիրկեի փոխարեն տոն էր տալիս»։ Մինչ օրս դատարաններում վարկառուների դեմ դատերը շահած քաղաքացին չի կարողանում վնասի գումարները ստանալ։ «Խնդրում եմ տպագրեք սույն բաց բացարկը ձեր մոտ եղած մեր վերաբերյալ նյութերի հետ միասին»։ Վարդենիսի ուղղիչ-աշխատանքային տեսչության նախկին պետ, մայոր Սարգիս Մխիթարյանը իր նամակում խոստացել էր 2 գլուխ կով՝ իր նկատմամբ կատարված հանցագործությունը բացահայտելու համար։ Ուշագրավ է, որ Ս. Մխիթարյանը պնդում է, որ իրենից ոստիկանության շտաբի աշխատակից Ա. Ելոյանը 100 ԱՄՆ դոլար կաշառք է պահանջել։ Նամակագրի դիմումների հիման վրա «նախապատրաստված նյութերով» Ա. Ելոյանի նկատմամբ քրգործ չի հարուցվել «հանցադեպի բացակայության» պատճառով։ Փոխարենը ոստիկանության աշխատակցին (նամակագրին) հեռացրել են համակարգից եւ նա չի վերականգնվել մինչ օրս։ «Դատարանն անուղղակիորեն ապացուցում է, որ անցումային փուլում կաշառք պահանջելը օրինական արարք է, իսկ այն չտալը՝ պատժելի արարք»։ «Առավոտի» նամակագիրը խնդրում է «վերին ատյանի դատարանից՝ Երուսաղեմից տեղափոխվել Երեւան եւ կայացնել արդարացի որոշում՝ իր անձի հետ կապված»։ Վանաձորից Հասմիկ Գրիգորյանն իր նամակ-բողոքում տեղեկացնում է, որ դիմել է վճռաբեկ դատարան։ Նրա նախկին փեսան՝ Հարություն Ղամբարյանը իրենից «մաս-մաս, շարունակաբար» գողացել է 7000 ԱՄՆ դոլար եւ 6 կտոր ոսկյա զարդեր՝ 228500 դրամ արժողությամբ։ Փեսան դատապարտվել է 4 տարի ազատազրկման։ «Հակառակ այս ամենին, դատարանը վճռել է, որպես լրացուցիչ պատժամիջոց, բռնագրավել նրա անձնական գույքը՝ հօգուտ պետբյուջեի։ Իմանալով, որ ամբաստանյալը չունի անձնական գույք եւ միջոցներ, դատարանը ուշադրություն չի դարձրել եւ չի գնահատել ամբաստանյալի ցուցմունքների հավաստիությունը»։ «Առավոտի» հուլիսյան ամենաճնշող նամակը 10 տարի ազատազրկման դատապարտված Գեւորգ Հակոբյանինն է։ 2002թ. փետրվարի 22-ին ՊՆ զորամասերից մեկում սպանվել է Հովհաննես Հովհաննիսյանը, որի սպանության մեջ էլ մեղադրվում է նամակագիրը։ Վերջինս հայտնում է, որ ինքը չի ճանաչել Բժիշկ մականունով այդ տղային, ուշադրության արժանի է այն հանգամանքը, որ սպանվածի վրա առկա են եղել բութ գործիքի հարվածներ, հագուստի վրա՝ երկու անցք, որոնք հրազենային չեն եւ պոկված կոճակներ։ «Թերթը գուցե հնարավորություն ունենա պարզելու առաջադրված մեղադրանքի դրդապատճառները»։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել