Լրահոս
Օրվա լրահոսը

OTE-Ն՝ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՄԻՋՆՈ՞ՐԴ

Օգոստոս 02,2003 00:00

OTE-Ն՝ «ԱՐՄԵՆՏԵԼԻ» ՄԻՋՆՈ՞ՐԴ Առանձին հաշվարկներով, իր գործունեության մոտ վեց տարում «ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ն՝ ոլորտի հայաստանյան տարբեր ընկերությունների հետ հարաբերություններ է պարզել 30 դատավարական պրոցեսների միջոցով։ Դրանցից որոշների վերաբերյալ դատարանի կայացրած որոշումներով «ԱրմենՏելը» հակառակ կողմին պարտավորվել է վճարել մոտ երկու միլիոն դոլար։ Ամենակոպիտ հաշվարկներով անգամ, իր գործունեության ողջ ընթացքում «ԱրմենՏելը» Հայաստանի բյուջեին 100-ավոր մլն դոլարների վնաս է հասցրել՝ կորսված ներդրումների տեսքով։ Ընկերությունը, ըստ որոշ գնահատականների, ոչ միայն իր խոստացած գումարները չներդրեց, այլեւ պարարտ դաշտ ստեղծեց, որպեսզի այլ ներդրողները եւս խուսափեին մեր երկրի այդ ոլորտում ծրագրեր իրագործելուց, որովհետեւ ռիսկայնությունը բավականին մեծ էր։ Այս ամենի արդյունքում, գերակա ճյուղ հայտարարված տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեծ թափով հետընթաց ապրեց։ Համեմատության համար նշենք, որ հարեւան Ադրբեջանում, որտեղ ոլորտը գերակա ճյուղ չէ, տարեկան 300 մլն դոլարի ներդրումներ են կատարվում (տվյալները վերցված են ինտերնետից)։ Բջջային ցանցի բաժանորդներն Ադրբեջանում 650 հազար են, իսկ մեզ մոտ այդ թիվը հազիվ 50 հազարի է հասնում։ Եթե նկատի ունենանք, որ մեր ազգաբնակչությունը մոտ երեք անգամ քիչ է հարեւան երկրի բնակչությունից եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը մեզանում կառավարական մակարդակով համարվում է գերակա ճյուղ, ուստի տարեկան ներդրումները գոնե 100 մլն դոլարի պետք է հասնեին։ Մինչդեռ OTE-ն «ԱրմենՏելի» միջոցով ուղղակի եւ անուղղակի ձեւերով շարունակում է վնասներ պատճառել Հայաստանին։ Մեր ունեցած տեղեկություններով, «ԱրմենՏելը» միջազգային տրաֆիկներն (հեռախոսազանգեր, հեռախոսազրույցներ) ապահովում է երրորդ ընկերության միջոցով։ Վերջինս ոչ այլ ոք է, քան հունական OTE ընկերությունը։ Դեռեւս Լամբրիանուսից սկսած (նա հռչակավոր Նիկաս Յորղուլասից առաջ «ԱրմենՏելի» գլխավոր գործադիր տնօրենն էր), միջազգային տրաֆիկների բոլոր պայմանագրերը տարբեր երկրների հետ կնքվել են OTE ընկերության կողմից։ Դա ուղղակիորեն նշանակում է, որ այդ կերպ կուտակվող գումարները տնօրինում է OTE-ն՝ «ԱրմենՏելին», իբրեւ կապն ապահովողի, փշրանքներ «հատկացնելով»։ Իսկ մեր խեղճ ու կրակ երկրի նույնքան խեղճ ու կրակ բյուջեին ոչինչ չի հասնում։ Եթե սույն պայմանագրերը կնքվեին «ԱրմենՏելի» կողմից, այդ շահույթները, որոնք, ի դեպ, բավականին մեծ են եւ շարունակական բնույթ են կրում, նախ պետք է հարկվեին (որն էլ կլիներ բյուջետային մուտքերը), ապա մաքուր եկամուտը կբաշխվեր բաժնետերերի միջեւ։ Զուտ ֆինանսական կամ հաշվապահական մասով այստեղ ֆորմալ խախտումներ չկան, հետեւաբար հարկային մարմիններն, ինչպես ասում են, անելիք չունեն։ Կարծարծվի այս խնդիրը կայանալիք բաց ժողովի ժամանակ, թե ոչ, ովքեր կարծարծեն՝ պարզ չէ։ Սակայն «ԱրմենՏելի» հասարակայնության հետ կապերի վարչությունից ըստ էության հերքեցին «միջնորդ կազմակերպության մասին» մեր տեղեկությունները, սակայն փաստեր չներկայացրին։ Տեղեկացրին, որ բոլոր պայմանագրերը կնքվում են «ԱրմենՏելի» կողմից անմիջապես մատակարարողի հետ՝ առանց միջնորդների։ Միաժամանակ, առայժմ հրաժարվեցին պայմանագրերը եւ այդ մասով բյուջետային մուտքերի մասին տվյալներ տրամադրել «օգոստոսի 25-ից հետո, երբ տնօրենները արձակուրդից կվերադառնան»։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել