Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիեւն ու Քոչարյանը այլեւս երբեք չե՞ն հանդիպի

Օգոստոս 02,2003 00:00

Ալիեւն ու Քոչարյանը այլեւս երբեք չե՞ն հանդիպի Հեյդար Ալիեւի ողջ կամ արդեն վախճանված լինելու մասին ստացվող հակասական հաղորդագրություններն սկսել են դետեկտիվ ժանրին բնորոշ գծեր ձեռք բերել։ Լինելով ԽՍՀՄ ԿԿԿԿ քաղբյուրոյի վերջին մոհիկաններից մեկը, Ալիեւն, ըստ էության, աշխարհին հրաժեշտ է տալիս քաղբյուրոյական հին ավանդույթներին միանգամայն հավատարիմ՝ դանդաղ եւ խիստ գաղտնի։ Իսկ այդ հանգամանքն, իր հերթին, պատճառ է դարձել, որ միջազգային լրատվամիջոցները, մասնավորապես, թուրքական եւ ադրբեջանական թերթերը, վերջին օրերին մի քանի անգամ գուժեն Ադրբեջանի նախագահի մահն ու կարճ ժամանակ անց հերքեն այդ տեղեկատվությունը։ Երեկ, ժամը 15.30-ին Հեյդար Ալիեւի մահվան մասին հաղորդագրություն է տարածել անգամ պաշտոնական Թբիլիսին։ Սակայն րոպեներ հետո այստեղ եւս հերքել են այդ լուրը։ Ինչպես հաղորդում է «Մեդիամաքսը», Վրաստանի նախագահի մամուլի քարտուղար Կախա Իմնաձեն Թբիլիսիում բրիֆինգի ժամանակ հայտարարել է, որ ազգային անվտանգության խորհրդի նիստի ընթացքում նախագահ Էդուարդ Շեւարդնաձեին զեկուցել են Հեյդար Ալիեւի մահվան մասին։ 5 րոպե անց Կախա Իմնաձեն հրավիրել է երկրորդ բրիֆինգը եւ ասել, որ Ադրբեջանի նախագահի վախճանվելու մասին տեղեկատվությունը չի հաստատվել։ Անկարայի «Գյուլհանե» կլինիկայից ստացվող տեղեկությունները, բնականաբար, ծայրահեղ սուղ են։ Հայտնի է դարձել, որ բժիշկները խորհուրդ են տվել Ալիեւին ոչ մի պարագայում դուրս չգրվել կլինիկայից։ «Թուրան» գործակալությունը, հենվելով NTV թուրքական հեռուստաալիքին, հաղորդում է, որ ըստ բժիշկների, Ալիեւի կենսունակությունը պահպանող սարքերն անջատելու դեպքում, վերջինս պարզապես չի դիմանա Անկարա-Բաքու թռիչքի ծանրաբեռնվածությանը։ Այս ամենի ֆոնին զավեշտական են հնչում Բաքվի պաշտոնական խողովակներից ստացվող հաղորդագրությունները։ Անկարայում Ադրբեջանի դեսպան Մամեդ Ալիեւը «Ինտերֆաքս- Ադրբեջան» գործակալությանը հայտնել է, թե նախագահ Հեյդար Ալիեւի առողջական վիճակը նորմալ է, եւ նա ներկայումս բժիշկների հետ խորհրդակցում է իր Բաքու վերադարձի ժամկետների շուրջ։ Վերջին օրերին Ադրբեջանի որոշ ընդդիմադիր թերթերում Ալիեւի մահվան մասին տպագրված հաղորդագրությունները դեսպանը որակել է իբրեւ «զրպարտանք՝ ուղղված Ադրբեջանի ներքաղաքական վիճակի ապակայունացմանը»։ «Ուրբաթ օրը, թուրքական ժամանակով ժամը 10-ին ես անձամբ եմ հանդիպել նախագահին եւ կարող եմ հավաստիացնել, որ նա լավ ինքնազգացողություն ունի»,- ընդգծել է Մամեդ Ալիեւը։ Հակասական են նաեւ Հեյդար Ալիեւի ընտանիքի անդամների մասին ստացվող տեղեկությունները։ Այսպես. ընդամենը երկու օրվա ընթացքում թուրքական եւ ադրբեջանական մամուլում նախ ակնարկներ սպրդեցին այն մասին, որ Ադրբեջանի նախագահի հարազատներն ու մերձավորները հապշտապ արտասահման են տեղափոխում հսկայական գումարներ ու նաեւ իրենք են պատրաստվում մեկնել, ապա լուրեր տարածվեցին, որ Ալիեւի ընտանիքը, վերջինիս կամքին հլու, որոշել է ցանկացած պարագայում նրան վերադարձնել Բաքու՝ «հայրենիքում հանգչելու»։ Ինչեւէ, հակասական տեղեկությունների հոսքը շարունակվում է եւ, ըստ ամենայնի, այս հարցի շուրջ հստակություն կմտնի միայն քաղբյուրոական ձեւակերպմամբ՝ Ալիեւի վերջնական ու անշրջելի մահից հետո։ ՏԻԳՐԱՆ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել