ԶԼՄ-ՆԵՐԻՆ ՊԱԿԱՍՈՒՄ Է ՀԱՄԵՐԱՇԽՈՒԹՅՈՒՆԸ Հարցազրույց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Ռոյ Ռիվի հետ – Ձեր գրասենյակը Ա1+-ի կապակցությամբ տարբեր ժամանակներում հայտարարություններ է անում, բայց որեւէ բան չի փոխվում: Ձեր կազմակերպությունը գուցե հեղինակություն չունի՞ մեր երկրում, եւ դա՞ է պատճառը, որ չի ազդում։ – Դա անհավանական է հնչում։ ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի կամ Եվրամիության պես կազմակերպությունների հավաքական ազդեցությունը պրոբլեմների վրա ուշադրություն հրավիրելով՝ այստեղ փոփոխություններ առաջացնելն է։ Նկատի ունեմ, որ մենք մահակ կիրառող չենք։ Մենք աշխատում ենք համոզելով, դիվանագիտությամբ։ Բայց մեր միասնական ջանքերն ի վերջո փոփոխությունների կհանգեցնեն։ Դրսի ոչ մի ուժ նման ազդեցություն չի կարող ունենալ ինքնավար պետության վրա։ Արդյունքն այն է, որ եթե Հայաստանն ուզում է միանալ Եվրոպական կառույցներին, նրա համար այդ գործընթացը գնալով ավելի է դժվարանալու։ Նույնիսկ կարող են զրկել անդամակցությունից։ Հայաստանն ու նրա ժողովուրդը պետք է ընտրեն իրենց ճանապարհը, իրենց տնտեսության, հասարակության զարգացման ուղին։ Ուրիշ ոչ մեկը չի կարող դա անել։ Մենք կարող ենք աջակցել, ուղենշել, խորհուրդ տալ, բայց Հայաստանն ինքը պետք է ընտրի իր ապագան։ – Ինչ-որ պահի մտածում եմ, որ Ձեր հայտարարություններն իսկապես ավելորդ են եւ ոչ մի բանի վրա չեն ազդում, ընդհակառակը, վատ ներգործություն են ունենում: Մանավանդ որ այդ հայտարարություններից հետո հակառակ ռեակցիա է լինում: – Հայաստանը ԵԱՀԿ անդամ է եւ որոշակի պարտավորություններ է ստանձնել, հետեւաբար, եւ պետք է կատարի դրանք։ Դա այդպես է Հայաստանի, Ադրբեջանի, ԱՄՆ-ի, յուրաքանչյուրի համար։ Մեր դերն է հրապարակայնացնել եւ ցույց տալ չկատարված պարտավորությունները։ Դա է ԵԱՀԿ-ի, Եվրախորհրդի, Եվրամիության դերը։ Մենք ունենք սկզբունքներ, եւ եթե անդամ պետությունները չեն հետեւում դրանց, հետեւում է ճնշումը։ – Դուք շատ եք շփվում հայկական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ: Ի՞նչ է պակասում նրանց, ի՞նչն է լավ կամ ի՞նչն է վատ: – Համերաշխությունն է պակասում: Պետք է ջարդել մի քանի լրագրողական կազմակերպությունների միջեւ առկա մերժողական վերաբերմունքը եւ միասին ձայն բարձրացնել մասնագիտական կարեւոր խնդիրների համար։ Պետք է միասին լինեն, քանի որ մյուս կողմի համար շատ հեշտ է նրանց մասնատելը։ Այնուհետեւ, նրանք պետք է անցնեն բողոքի պայքարի։ Դուք պետք է պատրաստ լինեք խոսելու եւ ընդդիմությանը եւս ներգրավելու քննարկումների մեջ՝ առանց մի կողմ քաշվելու։ Առաջին պրոբլեմը ԶԼՄ-ի սեփականատերերի խնդիրն է։ Ընդհանրապես, դա ամբողջ աշխարհում տարածված խնդիր է։ Երկրորդը՝ լրագրողական էթիկայի խնդիրն է։ Բոլորը պետք է ներգրավվեն օրենքների մշակման, քննարկումների գործընթացում: Դուք չեք կարող բոյկոտել, մի կողմ քաշվել։ Վերցնենք մի օրինակ. «Ա1+»-ին եւ «Նոյյան Տապանին» առնչվող բոլոր դատական գործընթացները իշխանությունների ձեռքին արդյունավետ գործիք էին խնդիրը մեկ տարի հետաձգելու համար։ Բայց այդպես չէր լինի, եթե բոլորն իրենց ջանքերը միացնեին եւ գործեին միասին։ Կարծում եմ՝ «Ա1+»-ի հարցն այդ պարագայում ավելի շուտ կարելի էր լուծել։ – Ի՞նչ ճանապարհներ եք տեսնում Ձեր նշած խնդիրները լուծելու, ինչ-որ ճանապարհ կա՞: – Մենք արդեն պայմանավորվածություն ունենք աշխատելու օրենսդրական փոփոխությունների վրա, որոնք շատ պրոբլեմների հիմքն են։ ԶԼՄ-ները պետք է միավորվեն մեկ միասնական թիմում, որպեսզի հասնեն այդ նպատակին։ Դա նշանակում է նստել նույն սեղանի շուրջ այն մարդկանց հետ, որոնց նույնիսկ չեք սիրում, չեք վստահում, կամ կասկածում եք։ Պետք է անեք դա, հակառակ դեպքում՝ երբեք առաջ չեք գնա։ – Ես ինքս դեմ եմ այդ օրենքներին, կոնկրետ մամուլի մասին օրենքին, որովհետեւ դրանով մեր գլխին նոր փորձանք ենք բերելու: – Հենց Ձեր այս վերաբերմունքն է իմ կարծիքով հանգեցրել այն վիճակին, որում հիմա հայտնվել են ԶԼՄ-ները: Օրենքը, միեւնույնն է, կընդունվի, քանի որ դա Հայաստանի կառավարության ստանձնած պարտավորություններից մեկն է։ Հիմա եթե ընդհանրապես չմասնակցեք պրոցեսին, ապա վատ օրենք կընդունվի։ Եթե մի կողմ քաշվեք ու բոյկոտեք, փաստորեն դուք էլ մեղավոր կլինեք վատ օրենք ընդունելու մեջ։ Ես գիտեմ, որ կա այդպիսի դառը փորձ, երբ ձախողվել է, բայց միեւնույնն է, պետք է նորից փորձել: Դա առաջ շարժվելու միակ ձեւն է։ Չարժե նստել մի կողմում եւ մեղադրել բոլորին սխալների համար։ – Այստեղ օրենքի խնդիրը չէ։ Ուղղակի օրենքները չեն գործում Հայաստանում: Մենք փայլուն օրենքներ ունենք, բայց դրանք չեն գործում: Միջազգային կազմակերպությունները արդեն նման օրենքի վրա աշխատել են: Վերցնենք «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքը, դա հենց Ձեր նշած համագործակցությամբ է ստեղծվել. միջազգային փորձագետներ, հասարակական կազմակերպություններ եւ կառավարություն: Եվ մենք գիտենք, թե դա ինչ օրենք է: Հիմա էլ «Մամուլի մասին» օրենքը, ոչ բանիմաց փորձագետներ են գուցե եղել, չգիտեմ: Միակ բանը, որ կարող են անել միջազգային կազմակերպությունները, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելն է։ Եվ երկրորդը՝ համակարգելը։ Բայց եթե միայն մի կողմը մասնակցի այս գործընթացին, ասենք՝ միայն կառավարությունը կամ՝ միայն Ազգային ժողովը, ապա անիմաստ է։ Եվ դուք կունենաք օրենքներ, որոնց արժանի եք՝ դրանց մշակմանը չմասնակցելով։ Միջազգային կազմակերպությունները չեն կարող պարտադրել օրենքներ կամ լուծումներ ազգային կառավարություններին։ Մենք կարող ենք ավելի լավ ուղիներ ցույց տալ եւ աշխատել, որ դրանք հասանելի լինեն։ Դա կիրականանա, եթե բոլոր շահագրգիռ կողմերը մասնակից դառնան։ Սա ոչ թե հեղափոխության, այլ մասնակցության կոչ է: Հարցազրույցը՝ ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ www.hetq.am էջում