Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայփոստը» եւ ծննդյան օրվա անակնկալը

Օգոստոս 02,2003 00:00

«Հայփոստը» եւ ծննդյան օրվա անակնկալը Խմբագրություն դիմած «Հայփոստի» ծառայությունից օգտվող հերթական բողոքարկուն 2001թ. երկու անգամ 2 կգ քաշով ծանրոց է ուղարկել Գերմանիայի Համբուրգ քաղաքում ապրող իր աղջիկներին։ Երկու ծանրոցներում էլ քաղաքացին տեղադրել է 155 հազար դրամ ընդհանուր արժողության ոսկյա զարդեր՝ զավակների ծննդյան տոներին նվեր։ Սակայն փաթեթների «ոսկյա պարունակությունը» չի հայտարարագրել։ Զարդերն ուղարկվել են կոնֆետի թղթերի եւ արեւածաղկի պարկիկների մեջ տեղավորած։ Թիվ 1 փոստի բաժանմունքում առաքվող նվերները փաթեթավորել են աշխատակիցները՝ համապատասխան ստուգումից հետո։ 12 օր անց բողոքարկու Լ. Վիրաբյանի աղջիկը Համբուրգից «ավետել» է, որ ծանրոցը ստացել է առանց ոսկյա իրերի եւ կոնֆետների մի մասի, իսկ տուփի դատարկությունը լրացվել է պոլիէթիլենային փաթեթավորման նյութով։ Նաեւ տեղեկացրել է, որ Համբուրգի փոստային բաժանմունքում իրեն պատասխանել են, թե ծանրոցը դատարկվել է մինչեւ Գերմանիա հասնելը։ Երեւանի ծանրոցների տեսակավորման եւ փոխադրման կենտրոնի պետ Ա. Խաչատրյանն էլ իր հերթին Վիրաբյանին համոզել է, թե՝ դա կատարվել է Գերմանիայում։ Առաջին ծանրոցի մութ պատմությունը չբացահայտված, Գերմանիայից հետ է վերադարձել երկրորդ ծանրոցը՝ կրկին առանց «ոսկյա մասի»։ Հետագայում արված հարցմանն ի պատասխան, Համբուրգի փոստից ասվել է, որ «հասցեատերն ընդունել է առաքումն առանց վերապահումների, այդ իսկ պատճառով մենք ոչ մի պատասխանատվություն չենք կրում»։ Կատարվածի համար քաղաքացին բողոք է հղել վարչապետ Ա. Մարգարյանին, կապի եւ տրանսպորտի նախարար Ա. Մանուկյանին, խնդրելով միջոցներ գտնել վերադարձնելու իր կրած 155 հազար դրամ նյութական վնասը։ Պատասխանը եկել է «Հայփոստ» ՊՓԲԸ գլխավոր տնօրեն Վ. Առաքելյանի ստորագրությամբ. «Ուղարկողը թաքցրել է առաքանու մեջ ոսկու եւ թանկարժեք քարերի առկայությունը, չի հայտարարագրել եւ գնահատել ներդրանքը (ծանրոցի պարունակությունը- Ռ. Ա.)», բացի այդ, «ուղարկողը ձեւ 3 անդորրագրում չի պահանջել նշելու փաթեթի քաշն ու վճարված գումարի չափը («Փոստային կանոններ»-116 հոդված)»։ Այդ իսկ պատճառով «հնարավոր չէ ճշտել ուղարկված առաքանու իրական քաշն ու փաստացի ներդրանքը, ուստի եւ «Հայփոստ» ՊՓԲԸ-ն կատարվածի համար պատասխանատվություն չի կրում»։ Այս պատասխանում, որը տրվել է 2001 թվականի հոկտեմբերի 27-ին, հստակ ու պարզ քաղաքացուն հասկացնում են, որ նա պարտավոր է անգիր իմանալ փոստային բոլոր կանոնները, եւ նրա, ոչ թե փոստի աշխատակցի անտարբերության պատճառով են սխալ լրացվել անդորրագրերը, ինչի հետեւանքով էլ քաղաքացին զրկվել է իր կորստի փոխհատուցման իրավունքից։ «Եթե թաքցրել եմ, թող ինձ պատասխանատվության ենթարկեն օրինախախտման համար, ոչ թե գրպանեն զարդեղենն ու պատճառաբանություններ հորինեն»,- զրույցի ժամանակ ասաց բողոքարկուն։ Ի դեպ, Լ. Վիրաբյանի՝ վարչապետին ուղղված կրկնակի դիմումից հետո, 2002-ի մայիսին, նույն գլխավոր տնօրենն արդեն պատճառաբանություններից զատ հայցում է քաղաքացու ներողամտությունը փաթեթը վնասված վիճակով հասցնելու համար եւ խոստանում մասնակի փոխհատուցում՝ 30 ՀՓԻ (հատուկ փոխանակման իրավունք) համարժեք դրամ։ Ասենք, որ քաղաքացու բոլոր փորձերը՝ ճշտելու գումարի չափն ու ստանալու այն, անցել են անհաջող։ «Հայփոստից» ճշտեցինք, որ 1 ՀՓԻ-ն կազմում է միջին հաշվով 1,5 դոլար կամ 800 դրամ։ Լ. Վիրաբյանը նաեւ տեղեկացրեց, որ «մինչ այդ ես մի քանի անգամ ոսկե զարդեր եմ ուղարկել աղջիկներիս եւ ոչ մի խնդիր չի ծագել, ոչ մի բաժանմունքում ինձ չեն ծանոթացրել առաքման համար անթույլատրելի իրերի ցանկին, ես էլ որոշել էի կոնֆետի ու արեւածաղկի սերմի թղթերով փաթեթավորված անակնկալներ մատուցել՝ որպես ծննդյան օրվա նվեր»։ ՌՈՒԶԱՆ ԱՐՇԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել